Տարբեր գույների, ձևերի հավկիթները ներկայացված էին Երևանում` Շառլ Ազնավուրի հրապարակում։ Սուրբ Հարության տոնին հավկիթները հետաքրքիր դրսևորումներ ու նոր շունչ ստացան տարբեր ժանրերով ստեղծագործողների վրձնով։ Անցկացվեց «Զատիկ Արտ Ֆեստ»փառատոնը։
Միջոցառումը մեկնարկեց աղոթքով։ Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու խորհրդակատար Տեր Վահան քահանա Առաքելյանը ներկաներին փոխանցեց Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությունն ու շնորհավորանքը տոնի առթիվ։
«Առաջնորդվենք Սուրբ Հարության լույսով, ապրենք կյանքը՝ քրիստոնեական արժեքների սկզբունքների համաձայն։ Լինենք ճշմարիտ քրիստոնյա»,- իր խոսքում նշեց հոգևորականը։
Միջոցառման ընթացքում անցորդները հնարավորություն ունեցան տեղում հետևելու աշխատանքների ստեղծման գործընթացին։
«Նման միջոցառումներ կազմակերպում ենք արդեն մի քանի տարի։ Այս տարի կազմակերպեցինք փառատոնի ձևաչափով, ներկա էին 50-ից ավելի նկարիչներ։ Յուրաքանչյուրը կարծես իր արվեստը փոխանցեց հավկիթներին»,- նշեց փառատոնի կազմակերպիչ Իլյա Մանթառլյանը։
Հավելեց ՝ իրենց հիմնական նպատակն է աշխատանքների վաճառքից գոյացած միջոցները փոխանցել բարեգործական հիմնադրամներին ու նկարիչներին։
Միջոցառման ընթացքում ներկայացվեցին բեմադրություններ, երաժշտական խմբերի ելույթներ, արվեստի շուրջ վարպետաց դասեր։ Ելույթ ունեցավ «Ծաղկազարդ» երգչախումբը։