«ԴԱՆԻԱԿԱՆ-ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅԱՆ» 20-ԱՄՅԱԿԸ

  • Գլխավոր էջ     >
  • ԼՈՒՐԵՐ     >
  • «ԴԱՆԻԱԿԱՆ-ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅԱՆ» 20-ԱՄՅԱԿԸ

«ԴԱՆԻԱԿԱՆ-ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅԱՆ» 20-ԱՄՅԱԿԸ

Ապրիլի 11-ին Կոմիտասի թանգարան-ինստիտուտի հանդիսությունների դահլիճում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր հովանավորությամբ եւ Դանիայի Թագավորության դեսպան տիկին Անն Թովթ Սորենսենի նախագահությամբ տեղի ունեցավ «Դանիական-հայկական բարեգործական առաքելության» 20-ամյակին նվիրված հանդիսությունը: 

 

Երեկոյին ներկա էին Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը, Արցախի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը, Արագածոտնի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը, Գեւորգյան հոգեւոր ճեմարանի տեսուչ հոգեշնորհ Տեր Շահե ծայրագույն վարդապետ Անանյանը, Դանիական Ազգային Եկեղեցու ներկայացուցիչ Հայր Պիեր Պետերսեն, Հայր Մայքլ Թոմսենը, Հայ Եկեղեցում տարբեր թեմերի քահանա հայրեր, «Դանիական-հայկական բարեգործական առաքելություն» հասարակական կազմակերպության դանիական կողմի ներկայացուցիչներ, ծրագրերի շահառու կազմակերպությունների անդամներ: 

 

Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը ներկաներին փոխանցեց Հայոց Հայարապետի օրհնություններն ու բարեմաղթանքները քսանամյա հոբելյանի առիթով: Ապա դիմելով ներկաներին Սրբազան հայրն ասաց. «Սիրելի՛ներ, այսօր մեզ միաբանել է հավատքի և աստվածային սիրո ներգործուն ուժը, որն իր զորությամբ ընդունակ է հրաշագործելու, փոխակերպելու քրիստոնյայի հոգին և էությունը՝ նրա կյանքը  զարդարելով բազում շնորհներով և օրհնաբեր գործերով: «Եղբայրնե՛ր, իմ օգուտն ինչ է, եթե մեկն ասի, թե հավատ ունի, սակայն հավատն արտահայտող գործեր չունենա: Մի՞թե հավատը նրան կկարողանա փրկել: Եթե մի եղբայր կամ քույր մերկ լինեն կամ օրվա ուտելիքի կարոտ, և ձեզնից մեկը նրան ասի. «Գնացե՛ք խաղաղությամբ, տաքացե՛ք և հագեցե՛ք», և դուք նրանց չտաք մարմնին անհրաժեշտ բաները, ի՞նչ օգուտ է: Նույնպես և հավատը առանց գործերի մեռած է» (Հակոբոս Բ 15-17):   

 

Օրհնյալ և պտղաբեր է «Դանիական-հայկական բարեգործական առաքելության» գործունեությունը, որը քրիստոնեական կերպի լավագույն դրսևորումն է: Նրա աստվածաշնորհ առաքելությունն ավետարանական սիրո ընձյուղներից է, որի շնորհիվ մարդիկ մերձենում են Տիրոջը, դառնում «Լուսո որդիներ»՝ ամենուր տարածելով սեր և հոգածություն:  

 

«Գնացե՛ք ուրեմն աշակերտ դարձրե՛ք բոլոր ազգերին, նրանց մկրտեցե՛ք Հոր և Որդու և Սուրբ Հոգու անունով: Ուսուցանեցե՛ք նրանց պահել այն բոլորը, ինչ որ  ձեզ պատվիրեցի: Եվ ահա ես ձեզ հետ եմ բոլոր օրերում՝ մինչև աշխարհի վախճանը» (Մատթեոս 28: 19-20): 

 

Հարգարժա՛ն կազմակերպության անդամներ,  ձեր ստանձնած օրհնյալ առաքելությունը քրիստոնեական սիրո քարոզչություն է: Դուք Տիրոջ հավատարիմ սերմնացաններն  եք, որ ականջալուր եղաք Նրա պատվիրաններին և երկու տասնամյակ սատարում եք Հայ Եկեղեցու քրիստոնյա զավակներին: Ի՞նչը կարելի է համարել առավել մեծ եղբայրասիրություն, եթե ոչ քրիստոնյաների միաբանական ծառայասիրությունը:

 

