Նավասարդ Սրբազանի հանդիսապետությամբ մատուցվեց Ճրագալույցի Ս. Պատարագը
Նավասարդ Սրբազանի հանդիսապետությամբ մատուցվեց Ճրագալույցի Ս. Պատարագը
Մարտի 30-ին Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հանդիսապետությամբ առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցում մատուցվեց Սուրբ Հարության Ճրագալույցի Ս. Պատարագ: Պատարագիչը Տ. Շահե քահանա Հայրապետյանն էր:
Հընթացս Ս. Պատարագի Տեր հայրն ընթերցեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Հայրապետի շնորհավորանքն՝ ուղղված Նավասարդ Սրբազանին: Ուղերձում մասնավորաբար ասվում է. «Սիրելի՜ Սրբազան, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից «Քրիստոս յարեաւ ի մեռելոց» հրեշտակաձայն ավետիսով հղում ենք Հայրապետական Մեր օրհնությունն ու շնորհավորանքները Ձեզ, տիրախնամ թեմիդ հոգևոր դասին, թեմական ու ծխական խորհուրդների պատվարժան անդամներին և հավատավոր Մեր բոլոր զավակներին:
Փրկչի կենսաբեր Հարությունն առանձնակի հոգևոր խնդությամբ և հույսով է լցնում քրիստոնյաների սրտերն ու հոգիները փորձություններով լեցուն ներկա աշխարհում, երբ չդադարող պատերազմական արհավիրքները խլում են հազարավոր կյանքեր, պատճառ դառնում մարդկային տառապանքների, չարչարանքների ու զրկանքների:
Հայաստանի առջև ծառացած անվտանգային լուրջ սպառնալիքների Արցախի բռնազավթման ու հայաթափման հետևանքով ծանր փորձությունների դիմագրավող մեր ժողովրդի հայացքը նույնպես ուղղված է առ Հարուցյալ Տերը, անսասան հավատքով, թե՝ «Աստուած, որ եւ զՏէրն յարոյց, եւ զձեզ յարուսցէ զօրութեամբ իւրով» (Ա Կոր. Զ 14): Իր պատմության ընթացքին մեր ժողովուրդը արհավիրքներ շատ է տեսել, սակայն Աստծուն ապավինած՝ երբեք չի ընկրկել իր խաչի ծանրության տակ, չի հուսահատվել և չի հրաժարվել արդար, ազատ ու լուսավոր իր ապագան կերտելու տեսիլքից։ Հայրենիքի շուրջ համախումբ, համազգային միասնությամբ, վստահ ենք, պիտի կարողանանք դիմագրավել ժամանակի դժվարություններին ու մարտահրավերներին և նոր հաջողություններ արձանագրել՝ ի նպաստ ազգային մեր իղձերի ու նպատակների իրագործման:
Սիրելինե՛ր, գոհունակ սրտով Սուրբ Հարության տոնի շնորհաբեր այս առիթով բարի լուր ենք փոխանցում Ձեզ։ Բարձրյալի կամքին ու զորությանը ապավինած՝ առաջիկա սեպտեմբեր ամսին, աղոթակցությամբ հայրենաբնակ և աշխարհասփյուռ բարեպաշտ Մեր զավակների, պիտի կատարենք սրբալույս մյուռոնի օրհնությունը և աստվածակառույց Մայր Տաճարի վերաօծումը՝ հավատքով, որ նվիրական այս արարողությունները պիտի վերանորոգեն համազգային մեր ուխտը առ Աստված և գոտեպնդեն հավատացյալ մեր ժողովրդին՝ արիությամբ ու հանձնառությամբ վերակերտելու իր նոր կյանքը:
Սիրելի՛ Սրբազան, զատկական լուսապայծառ այս օրը Միածնաէջ Սուրբ Սեղանի առջև աղոթում ենք, որ Հարուցյալ Տերը զորավիգ լինի Ձեզ, թեմիդ ուխտապահ հոգևոր դասին և հավատացյալ Մեր զավակներին և նորանոր հաջողություններ պարգևի ազգօգուտ ու եկեղեցաշեն Ձեր բարի գործերին և ձեռնարկումներին՝ ի փառս Աստծո, ի պայծառություն տիրախնամ Ձեր թեմի և Առաքելական մեր Սուրբ Եկեղեցու:
Թող Աստված խաղաղություն ու բարօրություն պարգևի մեր հայրենիքին և իր հոգածու խնամքի ներքո պահի ու պահպանի բարեպաշտ մեր ժողովրդին ի Հայաստան և ի սփյուռս, այժմ և հավիտյանս, Ամեն»:
Ս. Պատարագի վերջում Նավասարդ Սրբազանը հավատավոր ժողովրդին փոխանցեց Սուրբ Հարության Ավետիսը՝ «Քրիստոս Յարեաւ ի մեռելոց: Օրհնեալ է Յարութիւնն Քրիստոսի» և Պահպանիչ աղոթքով արձակեց նրանց:
Այնուհետև Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդարանում Նավասարդ սրբազանի նախագահությամբ կատարվեց Տնօրհնեքի կարգ:
Ճրագալույցի Ս. Պատարագից հետո, ավանդույթի համաձայն, հավատացյալները Սուրբ Սեղանից իջեցրած կանթեղից վառված մոմեր տարան՝ իրենց ընտանիքներին Տիրոջ լույսն ու Հարության ավետիսը փոխանցելու: