Մի տարի ձմռանը, երբ թռչունները չվում էին հարավ` տաք երկրներ, նրանցից մեկը կոտրեց թևը և երամից ետ մնաց: Շուտով սառնամանիքն ու ձյունը պատեցին անտառը, թռչունը մրսում էր, սովահար էր: Նա խնդրեց ծառերին օգնել իրեն և թույլ տալ տեղավորվել իրենց ճյուղերին: Սակայն ոչ բոլոր ծառերն էին բարի: Կեչին հպարտ էր իր գեղեցկությամբ և գոռոզաբար թռչունին մերժեց` ասելով, որ ինքը պետք է հոգ տանի նախևառաջ անտառի թռչուններին: Կաղնին նույնպես մերժեց, քանի որ վախեցավ, որ թռչունը կապրեր մինչև գարուն և կուտեր իր կաղինների մի մասը: Անգամ ուռենին, որ թվում էր, թե բարեհաճ էր, հրաժարվեց օգնել թռչունին:
Խեղճ թռչունը հուսահատ և հյուծված էր: Նա փորձեց թռչել-հեռանալ, սակայն թևը ցավում էր: Տեսնելով նրա վիճակը, եղևնին նրան առաջարկեց իր ամենախիտ, ամենափափուկ և ամենատաք ճյուղերը` պատսպարվելու համար: Ոգևորվելով եղևնու բարությունից, սոճին ցանկություն հայտնեց ամբողջ ձմեռը եղևնուն պաշտպանել Հյուսիսային սառը քամուց: Փոքրիկ գիհին առաջարկեց իր հատապտուղները որպես կեր: Այդպիսով, թռչունը հարմարավետ ձմեռեց անտառում և գարնանը, երբ թևն արդեն լավացել էր, հեռացավ:
Սառնամանիք թագավորը, ով տեղյակ էր ծառերի պահվածքին, խիստ հրամայեց Հյուսիսային քամուն չվնասել եղևնու, սոճու և գիհու գեթ մեկ տերև, մինչդեռ թույլ տվեց ուզածի պես վարվել մյուս ծառերի տերևների հետ: Քամին հատկապես զվարճանում էր` պոկելով ու թափելով ուռենու, կաղնու և կեչու փայլուն, կանաչ տերևները` այդպիսով մերկացնելով նրանց և թողնելով անպաշտպան անձրևից, ձյունից և կարկուտից: Եղևնու, սոճու և գիհու բարության շնորհիվ է, որ նրանք մշտապես կանաչ և դալար են: