Լեգենդ Մանուկ Քրիստոսի մասին

Լեգենդ Մանուկ Քրիստոսի մասին

Ս. Ծննդյան տոնի տոնական ծառի զարդարումը կապված է Մանուկ Քրիստոսի մասին լեգենդի հետ: Ս. Ծննդյան տոնի ամենասիրելի և գրավիչ պահերից մեկը տոնածառի զարդարումն է, սակայն բոլորը չէ, որ գիտեն, թե ինչու է տոնածառն այդքան կարևոր քրիստոնյաների համար: Այս լեգենդի առանցքն այն է, որ տոնածառը Մանուկ Քրիստոսի նվերն է անձնուրաց և բարի մարդկանց:


Ժամանակին ապրում էր մի փայտահատ, ով օրնիբուն աշխատում էր` ծայրը ծայրին հասցնելու և իր ընտանիքի ապրուստը վաստակելու համար: Նա ուներ կին և երկու զավակ` Վալենտինը և Մարին: Նրանք օգնում էին փայտահատին, հնազանդ էին և բարեպաշտ: Ամեն օր կարդում էին Աստվածաշունչը, անգամ այն օրերին, երբ ուտելու ոչինչ չկար: Ս. Ծննդյան տոնի նախօրեին, երբ նրանք ամենօրյա աղոթքն էին արտասանում, դուռը թակեցին: Դռան մոտ ցրտահար և քաղցած մի երեխա էր: Նրանք խղճացին երեխային և իսկույն ներս առան: Թե Վալենտինը և թե Մարին նրան տեղ տվեցին վառարանի մոտ և առաջարկեցին իրենց հացաբաժինը: Քանի որ նա շատ հոգնած էր, երեխաները նրան զիջեցին իրենց մահճակալը, իսկ իրենք քնեցին աթոռների վրա` չնայելով անհարամարությանը:


Հյուրը շնորհակալություն հայտնեց և շուտով քնեց: Ընտանիքն աղոթեց աղքատ երեխայի համար, ով չուներ անգամ այն հաճելի տաք տունը և հարմարավետ մահճակալը, որն իրենք ունեին: Նրանք քնեցին ուշ գիշերին: Փոքրիկ Մարին վաղ առավոտյան արթնացավ սրինգի անուշ մեղեդու և սքանչելի երգեցողության ձայնից: Նա արթնացրեց եղբորը, նրանք միասին ունկնդրեցին երաժշտությունը և հասկացան, որ հրեշտակներն էին երգում Մանուկ Հիսուսի համար, այն երեխայի, ում իրենք հյուրընկալել էին նախօրեին: Նրանց սրտերը լի էին ուրախությամբ: Պատուհանից դուրս նայելով` նրանք տեսան ամենագեղեցիկ լուսաբացը և ոսկե տավիղներն ու քնարները ձեռքերին, շողշողուն արծաթագույն հագուստներ հագած մի խումբ մանուկների:


Նրանց հետևում կանգնած էր իրենց հյուրը` ոսկեգույն հագուստով, գլխին` ոսկե պսակ: Նա հայտնեց, որ Ինքն իրոք Մանուկ Քրիստոսն էր և շրջում էր` ավետիս տալու և ուրախություն պարգևելու բարի մանուկներին: Քանի որ Վալենտինը և Մարին անձնուրաց և աջակից երեխաներ էին, Նա օրհնեց նրանց և մոտիկ եղևնուց մի ճյուղ կտրելով` տնկեց հողում: Ապա երխաներին ասաց, որ ամեն տարի այդ ճյուղը կդառնա նրանց համար Ս. Ծննդյան տոնածառ:


Ապա Մանուկ Քրիստոս անհետացավ` թողնելով երեխաներին ապշահար իրենց տեսածից և լսածից: Շուտով եղևնու ճյուղը աճեց և դարձավ մեծ տոնածառ, որն ամեն տարի Ս. Ծննդյան տոնի նախօրեին զարդարվում էր ոսկե խնձորներով, արծաթե ընկույզներով և գեղեցիկ խաղալիքներով: Ասում են, թե դրանից հետո ամեն տարի տոնածառը զարդարվում է ի հիշատակ և ի պատիվ Մանուկ Քրիստոսի:

  • 2021-08-09
×