Հայաստանի ռուսական համայնքը տոնեց Բարեկենդանը

Հայաստանի ռուսական համայնքը տոնեց Բարեկենդանը

Խաղերով, զվարճանքներով, բլիթների հյուրասիրությամբ Երևանում նշվեց Ռուս Ուղղափառ Եկեղեցու Բարեկենդանը։

 

Միջոցառման կազմակերպիչներն էին Երևանում Գիտության ու մշակույթի ռուսական կենտրոնը և Երևանի Ռուսական արվեստի թանգարանը: 

 

Այս տարի տոնին մասնակցեց նաև Արարատյան Հայրապետական թեմը: Կազմակերպիչների կողմից հատկացվել է տաղավար, որտեղ թեմի Երիտասարդաց միության անդամները, Ս․ Սարգիս առաջնորդանիստ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Պետրոս ավագ քահանա Մալյանի առաջնորդությամբ, ներկայացրին ազգային ուտեստներ, որոնք հատուկ են Բարեկենդանին: Սեղանին էին նաև պահոց շրջանի ուտեստներ, քանի որ Հայաստանում այժմ Մեծ Պահքի շրջանն է: Երիտասարդները ներկայացրին նաև ազգային խաղեր: 

 

Երևանում Գիտության ու մշակույթի ռուսական կենտրոնի մամուլի բաժնի պատասխանատուն՝ Ելենա Շուվաևան, տեղեկացրեց, որ տոնը տևում է մեկ շաբաթ ու յուրաքանչյուր օրվա համար կան հատուկ սովորություններ: 

 

«Այս տարի մասնակցում է Արարատյան Հայրապետական թեմը ևս, քանի որ Հայ Առաքելական Եկեղեցին ունի նմանատիպ տոն։ Ինչպես Հայ Եկեղեցում, այնպես էլ Ռուս Եկեղեցում կարևոր են ընտանեկան արժեքները, ավանդույթները, պատմությունը: Այդ պատճառով այս տարի որոշեցինք միավորվել»,- նշեց Ելենա Շուվաևան:

 

Ռուս ուղղափառ եկեղեցին, տոնելով Բարեկենդանը, պատրաստվում է պահոց շրջանին։ Տոնը նաև համարվում է ձմռան ու գարնան սահմանը։ Ժամանակին մարդիկ ուրախանում էին ցուրտ ձմռանից հետո բնության զարթոնքով։ 

 

Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին

 
  • 2024-03-14
×