Վեհափառ Հայրապետն իր մշտատև զորակցությունն ու աջակցությունն է հայտնում ձեզ՝ թեմերի և ձեր կազմակերպության համատեղ ծրագրերի իրականացման գործում:

 

Մեր աղոթքն է, որ Բարեսեր Աստված զորակից և աջակից լինի «Դանիական-հայկական բարեգործական առաքելության» նվիրյալներին՝ բարու և սիրո  հունդեր սերմանելու օրհնյալ առաքելության մեջ: Ամեն»:

 

Իր շնորհակալական խոսքով հանդես եկավ Դանիական առաքելության գործադիր տնօրեն Արշավիր Գաբուճյանը՝ նշելով. «Այս հանգրվանին մենք կարիքն ունենք հայ բարեգործների, որոնք նույնիսկ «յաւելորդաց իւրեանց» կարողանան նպաստել այս առաքելությանը։ Ես համարում եմ, որ սա պետք է դառնա մեր քսանամյա տարեդարձի՝ մտածելու տեղիք տվող կենտրոնական գաղափարը»։

 

Հոգաբարձուների խորհրդի անունից իր ողջույնի խոսքն ուղղեց Հայր Մայքլ Թոմսենը. ««Դանիական-հայկական բարեգործական առաքելությունում» մենք մեծապես գնահատում և երախտապարտ ենք, որ կարող ենք օգնել հայ երեխաներին, նրանց պատմել Աստծո մասին: Մենք երախտապարտ ենք, որ կարող ենք լինել ձեր գործունեության ու նախանձախնդրության մի մասը, որպեսզի երեխաներն Աստծուն ճանաչեն ու հավատան: Թող որ մենք շարունակենք ներշնչանք լինել միմյանց համար կիրակնօրյա դպրոցներում մեր համագործակցության մեջ, որպեսզի շատ երեխաներ կարողանան իրենց կյանքում Աստծո լույսը տեսնեն: Այդ ժամանակ մենք կունենանք ավելի երջանիկ երեխաներ։ Իսկ ավելի երջանիկ երեխաների հետ մենք ավելի լավ աշխարհ ենք կերտում, և Աստծո եկեղեցին կարող է օրհնություն լինել թե՛ երեխաների, թե՛մեծահասակների համար ինչպես Հայաստանում, այնպես էլ Դանիայում»:

 

Առաքելությունը երկար տարիների համագործակցության պատմություն ունի Արագածոտնի թեմի հետ։ Այս մասին իր ողջույնի խոսքում նշեց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը. ««Դանիական Հայակական Բարեգործական Առաքելությունը» լավագույն բարեկամներից մեկն է մեր Սուրբ Եկեղեցու: Այ′ո, դանիական և հայկական բարեկամությունն իրական է, ազնիվ և ազատ, սակայն այն ունի նաև մեկ այլ՝ շղարշված կողմ, որը երբեմն թե′ աչքի համար է դժվար տեսանելի, թե′ խոսքի համար դժվար արտաբերելի: Եվ այդ կողմը երախտագիտությունն է, որը, որպես այդպիսին, ո'չ տեսանելի է և ո'չ էլ շոշափելի, սակայն մեր սրտերի մեջ պարուրված լույսի ու ջերմության մշտավառ կանթեղ է՝ հանդեպ մեր դանիացի բարեկամների»:

 

Փակման խոսքով հանդես եկավ հանդիսության նախագահող դեսպան Նորին գերազանցություն տիկին Անն Թովթ Սորենսենը, ով կարևորությամբ շեշտեց երկու երկրների և ժողովուրդների միջև գոյություն ունեցող երկխոսությունը: Նա նշեց. «Այս կազմակերպությունն ու միջոցառումը վառ ապացույցն են այդ երկխոսության։ Ես մաղթում եմ հայ ժողովրդին ամենաբաղձալի խաղաղությունը, որին արժանի է»։

 

Հանդիսությանը իրենց մասնակցությունը բերեցին Գևորգյան հոգևոր ճեմարանի սաների երգչախումբը, դաշնակահարներ Կատարինե Հովսեփյանը և Արեն Ամիրյանը, ջութակահարուհի Մարիամ Գաբուճյանը և «Գեղարդ» երգեցիկ խումբը (գեղ. ղեկավար՝ Անահիտ Պապայան)։

 

Հանդիսության ավարտին կազմակերպության կողմից հոգաբարձուների խորհրդի անդամներին և տիկին դեսպանին հանձնվեցին նվերներ։

 

Հանդիսությունը փակվեց Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի «Պահպանիչ» աղոթքով։

  • 2024-04-13
×