Տոնածառի զարդերը

Տոնածառի զարդերը

Կաղին. Քանի որ Գերմանիայում կաղնին սուրբ ծառ է համարվում, այն կարծիքը կա, թե կաղինը երջանկություն է պարգևում: Գերմանական ասացվածքը` «Փոքրիկ կաղիններից կարող են հզոր կաղնիներ աճել» արտահայտում է այն միտքը, թե լավ խնամքը և դաստիարակությունը կարող են լավ արդյունք տալ: Գերմանացիները նաև կարծում են, թե կաղինը խորհրդանշում է կյանքի վերածնունդը: Անցյալի իսկական կաղինն այսօր փոխարինել է ապակյա կաղինով: 
 

Հրեշտակ. Մարդկության ծագման պահից հրեշտակները պահպանել են մարդկանց: Հրեշտակը խորհրդանշում է Աստծո հովանին մարդկանց տների վրա, պահպանում է տոնածառը, տունը և ընտանիքը: Հրեշտակը զարդարում է տոնածառը` նաև հիշեցնելով իր դերը քրիստոնեության մեջ:


Սոճու կոն. Վաղ տոնածառերի զարդերը Աստծո արարումների նմանակումներն էին: Տոնածառի վրա սոճու կոները խորհրդանշում են մայրությունը և պտղաբերությունը: Երիտասարդ զույգին նվիրում էին սոճու կոնի տեսքով զարդ` որպես առողջ և երջանիկ ընտանիքի մաղթանք: Հարսնացուի օժիտի մեջ դրվում էր ապակե կոնի տեսքով զարդ` որպես ամուր և լավ ընտանիքի մաղթանք:


Թռչուն բնում. Թռչնաբույնը տան խորհրդանիշն է: Այն արտահայտում է երջանիկ ընտանիքի ստեղծման համար պահանջվող սերը, նվիրումը և ջանքերը: Թռչնաբույնը նաև բարի բախտի խորհրդանիշն է: Ասում են, թե բարեկեցություն կլինի այն ընտանիքում, որի տոնածառի ճյուղերի մեջ բռչնաբույն կա:


Գազար. Գազարը խորհրդանշում է խոհարարական արվեստը: Ըստ գերմանական ավանդույթի` ընտանիքի ընկերները և բարեկամները հարսնացուին կամ նորահարսին նվիրում էին գազարի տեսքով զարդ` այդպիսով մաղթելով նրան հաջողություն խոհանոցում:


Խաղողի վազ. Գերմանացիները հայտնի են գինիների նրբաճաշակ տեսականիով և գինուն նվիրված փառատոներով: Եվ քանի որ գինու հումքը հիմնականում խաղողն է, խաղողի վազը խորհրդանշում է անկեղծ ընկերություն, բարեկամություն կամ գործարար համագործակցություն, որը սկիզբ է առնում մի գավաթ գինուց:


Աստղ. Թե մեծահասակները և թե փոքրահասակները մշտապես զմայլվել են աստղերով, դիտել դրանք գիշերը, հաշվել: Նավապետերը դարեր շարունակ օգտվել են աստղերից` որպես կողմնացույց: Ավելի քան 2000 տարի առաջ մոգերը հետևեցին Բեթղեհեմի Աստղին` շարժվելով դեպի այն մսուրը, որտեղ ծնվել էր Հիսուս: Աստղը դրվում է տոնածառի վերնամասում` հիշեցնելու դրա դերը քրիստոնեության պատմության մեջ:


Սունկ. Կապակցվելով բնության և անտառի գեղեցկության հետ` սունկը համարվում է բարեբախտության խորհրդանիշ: Սնկի տեսքով զարդարանքով զարդարում են տոնածառը` արտահայտելով մարդու սերը դեպի բնությունը և հուսալով, որ գալիք տարին երջանկություն կբերի:


Վարունգ. Թեև վարունգի տեսքով տոնածառի զարդարանքը տարօրինակ է թվում, սակայն դա հին գերմանական ավանդույթ է: Հին Գերմանիայում վարունգը տոնածառի վրա դրվում էր ամենավերջինը և լավ թաքցվում ճյուղերի մեջ: Ըստ ավանդույթի` երեխաները փնտրում էին վարունգը` սովորաբար ձեռքերը մեջքի հետևում պահելով, առանց դիպչելու տոնածառին: Վարունգն առաջինը գտնող երեխան լրացուցիչ նվեր էր ստանում: Դա ընտանիքում ընդունված զվարճալի ավանդույթ էր:


Խոզ. Ըստ ավանդույթի` Ս. Ծննդյան տոնի նախօրեին խոզի տապակա ճաշակելը խափանում էր չարը և հաջողություն բերում գալիք տարում: Խոզը համարվում է բարգավաճման, խնայողության և տնտեսման խորհրդանիշը: Սովորաբար տոնին երխաներին նվիրում են խոզի կերպարանքով գանձանակ` ցանկանալով սովորեցնել խնայողություն:


Ճագար. Ճագարը խորհրդանում է պտղաբերությունը: Դարեր շարունակ նապատակը և ճագարը եղել են հույսի և հավատի խորհրդանիշներ: Ճագարը նաև գարնանը բնության զարթոնքի խորհրդանիշն է, այն առաջացել է 1800-ական թվականներին, Գերմանիայում, որտեղ թխվում էր հաց և պատրաստվում սառնաշաքար ճագարի տեսքով: Լինելով հույսի և հավատի արտահայտություն, ճագարի տեսքով զարդը դրվում էր հարսնացուի օժիտի մեջ:


Թեյնիկ. Լինելով հյուրասիրության խորհրդանիշ` թեյնիկը հիշեցնում է, թե որքան կարևոր է ժամանակն անցկացնել ընտանիքի և բարեկամների հետ, ինչը մեր ժամանակներում հազվադեպ է: Անկեղծ բարեկամությունը և ընտանեկան կապերն ավելի են ամրանդվում մի գավաթ թեյի շուրջ սրտանց զրույցով:

Թեյախմությունն ընտանիքին և բարեկամներին հնարավորություն է տալիս ճաշակել քաղցրավենիք, թխվածք և վայելել միմյանց հաճելի ներկայությունը:


Ընկույզ. Եվրոպայում ընկույզն օգտագործվում էր Ս. Ծննդյան տոնի նախօրեին կազմակերպվող խաղերի ժամանակ: Խաղի ընթացքում երեխաները կոտրում էին ընկույզը, կեղևի մեջ տեղադրում վառվող փոքրիկ մոմ և կեղևը դնում ջրով լի թասի մեջ` լողալու: Կարծում էին, թե այն տղան, ում մոմն ամբողջությամբ այրվում էր նախքան կեղևի շրջվելը, երկար կապրեր: Իսկ այն աղջիկը, ում մոմը մյուսներից ավելի երկար էր այրվում, հետագայում կունենար լավագույն ամուսին:

  • 2021-08-09
×