Արարատյան Հայրապետական թեմի եկեղեցիները Ծաղկազարդը տոնել են՝ իրականացնելով մի շարք միջոցառումներ: Մասնակցել են թեմի երիտասարդաց միություններն ու կիրակնօրյա դպրոցները: Եկեղեցիներում մատուցվել է բաց խորանով Ս. Պատարագ, ավարտին կատարվել երեխաների օրհնության կարգ:
Մարտի 24-ին տոնական տրամադրություն էր Արաբկիրի Ս. Խաչ եկեղեցու հարակից տարածքում: Արաբկիրի հայորդաց տան սաները ներկայացրել են իրենց ձեռքի աշխատանքները, ելույթ է ունեցել «Մասունք» ազգագրական խումբը:
Նորագավիթի Ս. Գևորգ եկեղեցում համերգային ծրագրին մասնակցել են կիրակնօրյա դպրոցի սաներն ու տիկնանց միության անդամները: Համերգային ծրագիր է իրականացվել նաև Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում:
Ծաղկազարդին Ավանի Ս. Աստվածածին եկեղեցում ներկայացվել են կիրակնօրյա դպրոցի երեխաների ձեռքի աշխատանքները: Ձեռքի աշխատանքների ցուցադրություն է կազմակերպվել նաև Վերին Շենգավիթի Ս. Առաքելոց եկեղեցու բակում՝ կիրակնօրյա դպրոցի սաների մասնակցությամբ: Էրեբունի համայնքի և Նուբարաշենի Ս. Նահատակաց եկեղեցու կիրակնօրյա դպրոցի երեխաները ևս ներկայացրել են իրենց ձեռքի աշխատանքները:
Գեղարվեստական միջոցառմամբ են նշել տոնը Դավիթաշենի Ս. Նահատակաց եկեղեցու կիրակնօրյա դպրոցի երեխաները: Ս. Երրորդություն և Նոր Նորքի Ս. Սարգիս եկեղեցու բակում կազմակերպվել էր կավճանկար:
Տոնի թեմատիկ միջոցառումներ են տեղի ունեցել նաև Նոր Նորքի Ս. Աստվածածին և Նորք-Մարաշի Ս. Աստվածածին եկեղեցիներում: Ներկաները մասնակցել են նաև տարբեր խաղերի, խոսել տոնի խորհրդի մասին: