Պատրաստվենք մեր կյանքի ամենակարևոր հանդիպմանը. Գալստյան կիրակի
Պատրաստվենք մեր կյանքի ամենակարևոր հանդիպմանը. Գալստյան կիրակի
Մեծ Պահքի վեցերորդ կիրակին կոչվում է Գալստյան: Այս կիրակի հիշատակվում է Փրկչի Առաջին Գալուստը, և անդրադարձ կատարվում Երկրորդ Գալստյանը:
Առաջին անգամ՝ որպես խոնարհ ծառա, երկրորդ անգամ՝ արդար դատավոր:
Ըստ Ավետարանի՝ առաջին անգամ Աստծո Գալուստը եղավ մարդկային խոնարհ կերպարանքով: Աստծո որդին եկավ, ցույց տվեց փրկության ուղին, խաչվեց մարդկության համար:
Աստվածաշնչում բազմաթիվ վկայություններ կան նաև Քրիստոսի Երկրորդ Գալստյան մասին: Այն հիշատակվում է՝ որպես վերջին դատաստանի կամ Աստծո փառքի թագավորության օր: Նշվում է, որ այս անգամ Տերը գալու է՝ որպես արդար դատավոր, որ դատի մեղավորներին:
«Արեգակը կխավարի, լուսինն իր լույսը չի տա, աստղերը երկնքից կընկնեն, և երկնային զորությունները կսասանվեն։ Ապա երկնքում կերևա Մարդու Որդու նշանը։ Եվ այդժամ երկրի բոլոր ցեղերը կողբան և կտեսնեն Մարդու Որդուն, որ գալիս է երկնքի ամպերի վրայով զորությամբ ու մեծ փառքով։ Նա կուղարկի իր հրեշտակներին բարձրաձայն փողահարությամբ, որոնք նրա ընտրյալներին կհավաքեն չորս կողմերից՝ երկնքի մեկ ծայրից մինչև մյուս ծայրը»։ (Մատթեոս 24:29-31):
Ե՞րբ է լինելու այդ օրը: Հարցը, ըստ Ս․ Առաքելոց եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Հովհաննես քահանա Մարուքյանի, տարբեր ժամանակշրջաններում միշտ հետաքրքրել է մարդկանց: Պատասխանը, սակայն, հստակ է․ այդ օրվա մասին ոչ ոք չգիտի:
«Տերն ասում է՝ արթուն կացեք, որովհետև չգիտեք, թե երբ է գալու Ձեր Տերը: Մարդ պետք է միշտ պատրաստ լինի: Քիստոնյաները Գալստյանը պետք է սպասեն Ադամի ապաշխարության արցունքներով, մաքսավորի խոնարհությամբ, իմաստուն և հավատարիմ, բարի ծառաների նման»,- նշում է Տեր Հովհաննեսը:
Ավետարանում կա պատգամ՝ միշտ պատրաստ լինել:
«Դուք էլ պատրա՛ստ եղեք, որովհետև այն ժամին, երբ չեք սպասի, կգա Մարդու Որդին» (Ղուկաս 12:40):
Վախենալու փոխարեն՝ պատրաստվել
Գալստյան կիրակին հիշեցնում է, որ Տերը գալու է: Կարևոր է, որ մարդիկ գիտակցեն, թե ինչ պարգև են ստացել ու մտածեն Աստծո հետ հանդիպման մասին: Տեր Հովհաննեսի խոսքով՝ պատահական չէ, որ Մեծ Պահքի շրջանում է հիշատակվում այս օրը.
«Մեր կյանքի ընթացքում և հատկապես պահոց օրերին պատրաստվենք մեր կյանքի ամենակարևոր հանդիպմանը: Քրիստոս ասում է՝ գալու է իր փառքով, հրեշտակների ուղեկցությամբ ու զատելու է ազգերին, ինչպես հովիվը զատում է ոչխարներին, այծերից»:
Օրվանից վախենալու ու ոչինչ չանելու փոխարեն՝ Եկեղեցու հայրերը խորհուրդ են տալիս հանդիպմանը պատրաստվել: Տրված օրերը պետք է անցկացնել քրիստոնյային վայել կյանքով, լուսավոր գործեր կատարելով, իրական հավատով ու սիրով: