Ապագա մայրերը ստացել են հոգևորականի օրհնությունը: Ավետմանտոնի կապակցությամբ Նոր Նորքի Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Աշոտ քահանա Սաֆարյանը, երիտասարդաց միության անդամների հետ, այցելել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի ծննդատուն: Այցն իրականացվել է Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ:
Տեղում կատարվել է հղիների օրհնության կարգ: Տերը Հայրը, շնորհավորելով կանանց Ավետման տոնի կապակցությամբ, փոխանցել է օրվա խորհուրդն ու պատգամը՝ հավատարիմ մնալ մեր առաքելությանը:
«Այն պահից, երբ կինն իմանում է, որ սպասում է զավակի, պետք է այն գիտակցությունն ունենա, որ երեխան Աստծո պարգև է: Պետք է երկյուղածությամբ ու ուշադրությամբ, ակնածանքով ու սրբությամբ մոտենալ որդեծնության պատվիրանին, չմերժել աստվածային պարգևը»,- նշել է քահանան:
Երիտասարդները ծննդատան շահառուներին ու աշխատակիցներին փոխանցել են իրազեկող թերթոններ հղիության արհեստական ընդհատման վտանգների, հոգևոր ու մարմնավոր վնասների վերաբերյալ:
Տեր Աշոտի խոսքով՝ հաճախ հղիության արհեստական ընդհատմանը նպաստում են շրջապատի, հարազատների անզգույշ խոսքերը նաև երեխայի սեռով պայմանավորված: Այդ պատճառով անհրաժեշտ է զգոն լինել ու չդրդել ապագա մայրերին սխալ քայլի: