Լինենք միասին` արեւ երեխաների հետ

Լինենք միասին` արեւ երեխաների հետ

Մարտի 21-ին աշխարհի տարբեր երկրներում տարբեր լեզուներով հնչում է «արևներ»  բառը: Այս օրը աշխարհը նշում է Դաունի համախտանիշով մարդկանց՝ արևների միջազգային օրը: 

 

Օրվա կապակցությամբ, Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում հանդես եկավ «Արև-երեխաներ» ՀԿ-ի «Արևային զանգակներ» համույթը (գեղարվեստական ղեկավար՝ Մանուշ Հարությունյան): 

 

Ներկաները նախ մասնակցեցին Խաղաղական ժամերգությանը, ապա «Արևային զանգակներ»-ի կատարմամբ ունկնդրեցին Մաշտոցի, Շնորհալու, Կոմիտասի ու Եկմալյանի ստեղծագործություններն ու մշակումները։ 

 

Համերգին ներկա էր ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը:

 

Շնորհակալություն հայտնելով բոլորին, ովքեր եկել էին զորակցելու արեւ երեխաներին` Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգեւոր հովիվ ու «Արեւ երեխաներ» ՀԿ-ի նախագահ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանն ասաց. «Այս տարվա մեր խորագիրն է` Լինենք միասին։ Եթե իսկապես մենք լինենք միասին, հնարավոր կլինի մեծ ու լուրջ աշխատանքներ իրականացնել։ Այս տարիները ցույց են տվել, որ անհնարին բան գրեթե չկա։ Շնորհակալ ենք բոլորիդ»։ 

 

ՄԻՊ Անահիտ Մանասյանը, դիմելով ներկաներին, ասաց, որ «Իրականում բոլորս ունենք առանձնահատկություններ։ Եվ յուրաքանչյուրս մեր ու միմյանց առանձնահատկությունները հաշվի առնելով պիտի կարողանանք  ձեւավորել համերաշխ միջավայր, որտեղ բոլորս կապրենք` միմյանց սիրելով։ Այսօր այստեղ անսահման սեր կա։ Այս երեխաների մեջ շատ է այդ իրական սերը»։ 

 

Տիկին Մանասյանը համերգից առաջ հնարավորություն ունեցավ ծանոթանալու «Արեւային զանգակներ» խմբերի երեխաների հետ, լսեց նրանց պատմություններն ու երազանքները։ 

 

«Արեւային զանգակներ» խմբի հիմնադիր եւ գեղարվեստական ղեկավար, երաժշտական թերապիստ Մանուշ Հարությունյանն ասում է, որ արեւ երեխաների հետ աշխատանքը եւ՜ բարդ է, եւ՜  շատ հետաքրքիր։ «Ինչպես ամեն գործ, սա էլ իր առանձնահատկություններն ունի։ Բայց այստեղ արածիդ ազդեցությունն էլ շատ լավ երեւում է»։ 

 

Արեւ երեխաների հետ ինտենսիվ աշխատանքն ու աջակցությունն արդեն 7 տարի իր ուսերին է վերցրել Տեր Գրիգորը։ Ու ամեն ինչ սկսվել է որդու ծնունդից։ 

 

«Թեև սկզբից էի մտածում, որ Դաունի համախտանիշով որդուս ծնունդը փորձություն է, բայց ինձ համար այն երջանկություն և օրհնություն է դարձել․․․ Սկզբում շատ եմ նեղվել, բայց հետո հասկացա, որ այն, ինչ տեղի ունեցավ, օրհնաբեր մի բան է։ Զավակս փոխեց իմ հոգևոր աշխարհը․ ես դա բոլորի մոտ եմ վկայում, և նա դարձել է իմ հավատքի սանդղակը․ եթե գայթակղության մեջ եմ լինում ու տատանվում եմ, Մոնթեի դեմքն է գալիս իմ առջև, և ես կտրուկ նահանջում ու հրաժարվում եմ սխալ բաներից։ Եվ երբ տուն եմ գնում, ու նա փաթաթվում է ինձ, կարծես ասում է՝ շնորհակալ եմ, որ չսխալվեցիր»։

 

Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին 

 
  • 2024-03-23
×