Ի՞նչ ենք անում, երբ օգնության ձայն ենք լսում, կանգնո՞ւմ ենք, թե՞ շարունակում քայլել, որովհետև մենք միայնակ ոչինչ չենք կարող փոխել, շտապում ենք, վատ եղանակ է, որովհետև, որովհետև …
Շարքը կարելի է թվարկել անվերջ, իսկ գուցե պարզապես անտարբեր ենք: Հնարավոր է շատերին ուղղակի չի հետաքրքրում ոչ դիմացինի, ոչ երկրի, հայրենիքի ցավը: Ես սկսել եմ վախենալ անտարբերությունից: Կասեք՝ ծանր օրեր են, հին վերքերը չսպիացած, ավելացել են նորերը, հոգսը շատացել է, մթերքը թանկացել. մի խոսքով՝ ապրելը բարդացել է: Ես համաձայն եմ, բայց միևնույն է, սկսել եմ վախենալ ձեր անտարբերությունից:
Անձրևոտ օրն ինձ հիշեցնում է, թե ինչպես էինք տարիներ առաջ ընտանիքով գնում Արցախ աշխարհ, ես՝ առաջին անգամ: Ճանապարհին լարել էի ամբողջ ուշադրությունս, որ բաց չթողնեմ ոչինչ, թեև ձյունն ու մառախուղը չէին թողնում գրեթե ոչինչ տեսնել: Այս պատմությունը, սակայն, վատ եղանակի մասին չէ:
Ժամեր անց մեր մեքենան, վերջին ճիգերը գործադրելուց հետո, կանգնեց: Մենք ճանապարհի մեջտեղում մնացինք մենակ՝ մթության, սառույցի, ձյան, քամու ընկերակցությամբ:
Ցուրտ էր, չնայած ի տարբերություն հորս, ես եզրակացնում էի ավտոմեքենայից, բայց այս պատմությունը հորս մասին էլ չէ:
Մեքենան վերջապես տեղից պոկվեց, հայրս բացեց դուռն ու հաղթական ասաց՝ գնացինք: Մենք շարժվում էինք դանդաղ, իսկ ես ետևի ապակուց նայում էի արցախցի երեք ոստիկանների ու Գորիսից մի տղամարդու սառած ու ձյունոտ դեմքերին, որ հրում էին մեր մեքենան: Ոչ ոք այդ տղամարդուն չէր մեղադրի, որ իր բեռնված մեքենան չարգելակեր, երբ մեզ տեսավ, չթողներ ընտանիքն ու չգար: Ոչ ոք երևի չէր մեղադրի ոստիկաններին, եթե ընթանային իրենց ուղղությամբ:
Ի՞նչ է լինում, երբ մենք որոշում ենք չկանգնել, երբ օգնության ձայն ենք լսում: Ունենում ենք մեղավորության զգացում, բայց պատկերացրեք՝ ինչքան շատ բան է փոխվում, երբ կանգնում ենք:
Մենք շարժվեցինք, բայց ոստիկանական երկու մեքենան ու այդ տղամարդը չհեռացան, որոշեցին ուղեկցել: Մոտ կես ժամ անց մեքենան կրկին կանգնեց՝ ցույց տալով, որ սպառել է իր վերջին ուժը, ու մենք նորից հայտնվեցինք ճանապարհի մեջտեղում: Սկսվեց նույն գործընթացը: Նրանք հրում էին, իսկ ես շարունակում էի նայել նրանց սառած ու ձյունոտ դեմքերին:
Գիշերն այնքան երկար էր թվում: Մեքենան մի քանի կիլոմետր գնալուց հետո՝ կանգնում էր, նրանք հրում էին, հետո ուղեկցում:
Վերջապես մեր փոխադրիչը պոկվեց տեղից, ես տեսադաշտից կորցրի ինձ այդքան հարազատ անծանոթներին: Թվում էր՝ ավարտվեցին օրվա արկածները, բայց ճանապարհին իմացանք, որ չենք կարող գնալ այն վայրը, որտեղ պիտի գիշերեինք: Իրենց ճանապարհը կրկին կիսատ թողեցին մեր ծանոթ ոստիկանները, որ մտածում էին, թե ավարտել են իրենց «գործը»: Սկսեց տուն փնտրելու գործընթացը: Այս անգամ մեքենայի ապակուց հետևում էի նրանց ձեռքի շարժումներին, հորս դիմախաղին, որից եզրակացրի՝ ամեն բան լավ է: Նա վերջապես բացեց մեքենայի դուռն ու նորից հաղթական ասաց՝ գնացինք: Իմ ընտանիքը գտավ սպասված տաք անկյունը:
Առավոտյան մեքենան հասցրինք վարպետի մոտ, բայց մասնագետը հայրիկից գումար չվերցրեց՝ այն վերանորոգելու համար, որովհետև հյուր էինք ու նեղության մեջ էինք ընկել, չքնաղ տարածքը վայելելու փոխարեն՝ ավելի շատ անհանգստացել էինք: Հայրս համառում էր, բայց իմաստ չկար, վարպետը որոշել էր: Ես այդպես էլ չիմացա ոչ գորիսեցի տղամարդու, ոչ ոստիկանների, ոչ էլ վարպետի անունը, բայց տարիներ անց հիշում եմ նրանց դեմքերը:
Ի՞նչ ենք անում, երբ օգնության ձայն ենք լսում, կանգնո՞ւմ ենք, որովհետև անտարբեր չենք, որովհետև քրիստոնյա ենք, որովհետև մարդ ենք, որովհետև հայ ենք, որովհետև մեզ համար միևնույն չէ դիմացինի ու մեր երկրի ցավը: Շարքը կարելի է թվարկել անվերջ:
Անի Ավագյան