Պահպանելով ինքնությունը. Րաֆֆի Քորթոշյանի օրինակը

Պահպանելով ինքնությունը. Րաֆֆի Քորթոշյանի օրինակը

Չշարունակել ընթանալ ցեղասպանի գծած ճանապարհով, փոխել ուղին. տարիներ առաջ այս որոշումն է Րաֆֆի Քորթոշյանին հայրենիք բերել: Այժմ պայքարում է, որ չիրականանա հայկական հետքը ոչնչացնելու ծրագիրը:

 

 

«Հայաստանից դուրս ժամանակի հարց է հայերի ինքնության կորուստը»

 

Քորթոշյանի նախնիները վերապրել են հայոց ցեղասպանությունը, Արևմտյան Հայաստանի Խարբերդ նահանգից գաղթել, հասել են Սիրիա, Հալեպ: Տնից հեռու ընտանեկան զրույցները հայրենիքի ու կարոտի մասին էին: Սփյուռքում շատ է լսել դեպի հայրենիք վերադարձի ցանկության մասին, բայց խոսքերը միայն Արևմտյան Հայաստանի մասին էին, ոչ Հայաստանի Հանրապետության: 

 

«Ես չուզեցի շարունակել ցեղասպանի գծած ճանապարհը: Ցեղասպանը որոշել էր մեզ արտաքսել, հեռացնել մեր հայրենիքից և ժամանակի ընթացքում սպիտակ ջարդով վերջին բեկորները ընդմիշտ ոչնչացնել: Ես ուզեցի այդ ճանապարհից դուրս գալ՝ Հայաստանի Հանրապետություն գալով»,- նշում է Րաֆֆի Քորթոշյանը:

 

2006 թվականից տեղափոխվել է Հայաստան: Այժմ Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի փոխտնօրենն է: Կարծում է՝ արտերկրում հայ մնալը գրեթե անհնար է: Օրինակները շատ են, որ անգամ այն համայնքներում, որտեղ ժամանակին հայերը պահպանում էին իրենց ինքնությունը, այսօր դժվար է հայ գտնելը: Ոմանք պահպանել են միայն ազգանունը, ոմանք դա էլ են կորցրել: Նշում է՝ ի տարբերություն եվրոպական երկրների՝ Միջին Արևելքում հաստատաված հայերը ավելի քիչ են ձուլվում, սակայն այդ տարածքներից հիմնականում գնում են այլ երկրներ:

 

«Հայաստանից դուրս ժամանակի հարց է հայ մարդու ինքնության կորուստը: Հայկական ինքնությունը միգուցե մի քանի սերունդ պահպանվի, բայց միևնույն է, հայը Հայաստանից դուրս որտեղ էլ լինի, կձուլվի: Միայն այստեղ է հնարավոր պահպանել ու զարգացնել ինքնությունը: Հայաստանի Հանրապետության հզորացմամբ կարելի է հասնել պատմական արդարության, հայ ժողովրդի իղձերին»,- նշում է Քորթոշյանը:

 

Վտանգված հայկական հետքը

 

Տարիներ շարունակ Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամը պայքարում է պահպանելու հայկական հետքը: Պատմական Հայաստանի տարածքում նաև պատմական գաղթավայրերում գտնում են հայկական նյութական մշակույթի հուշարձանները, վավերագրում, ուսումնասիրում ու ներկայացնում: Ունեն հսկայական արխիվ, աշխատում են միջազգային ու համահայկական կազմակերպությունների հետ: Փոխտնօրենի խոսքով՝ հիմնադրամի նպատակը ստեղծումից ի վեր նույնն է: 

 

 

«Այսօր ավելացել է Արցախի ողջ տարածքը: Ներկայացնում ենք գիտական ուսումնասիրություններ, փորձում ենք հուշարձանները պահպանել ոչ միայն թղթի վրա, այլև թղթի միջոցով փրկել դրանք ոչնչացումից: Ներկայացնում ենք միջազգային հանրությանը, թե ինչ համաշխարհային արժեք ներկայացնող հուշարձաններ են վտանգված, որպեսզի կանգնեցվի Ադրբեջանի վանդալական գործունեությունը»,- նշում է հիմնադրամի փոխտնօրենը:

 

Մասնագետն ահազանգում է՝ Արցախում ոչնչացվում են հայկական գանձերը. օրինակները բազմաթիվ են: Վանդալիզմի մասին փաստում են արբանյակային բազմաթիվ լուսանկարներն ու ոչ միայն: 

 

«Մենք ունենք հարյուրավոր փաստեր, սակայն դրանք մի չնչին մասն են: Ավերումները շատ են: Ադրբեջանը շարունակաբար իրականացնում է այդ գործողությունները: Միշտ չէ, որ կարողանում ենք ունենալ տվյալներ: Արբանյակային լուսանկարներով հնարավոր է տեսնել պատկերը, սակայն խաչքարերի, գերեզմանոցների, տապանաքարերի ավերածությունները, եկեղեցիների վրայի արձանագրությունների քերումները չենք կարող տեսնել»,- նշում է նա:

 

 

 

Կան նաև ապացույցներ՝ ադրբեջանցիների կողմից նկարահանված, իրենք են ցույց տալիս իրենց բարբարոսությունները: Մասնագետի խոսքով՝ Խորհրդային տարիներից Ադրբեջանը ցույց է տվել, որ ունի խտրական վերաբերմունք հայկական հուշարձանների նկատմամբ: Շարունակ ուսումնասիրելով հայկական գանձերի ճակատագիրը՝ վստահ է՝ թշամի պետությունը կանգ չի առնելու: Խոսելով Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցու մասին՝ պնդում է, որ 7-րդ դարի նշանավոր հուշարձանի ճակատագիրը անորոշ կլինի սահմանին գտնվելով. 

 

«Ադրբեջանը շարունակելու է ոչնչացնել հայկական հուշարձանները, որտեղ իր ձեռքը հասնում է: Դրանց պաշտպանության ամենալավ ձևն այն է, որ այդ հուշարձանները ստեղծող ժողովուրդը բնակվի դրանց կողքին: Դրա միակ երաշխիքը մեր հզորությունն է, մեր ուժը»:

 

Մասնագետի կարծիքով՝ կարևոր է, որ մենք շարունակ բարձրաձայնենք Ադրբեջանի յուրաքանչյուր վանդալական գործունեության մասին, փաստերը հասցնենք միջազգային հանրությանը: 

 

Անի Ավագյան

 
  • 2024-04-24
×