Այս խոսքերը վերցված են Զաքարիայի մարգարեությունից, երբ մարգարեն շուրջ երկու հազար հինգ հարյուր տարիներ և ավելի առաջ ողջ մարդկությանն իրազեկում էր մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի Երուսաղեմ հաղթական մուտքի մասին: Ծաղկազարդը Տերունի գեղեցկագույն տոներից մեկն է, որ մեր սուրբ հայրերը կոչել են «տօն մեծ արմաւենեաց»: Սուրբ Հարությունից մեկ շաբաթ առաջ քրիստոնյա աշխարհն ամենուրեք մեծ ցնծությամբ տոնախմբում է Քրիստոսի հաղթական մուտքը Երուսաղեմ՝ մի քաղաք, որտեղ Սողոմոնի կողմից կառուցվել էր Աստծո տաճարը: Այստեղ է, որ բազում մարգարեներ տարբեր առիթներով և ժամանակահատվածներում մարգարեացել էին Աստվածորդու մարդեղացման, աշխարհ գալու, Նրա միջոցով մարդու փրկվելու և կործանումից դեպի հավիտենական կյանք առաջնորդվելու մասին: Այդ օրը Քրիստոս մեծ թափորով մուտք է գործում Երուսաղեմ և հաստատում այն բոլոր մարգարեությունները, որոնք հնչել են անցյալում մարդկության Փրկչի գալստի և այդ գալստյան նպատակների մասին:
Հիսուս Իր չարչարանքներից հինգ-վեց օր առաջ կազմակերպում է Իր մուտքը Երուսաղեմ։ Այս իրադարձության միջոցով Քրիստոս մեզ պատգամ է փոխանցում։ Հիսուս էշի վրա մուտք է գործում Երուսաղեմ որպես Թագավոր, Ազատարար, Փրկիչ և այդպես էլ ընդունվում է բազմության կողմից։ Ժողովուրդը նախ իր զգեստներն է փռում Նրա առջև, սաղմոսերգությամբ թափահարում արմավենու ճյուղերը:
Ծաղկազարդի տոնը հաջորդում է հրեական Բաղարջակերաց տոնին: Հին ուխտի ժողովուրդը գալիս էր Երուսաղեմ՝ երկրպագելու իրենց հայրերի Աստծուն։ Երսուսաղեմի տաճարը մի վայր էր, որտեղ բարեպաշտ անձը հաղորդակցվում էր իր հայրերի Աստծուն: Հրեաստանի և աշխարհի տարբեր ծագերից ուխտի էին գալիս, մասնակցում Պասեքի՝ Հին Զատկի արարողությանը, որը խորհրդանշում էր հրեա ժողովրդի ազատագրումը եգիպտական ստրկությունից:
Մեր Տերը՝ Հիսուս Քրիստոս, ճիշտ այս կերպ մեկնում էր Երուսաղեմ։ Որպես ուխտավոր Նա մասնակցելու էր հենց այս տոնին, սակայն միայն մեկ տարբերությամբ: Նա մեկնում էր որպես նոր պասեք և նոր Զատիկ, որպես «Գառն Աստուծոյ», որ Իր կյանքը պիտի զոհաբերեր, խաչի վրա Իր Արյան հեղմամբ ազատագրեր մարդկությանը մեղքից և նրա գերությունից։ «Ո՞վ է նա»,- հարցնում էին բոլորը: Պատասխանն այստեղ է. « Նա Հիսուս Քրիստոս է, Ում հավատացին շատ-շատերը: Հիսուս Քրիստոս էր, որ Իր կյանքը տվեց Իր իսկ ստեղծածի համար, որպեսզի ապրեն նրանք և կյանք ունենան էլ ավելիով» (հմմտ. Հովհ. Ժ 10), որ ծեր ու մանուկ համախմբել է Իր շուրջ՝ Իր կենդանի ոգով լցրած տաճարներում՝ պարգևելով հոգևոր ուրախություն երեկ և այսօր: Երբ փարիսեցիները, ապշած Նրա հրաշագործություններից, հարցնում էին. «Ո՞վ է նա», մարդիկ և մանուկները պատասխանում էին՝ «Նա է՝ Դավթի Որդին»: Հիսուս էլ եզրափակում է. «…մանուկների և ծծկերների բերանով է, որ օրհնություն է հնչում (հմմտ. Մատթեոս ԻԱ 16):
Ինչպես երկու հազար և ավելի տարիներ առաջ, այսօր նույնպես փառաբանում ենք Տիրոջը և Նրա հաղթական մուտքը Երուսաղեմ։ Այս օրը Հայոց Հայրապետի տնօրինությամբ հայտարարված է մանուկների օրհնության օր։ Մեր Տեր Հիսուս Քրիստոս ասաց. «…եթե չդառնաք ու չլինեք այս մանուկների պես, երկնքի արքայությունը չի ժառանգելու» (հմմտ. Մատթեոս ԺԸ 3):
Ծաղկազարդի օրը վերստին հրամցվում է մեզ, հրավեր է կարդացվում մեզ բոլորիս՝ գնալու ընդառաջ արդար, հեզ ու խոնարհ Փրկչին, Ով Երուսաղեմում դարձավ Պատարագի զոհը մեր բոլորի մեղքերի քավության և թողության համար: Թող ծաղկազարդվեն մեր հոգիները, նոր կյանքով զարթոնք ապրեն, առավել ազնվանան գալիք օրերի արարողությունների քուրայի մեջ և արդարացած ու մաքրված՝ վկա լինեն մեր Տիրոջ և Փրկչի՝ Հիսուս Քրիստոսի հաղթական մուտքին Վերին Երուսաղեմում: