Պատմական արդարության մեծ նվիրյալն ու ջահակիրը

Պատմական արդարության մեծ նվիրյալն ու ջահակիրը

Կենսագրություններ կան, որոնք միայն անձին չեն պատկանում: Դրանք ներհյուսված են ազգի ճակատագրին և պատկանում են մեր ազգի մշակույթի, գիտության պատմությանը: Նրանցից մեկը ականավոր ցեղասպանագետ, բանագետ, ժողովրդագետ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ գիտության վաստակավոր գործիչ Վերժինե Սվազլյանն է, որը ժողովրդի հիշողությունն ու պատմությունը անմար կանթեղի պես պահել ու փոխանցել է սերունդներին:

 

Ծնվել է 1934 թվականի մարտի 1-ին՝ Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաքում։ 1947-ին Սվազլյանների ընտանիքը հայրենադարձվել է Մայր Հայաստան։ 1956 թ. Վերժինե Սվազլյանը գերազանցությամբ ավարտել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտի պատմալեզվագրական բաժինը։ 1958-1961 թթ., հայտնի ակադեմիկոս Կարապետ Մելիք-Օհանջանյանի գիտական ղեկավարությամբ, ուսումը շարունակել է ԳԱ ասպիրանտուրայում՝ «Հայ ժողովրդական բանահյուսություն» մասնագիտությամբ։ Ասպիրանտական ուսումնառության ընթացքում եղել է Մ. Աբեղյանի անվան թոշակառու։ 1961 թվականից մինչև օրս աշխատում է ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտում, իսկ 1996-2004 թթ. հրավիրվել է նոր հիմնադրված ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ: 1996-2018 թթ. եղել է հիշյալ ինստիտուտներում, ինչպես նաև Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում գործող մասնագիտական խորհուրդների անդամ։

 

Նա իր արժանավոր մեծ հորից՝ ազգային-քաղաքական գործիչ Միհրան Սվազլյանից (Սվազլը) և Զմյուռնիայի աղետից մազապուրծ հորից՝ եգիպտահայ գրող, հրապարակախոս, ծաղրանկարիչ, հասարակական գործիչ Գառնիկ Սվազլյանից ժառանգել է ոչ միայն նրանց «Հայրենասիրությունը արժանապատվության խնդիր է» պատգամը, այլև նրանց գաղափարները: Նրա հայրը, լինելով հայրենադարձության և ազգահավաքի գաղափարախոսը, մեծ ազդեցություն է ունեցել դստեր հոգեգիտակցական աշխարհի ձևավորման վրա:

 

Սկսած 1955 թվականից՝ տակավին ուսանողական նստարանից, ավելի քան 65 տարիների ընթացքում Վ. Սվազլյանն անձնական նախաձեռնությամբ և արևմտահայի արյան կանչով գրառել, ուսումնասիրել և հրատարակել է Արևմտյան Հայաստանի, Կիլիկիայի և Փոքր Ասիայի ավելի քան 150 հայաբնակ տեղավայրերից տարագրվածների տարբեր բարբառներով հաղորդած ժողովրդական բանավոր ավանդույթի նշխարները։

 

Եվ այդ վիթխարի ժառանգության հետևում դժվարին կյանքի ճանապարհ կար՝ ազգին ու նրա պատմությանը անմնացորդ նվիրումի տարեգրությամբ…

 

Հայոց ցեղասպանության մասին բազմաթիվ ուսումնասիրություններ են լույս տեսել: Բայց նրանցում բացակայել է պատմության վկայի՝ ցեղասպանության ողբերգությունն ապրած ժողովրդի ձայնը՝ ականատես-վկա վերապրողների հուշ-վկայությունները, որոնք իրավարար վճիռ են ունենալու պատմական արդարության համար պայքարի գործում:

 

…Տիկին Սվազլյանի՝ Հայաստանի և Սփյուռքի գիտական հանդեսներում ու պարբերական մամուլում լույս տեսած շուրջ 500 գիտական և հրապարակախոսական հոդվածները, ընդ որում՝ տարբեր լեզուներով շուրջ 30 գրքերում ամփոփված են հայ ժողովրդի պատմական հիշողությունն ու բանավոր մշակույթի կորստից փրկված նշխարները:

 

