Մարտի 30-ի երեկոյան կփորձենք Քրիստոսի լույսով լուսավորել մեր տներն ու շրջակայքը, միմյանց կփոխանցենք հաղթանակի՝ Սուրբ Հարության ավետիսը՝ «Քրիստոս յարեաւ ի մեռելոց, Օրհնեալ է Յարութիւնն Քրիստոսի»:
Լուսավորե՛նք մեր տունը
Ավագ շաբաթ օրը հիշատակվում է Տիրոջ թաղումը և հանգիստը գերեզմանում:
Ավետարանում նշվում է. «Երբ երեկո եղավ, եկավ Հովսեփ անունով մի մեծահարուստ մարդ, որ Արիմաթեայից էր և աշակերտել էր Հիսուսին։ Սա գնաց Պիղատոսի մոտ և խնդրեց Հիսուսի մարմինը։ Այդ ժամանակ Պիղատոսը հրամայեց, որ մարմինը տրվի։ Հովսեփը, մարմինն առնելով, պատանեց մաքուր կտավով և դրեց նոր գերեզմանի մեջ, որ փորել էր տվել ժայռի մեջ։ Ապա գերեզմանի մուտքին մի մեծ քար գլորեց՝ որպես կափարիչ, և հեռացավ» (Մատթ. 27: 57-61):
Ըստ Եկեղեցու ավանդության՝ Հիսուս ավերեց մարդկանց հոգիների չարչարանքների տունը՝ դժոխքը, բացեց հանգստյան տունը՝ դրախտը:
Սուրբ Հարության տոնը՝ Զատիկը, այս տարի սկսվում է մարտի 30-ի երեկոյան, երբ, ըստ եկեղեցական կարգի, օրը փոխվում է, մատուցվում է Ճրագալույցի Սուրբ Պատարագ։
Ճրագալույց նշանակում է ճրագ լուցանել, այսինքն՝ ճրագ, մոմ վառել:
«Ճրագալույցի Պատարագով մենք ստանում ենք Ավետիսը Սուրբ Ծննդյան և Սուրբ Հարության: Երբ եկեղեցական կարգով օրը փոխվում է, մատուցվում է Պատարագ, ու ժողովուրդը ստանում է ավետիսը, լուսավորվում են հավատացյալների սրտերը, հոգիները: Իրենք էլ ցանկանում են լույսը տանել, լուսավորել իրենց ընտանիքները»,- նշում է Արաբկիրի Սուրբ Խաչ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Պարթև քահանա Մուրադյանը:
Պատարագի արարողությամբ եզրափակվում է Տիրոջ չարչարանքների շաբաթը: Ավարտին պատարագիչ քահանան սարկավագների ու դպիրների ուղեկցությամբ իջնում է Խորանից ու կատարվում է նախատոնակի արարողություն: Ավետարանի ընթերցումից հետո հանդիսապետ հոգևորականը «Այսօր հարյաւ» և «Քրիստոս հարյաւ» շարականների, տաղերի ու հոգևոր երգերի երգեցողության ներքո բուրվառով խնկարկում է եկեղեցում հավաքված հավատացյալներին ու հնչեցնում է կյանք պարգևող ավետիսը՝ «Քրիստոս յարեաւ ի մեռելոց»: Պատասխան է հնչում՝ «Օրհնեալ է Յարութիւնն Քրիստոսի»:
Ներկաները Խորանի մոմից վառում են մոմերն ու տանում՝ իրենց տները լուսավորելու Քրիստոսի լույսով:
Սուրբ Հարության ավետիսով ավարտվում է 48 օր առաջ սկսված Մեծ Պահքը։
Քրիստոսի Հարությունը՝ նոր կյանքի սկիզբ
Ավագ շաբաթ երեկոյից, երբ միմյանց տալիս ենք Հարության ավետիսը, կարևորում ենք հաղթանակը չարի ու մահվան նկատմամբ: Նա Իր մահով հաղթեց մահվանը:
Տեր Պարթևի խոսքով՝ Հիսուս Քրիստոսի Հարությամբ բացվեց ճանապարհը, որին սպասում էր յուրաքանչյուրը:
« Մարդիկ Սուրբ Հարությամբ լուսավորվեցին: Քրիստոս հաստատեց իր ճշմարիտ Աստված լինելը և մարդուն վերադարձրեց Իր կերպարը»,- նշում է քահանան:
Քրիստոսն իր խաչելությամբ ցույց տվեց Իր սերն ու քաջությունը՝ որպես օրինակ: Ուրեմն՝ նաև մեզ համար առաջնային պայման պետք է լինի սերն ու քաջությունը` ապրելու ու պայքարելու ձգտումը: Քրիստոսի Հարությամբ պետք է կարողանանք տեսնել մեր կյանքի վերափոխումը, կարողանանք ամուր ու հաստատուն պահել Տիրոջ ներկայությունը մեր կյանքում: