Քրիստոսի Հարությամբ հիմնադրվեց Եկեղեցին

Քրիստոսի Հարությամբ հիմնադրվեց Եկեղեցին

Ձեզանից ո՞վ իր կյանքը կտա ստի համար: Դու կարո՞ղ ես ամենակարևոր բաներից հրաժարվել, թողնել հարմարավետ ու բարեկեցիկ կյանքդ, դառնալ բոլորի կողմից հալածվող, չունենալ մշտական բնակության վայր, չիմանալ, թե վաղն ինչ է սպասվում քեզ… Ու պատրաստ լինել մեռնել հանուն այն խոսքի, որը դու քարոզում ես…

 

Ստի համար ոչ մի մարդ նման զոհողության չի գնա…

 

Բացառվո՛ւմ է:

 

Միայն ու միայն ճշմարտության համար են ապրում ու կյանքը տալիս, առանց կասկածելու գնում զոհողության:

 

Ճշմարտությանն անվերապահ հավատալով է, որ Քրիստոսի 12 առաքյալները հաջողեցին իրենց առաքելության մեջ: Նրանք տեսել էին Փրկչին, երեք տարի ապրել Նրա հետ: Ու եթե անգամ Քրիստոսի խաչելության ժամանակ ինչ-որ կասկած էին ունեցել, հուսահատվել, անգամ ուրացել էին Հիսուսին, երեք օր անց Քրիստոսի Հարությունը ամբողջությամբ փոխել էր նրանց: Բայց այդ երեք օրերը նրանց համար ծանր օրեր էին՝ հուսալքության, հիասթափության, անորոշության ու վախի օրեր…  

 

Կասկածամիտ տղամարդիկ չհավատացին յուղաբեր կանանց, թե  Տիրոջ գերեզմանը դատարկ է: Շտապեցին իրենց աչքով տեսնելու… Ու մինչև Քրիստոս չհայտնվեց նրանց, մինչև կասկածամիտ Թովմասը չշոշափեց Խաչյալի ձեռքերի վերքերը, չհավատացին...

 

Այո՛, Քրիստոս Հարություն էր առել... Հարություն էր առել, ինչպես խոստացել էր: Նա երեք օր անց կառուցել էր այն տաճարը, որ մարդիկ քանդել էին... Տեղի էր ունեցել անհնարինը: Ու այդ անհնարին ճշմարտությունով զինված առաքյալները մինչև իրենց կյանքի վերջ առանց հուսահատվելու, առանց տխրելու գործեցին: Պատմեցին, մկրտեցին, բժշկեցին... Ու մեծ մասը նահատակվեց:

 

Եթե Քրիստոս Հարություն չառներ, քրիստոնեություն չէր լինի... Ու ով հավատում է, նա ապրում է հավերժ... «Եթե մեռելների հարություն չկա, ապա և Քրիստոս Հարություն չի առել: Եվ եթե Քրիստոս Հարություն չի առել, իզուր է մեր քարոզությունը, իզուր է և ձեր հավատը» (Ա Կորնթացիս  15:13-14):

 

Արդեն 2000 տարի քրիստոնյաներս նշում ենք Քրիստոսի Հարությունը: Ամեն տարի մենք հավաքվում ենք այդ իրողության շուրջ: Եվ դա պարզ հավատք չի, դա միավորող, բոլորիս մեկ դարձնող, բոլորիս հավասար դարձնող իրողություն  է... Որովհետև եթե Փրկիչը Հարություն է առել, ուրեմն մեր կյանքն իմաստ ունի, իսկ Քրիստոսով փրկությունը՝ հավերժության մեջ ապրելու հնարավորությունն է:

 

Հենց այդ Հարությանը հավատալով է, որ 2000 տարի հայ մարդը ապրել է այս աշխարհի երեսին... Կորցրել է պետականությունը, բայց չի կորցրել իր ինքնությունը, քանի որ Քրիստոսին հավատացող սուրբ Տրդատ արքան ու սուրբ Գրիգոր Լուսավորիչը գծեցին մեր և օտարի սահմանը: Հայտարարեցին, որ հայն այլևս չի ձուլվելու բազմադեմ հեթանոսական մշակույթներին, չի պաշտելու նյութական կրակը, այլ վերադառնալու է իր նախնիների հավատքին, դարձի է գալու, դեմքով դառնալու է դեպի Հայկ Նահապետի Աստվածը... Այն Աստվածը, Ումից չհրաժարվելու համար Հայկը կռվեց ու հաղթեց աշխարհակալ Բելին...

 

Քրիստոսին հավատացող վարդապետ սուրբ Մաշտոցը տեսիլքով երկնեց  36 զինվոր-տառերը հայոց, որոնք բանաձևեցին հայ մարդու ինքնությունը, հազարամյակներով եկած, պատմական վայրիվերումներով անցած, արժեհամակարգը ներսում պահած, բանավոր մշակույթով արժեքներ ու աշխարհայացք փոխանցած ժողովրդի ինքնությունը:

 

Քրիստոս Հարություն է առել... Եվ ամեն տարի յուրաքանչյուրիս սրտում յուրովի Հարություն է առնում Աստվածորդին, մեր ամենօրյա կյանքը լցնում է արարելու, ստեղծելու և հաղթելու զորությամբ:

 

Նոյեմ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ

Աղբյուրը՝ Շողակն Արարատյան

Արարատյան Հայրապետական թեմի պաշտոնաթերթ

  • 2024-04-15
×