Ապավինե՛նք զորավոր խաչին. Տեր Շահե քահանա Հայրապետյան

Ապավինե՛նք զորավոր խաչին. Տեր Շահե քահանա Հայրապետյան

Երևումն Սուրբ Խաչի 
 

Ապրիլի 28-ին Հիսուս Քրիստոսի խաչափայտի մասունքը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից կբերվի Արարատյան Հայրապետական թեմի Արաբկիրի Սուրբ Խաչ եկեղեցի, կմատուցվի տոնական Պատարագ. Հայ Եկեղեցին նշում է Սուրբ Խաչի երևման տոնը:


Վկայություն երկնքից


351 թվականին Երուսաղեմի երկնքում երևաց Սուրբ խաչի նշանը՝ Գողգոթայից ձգվելով մինչև Ձիթենյաց լեռը: Նրա նշանը շողաց Գողգոթայի վրա, որտեղ խաչվեց, լույսի ճառագայթները հասան Ձիթենյաց լեռան վրա, որտեղից համբարձվեց: 


Երևանի Սուրբ Սարգիս առաջնորդանիստ եկեղեցու խորհրդակատար Տեր Շահե քահանա Հայրապետյանի խոսքով՝ երկնային այդ պատկերը տեսնելուց հետո՝ շատերը դարձի եկան:

 



«Նշվում է, որ ցերեկվա երրորդ ժամին Սուրբ խաչափայտը փայլում էր արեգակից ավելի հզոր ճառագայթներով: Հայսմավուրքային տվյալները մեզ հուշում են, թե ինչպես է մարդկանց վրա երևացել խաչի նշանը: 3000-ից ավելի մարդ մկտրվեց Սուրբ Կյուրեղի ձեռամբ: Այդ Խորանը, որտեղ մկտրտվեցին գտնվում է Երուսաղեմի հայոց Սրբոց Հակոբյանց վանքում»,- նշում է քահանան:


Սքանչելի դեպքի մասին Երուսաղեմի Կյուրեղ պատրիարքը նամակով տեղեկացրել է Կոստանդին կայսերը: Վերջինս պաշտպանում էր արիոսականությունը: Պատրիարքը հորդորել է կայսերը՝ ետ կանգնել սխալ ճանապարհից:


Խաչը՝ հաղթության նշան, Երկնքի Արքայության բանալի
 

351 թվականին լուսավոր խաչը հույս ներշնչեց հազարավորներին, փաստեց՝  Աստված մեզ հետ է: Տերը շարունակում է խաչի լույսով ու ջերմությամբ լցնել մեր հոգիների դատարկությունը, մխիթարել ու զորացնել մարդկանց, առաջնորդել դեպի փրկություն:


Ժամանակին մահ, այսօր հույս, նոր կյանք է խորհրդանշում խաչը: Այն վերածվեց փրկության գործիքի՝ Քրիստոսի թափված արյամբ: 


«Խաչը հաղթության նշան է, բանալին է երկնքի արքայության»,- բացատրում է քահանան:


Սուրբ Խաչի երևման տոնը վերահաստատում է Քրիստոսի մշտական ներկայությունը մեր կյանքում: Խաչն առաջնորդում է մեզ դեպի հավերժություն, դեպի հավիտենական կյանք: Գողգոթան Հիսուսի խաչի ճանապարհի գագաթն է, Ձիթենյաց լեռը՝ այն գագաթը, որտեղից երկինք համբարձվեց Աստծո Որդին: Համբարձման լեռը կարծես երկնքի մուտքն է:
 

«Աշխարհաքաղական այս պայմաններում պետք է ապավինենք զորավոր խաչին: Խաչն այն սրբությունն է, որով պետք է փրկվենք: Կան արժեքներ, որոնք ժամանակավոր են: Մեր կյանքը, որն այդքան շատ ենք սիրում, նույնպես հեռանում է մեզնից: Կան արժեքներ, որոնք հավիտենական են՝ Աստված, Քրիստոսի Ավետարանը, խաչի զորությունը»,- ընդգծում է հոգևորականը: 


Հետևել խաչին, գնալ այդ ճանապարհով նշանակում է պայքարել ազնիվ նպատակների համար, ուժեղ ու քաջ լինել, նեղ ուղիներից ետ չդառնալ, չհանձնվել, քանի որ քրիստոնյայի կյանքը պայքարի մասին է:


Տեր Շահեն հիշեցնում է՝ Քրիստոսի Երկրոդ Գալստյանը դարձյալ պետք է երևա խաչի նշանը: 


«Նշվում է, որ բոլոր ազգերը լացուկոծ պետք է անեն: Այսինքն՝ մարդիկ ինչքան ուրացած պետք է լինեն խաչին, որ այն տեսնելով լաց լինեն՝ ուրախանալու փոխարեն»,- հավելում է քահանան:


Հայ Առաքելական Եկեղեցին Սուրբ Խաչի երևման տոնը նշում է Զատիկից 28 օր հետո՝ ապրիլի 19-ից մայիսի 23-ը, քանի որ Սուրբ Հարության տոնը շարժական է:


Անի Ավագյան

 
  • 2024-04-28
×