Փնտրելով հայկական հետքը. Անտուան Ագուջյան՝ պատմություն վավերագրողը
Փնտրելով հայկական հետքը. Անտուան Ագուջյան՝ պատմություն վավերագրողը
«Իմ նպատակը հայերի հիշողությունները փոխանցելն է»,- ասում է ֆրանսահայ Անտուան Ագուջյանը: Նա լուսանկարում է պատերազմների, հակամարտությունների ժամանակ, գործակցում համաշխարհային պարբերականների հետ, անմահացնում տեսարաններ, որոնք պատմում են իրականությունը:
Լուսանկարը՝ Անտուան Ագուջյանի ֆեյսբուքյան էջից
Ագուջյանի ֆոտոխցիկի կենտրոնում, սակայն, յուրահատուկ տեղ ունեն հայրենիքն ու հայերը: Աշխարհին պատմում է, թե ինչ եղավ 100 տարի առաջ ու ինչ է կատարվում այսօր:
Վստահ է՝ պիտի շարունակենք պայքարել:
«ժառանգված» հիշողություններ, հայկական հետք
Տառապանք, ցավ, բայց միևնույն ժամանակ հավատ ու սեր կարելի է գտնել Ագուջյանի լուսանկարներում, որոնք կապում են անցյալն ու ներկան:
Լուսանկարիչը ծնվել է Ֆրանսիայի Ալֆորվիլ հայաշատ քաղաքում: Հայոց ցեղասպանությունը վերապրածների 3-րդ սերնդից է՝ վերջին սերնդից, որ տեսել է ցեղասպանություն վերապրածներին: Իր աշխատանքների միջոցով արթնացնում է տատիկ-պապիկից «ժառանգած» հիշողությունները:
«Հիշում եմ, որ փոքր էի, ցեղասպանության մասին հատուկ չէին խոսում, բայց երբ հայերը հավաքվում էին, զրուցում էին ու լաց էին լինում: Զգում էի, որ շատ խորը ցավ է պատճառում այդ պատմությունը: Ընթացքում իմ մեջ ստեղծվեց մի աշխարհ»,- նշում է լուսանկարիչը:
Հայոց ցեղասպանության մասին լսած պատմությունները հատուկ պատկերներ են ստեղծել իր գլխում:Հետագայում նրան ցնցել է Սպիտակի երկրաշարժն ու Ագուջյանին բերել հայրենիք, որտեղ էլ սկսվել է լուսանկարչի պատմությունը:
Հայոց հիշողության հետքերը նրան հասցրել են տարբեր երկրներ, որտեղ փնտրել է հայկական հետքն ու ներկայացրել լռության աղաղակը: Հետագայում Թուրքիայում դարձել է արգելված թեմայի վերաբերյալ ցուցահանդես ունեցած լուսանկարիչը։
Անցյալ, որ կրկնվում է
Ֆրանսահայ լուսանկարիչը շատ է եղել պատերազմի դաշտում: Իր ֆոտոխցիկի առաջ հաճախ է եղել քաոսը: Նրա նկարներում մարդկային կյանքերն են, ավերածությունները, ռազմական գործողությունները, պատերազմի ժամանակ կյանքը, կրկնվող պատմությունը:
«Ես աշխատում եմ, որ նկարներս ներկայացնեն անցյալը: Նպատակս է ներկայացնել պատմությունը: Իմ ֆոտոխցիկի առաջ մարդիկ են, հասարակ ժողովուրդը, որը տուժում է պատերազմներից»,- նշում է Ագուջյանը:
Հայաստանի համար բարդ օրերին եղել է հայրենիքում: Ծանր զգացողություն է ունեցել: Կարծես տեսել է այն պատկերները, որ ստեղծվել են իր գլխում՝ տարիներ շարունակ ցեղասպանության մասին պատմություններ լսելով:
«Երբ (44-օրյա) պատերազմի ժամանակ գնացի Արցախ, դիրքեր, կռվի օջախ, մտա վատ երազիս մեջ, որտեղ հարձակվողները թուրքեր էին, դիմադրողները՝ հայերը, քրիստոնյա ժողովուրդը: Մարդիկ պաշտպանում էին իրենց եկեղեցիները: Ես ամբողջությամբ ապրեցի այն, ինչ պատմում էին պապերս: Այդ զգացողությունն ինձ ուղեկցում էր ամբողջ ընթացքում»:
Պատերազմից մեկ տարի անց կրկին գնացել է Արցախ: Լուսանկարում էր նաև այն ժամանակ, երբ արցախահայերը լքեցին իրենց տները:
Լռության ճիչը՝ տարբեր երկրներում
Հայերի մասին պատմող ցավոտ պատմությունները հասցրել է աշխարհի տարբեր կետեր: Համաշխարհային պարբերականներից բացի Ագուջյանի լուսանկարները ներկայացվել են տարբեր ցուցահանդեսների:
«Տարվա մեջ 365 օր ապրում եմ այդ պատմությունները: Կյանքս նվիրել եմ այդ գործի համար, որպեսզի պայքարենք: Մեկ ամիս առաջ ցուցահանդես ունեցա Կաննում: Հիմա կրկին պատրաստվում եմ ցուցահանդեսի»,- նշում է լուսանկարիչը:
Հայաստանում Ագուջյանի ցուցադրությունը 2022 թվականին էր: Ներկայացված էին մոտ 30 տարվա աշխատանքները, իր խոսքով՝ լռության ճիչը: