Զատկական փառատոն

Զատկական փառատոն

Երևանի Զորավոր Սուրբ Աստվածածին Եկեղեցու բակում տոնական տրամադրությունն էր։ Երեխաներն ու պատանիները ցուցադրում էին իրենց ձեռքի աշխատանքները, հանդես գալիս երաժշտական կատարումներով։ Սուրբ Հարության տոնին իրականացվեց «Զատկական փառատոն»։

 

Միջոցառումն անցկացվեց ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ և Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ:

 

Տոնակատարությունը մեկնարկեց Տերունական աղոթքով։ Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու խորհրդակատար Տեր Վահան քահանա Առաքելյանը, շնորհավորելով Սուրբ Հարության տոնը, իր օրհնությունը փոխանցեց ներկաներին։

 

Միջոցառման նախաձեռնողը Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոնն էր։ «Զատկական փառատոն»-ը ներառական միջոցառում է, տեղեկացրեց կենտրոնի տնօրեն Աննա Կարապետյանը։ Նպատակ ունեն ստեղծել մշակութային հարթակ երեխաների, պատանիների ինքնադրսևորման համար: 

 

««Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոն»-ը ապահովում է անվճար գեղարվեստական կրթություն սոցիալապես անապահով, հաշմանդամություն և կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաներին։ Այսօր ժամանել են տարբեր մարզերի մեր խմբակների երեխաները։ Ներկայացնում են իրենց տարվա աշխատանքները»,- նշեց Աննա Կարապետյանը։

 

Զատկական փառատոնն իրականացվեց 3-րդ անգամ։ Կենտրոնի տնօրենի խոսքով՝ նման միջոցառումները մեծ նշանակություն ունեն երեխաների հոգևոր զարգացման համար, որպեսզի ճանաչեն իրենց պատմությունը, ավանդույթները, տոները։ 

 

«Տարվա ընթացքում տարբեր միջոցառումներ ենք իրականացնում, որպեսզի խոցելի խմբերին ինտեգրենք հասարակություն, ցույց տանք իրենց արարելու ներուժը։ Անպայման իրականացնում ենք Զատիկին նվիրված փառատոն, քանի որ տոնը կարծես նոր կյանքի խորհրդանիշ լինի»,- ասաց կենտրոնի տնօրենը։

 

Հանդես եկան «Վահագն» ավանդական երգի-պարի խումբը, Խարբերդի մասնագիտացված մանկատունը։

 

Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին

 
  • 2024-03-31
×