Վերժինե Սվազլյանի՝ ավելի քան վեց տասնամյակ տևած այդ տքնաջան աշխատանքի ու նվիրումի արդյունքը «Հայոց ցեղասպանություն. Ականատես վերապրողների վկայություններ» ստվարածավալ կոթողային աշխատության առաջին հրատարակությունն է (2000 թ.), որտեղ  ներկայացված են մեր զավթված երկրի 150 տեղավայրերից բռնի տարագրված և աշխարհով մեկ սփռված ականատեսների վկայությունները: Հրատարակվել է նորանոր վկայություններով համալրված՝ արդեն 700 միավոր դարձած նրա «Հայոց ցեղասպանություն. Ականատես վերապրողների վկայություններ» (հայերեն և անգլերեն՝ 2011 թ., թուրքերեն՝ 2013 թ., Ստամբուլ) ծավալուն ուսումնասիրությամբ և բազմաբնույթ տեղեկատվական ցուցիչներ ու ծանոթագրություններ պարունակող, պատմաքաղաքական բացառիկ արժեք ներկայացնող սույն ստվարածավալ եռալեզու հատորները: Վերժինե Սվազլյանն այն գիտնականն է, որը բնորոշեց և գիտական հիմքի վրա դրեց հուշապատումի ժանրը, և սա նրա ներդրումներից մեկն է հայ բանագիտության ու ցեղասպանագիտության անդաստանում: Այդ հատորները լույս են տեսել ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի, նաև ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտական խորհուրդների որոշմամբ։

 

Այժմ նա աշխատում է «Արևմտահայոց թուրքալեզու բանահյուսությունը» ուսումնասիրության վրա, քանի որ գրառումների ընթացքում նրա ուշադրությունից չեն վրիպել նաև արևմտահայ բանասացների հաղորդած թուրքալեզու բանավոր նյութերը, որոնք ևս հայ ժողովրդի մշակութային հարստության մասն են կազմում:

 

Անընդգրկելի է Վերժինե Սվազլյանի՝ միջազգային գիտաժողովների մասնակցության աշխարհագրությունը՝ Ռուսաստան, Հունաստան, Ֆրանսիա, Իտալիա, Ավստրիա, Գերմանիա, ԱՄՆ, Կանադա, Լիբանան, Սիրիա, Եգիպտոս, Թուրքիա: Հաղթահարելով բազում խոչընդոտներ՝ ամենուր շարունակել է հետևողականորեն հայտնաբերել և գրանցել  Հայոց ցեղասպանության ականատես-վերապրողներին, նաև տարաբնույթ բարբառներով նրանց հաղորդած բանահյուսական նշխարները:

 

Վերժինե Սվազլյանի ծննդյան 90-ամյա հոբելյանն օրերս նշեցին գիտական լայն շրջանակներում՝ ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտում, ինչպես նաև Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում:

 

Նշենք, որ բազմավաստակ գիտնականն արժանացել է հայրենական և արտասահմանյան ավելի քան երեք տասնյակ պարգևների, այդ թվում՝ Հայոց ցեղասպանության ուսումնասիրության գործում նշանակալից ավանդ ներդնելու համար ՀՀ նախագահի Առաջին մրցանակի և «Ոսկե հուշամեդալի» (2006), «Մովսես Խորենացի» մեդալի (2013)։ 2016 թ. գիտության և կրթության բնագավառում ունեցած վաստակի համար շնորհվել է ՀՀ գիտության վաստակավոր գործչի պատվավոր կոչում։ Գիտական շրջանակներում Վերժինե Սվազլյանին «Հայ բանագիտության Մեծ Տիկին» են կոչում, քանի որ նրան իրավամբ համարում են հայ բանագիտության ռահվիրա Գարեգին Սրվանձտյանցի գործի արժանի շարունակողը: 

 

«Շողակն Արարատյան» թերթի խմբագրությունը ևս սիրով շնորհավորում է տիկին Սվազլյանի հոբելյանը: Շնորհակալություն Ձեզ, մեր ազգի պատմական հիշողության ու բանավոր մշակույթի պահապան մեծ Հայուհի և, ինչպես Ձեզ իրավամբ 2008 թ. բնորոշել է Ամերիկյան կենսագրական ինստիտուտը, 21-րդ դարի Մեծագույն Միտք…

 

Ապրե՛ք երկար ու շարունակեք Ձեր ներկայությամբ պատվել բոլորիս:

 

Հասմիկ ՊՈՂՈՍՅԱՆ

Աղբյուրը՝ Շողակն Արարատյան
Արարատյան Հայրապետական թեմի պաշտոնաթերթ

 

  • 2024-04-22
×