Խոսքի ուժը. Տիրոջ հետ զրուցել հոգով, մտքով, սրտով

Խոսքի ուժը. Տիրոջ հետ զրուցել հոգով, մտքով, սրտով

Խոսքի ուժը. Տիրոջ հետ զրուցել հոգով, մտքով, սրտով

 

Մենք օգտագործում ենք հազարավոր բառեր, արտահայտություններ՝ դրական, բացասական իմաստներով՝ հաճախ չմտածելով դրանց նշանակության ու խոսքի զորության մասին: Հարց է առաջանում, իսկ ի՞նչ բառերով կարող ենք դիմել Տիրոջը, ի՞նչ անել, որ աղոթքը մեխանիկական չլինի:

 

«Շողակն Արարատյան» ամսաթերթի զրուցակիցը Ներքին Չարբախի Սուրբ Խաչ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Հրաչյա քահանա Գյոզալյանն է:

 

Աղոթքի լեզուն հասկանալու համար Տիրոջ հետ պետք է զրուցել հոգով, մտքով, սրտով

 

Աղոթքը մեր զրույցն է Արարչի հետ: Երբ մենք աղոթում ենք, պետք է կտրվենք աշխարհից, ընկղմվենք աղոթքի մեջ, հոգով, մտքով, սրտով լինենք Աստծո հետ: Այս ամենը կարևոր է, որպեսզի մեր խոսքը լսելի լինի: Եկեղեցին պահպանել է աղոթքի լեզուն՝ գրաբարը: Երբեմն մարդիկ տրտնջում են, թե այն չեն հասկանում: Դա նշանակում է, որ չեն հասկանում մեր նախնյաց լեզուն: Աղոթքներում, շարականներում հնչող բառերը մեզ խորթ չեն, դրանք դառնում են մեր արմատներին: Պետք է ուշադիր լինել, ամբողջ հոգով անկեղծ զրուցել Աստծո հետ: Այդ դեպքում ամեն բան պարզ կլինի: Երբ մարդիկ սկսում են մասնակցել Սուրբ Պատարագների, ժամերգությունների, սկզբում չարն իր գործն անում է. հոգնածություն, թմբիր է բերում: Երբ մարդ դրսևորում է կամքի ուժ, հաճախ է անկեղծ, ի սրտե աղոթում, մասնակցում Սուրբ Պատարագների, լսում շարականեր, սկսում է հասկանալ նաև աղոթքի լեզուն:

 

«Ի խորոց սրտի խօսք ընդ Աստուծոյ»

 

Տիրոջ հետ զրույց՝ մեր բառերով

 

Տիրոջ հետ կարող ենք անգամ լուռ զրուցել, կանգնել եկեղեցում ու չասել որևէ բառ. Նա գիտի մեր ցանկությունների մասին, լսում է Իրեն ուղղված մեր խոսքը, եթե այն անկեղծ է:  Մի հետաքրքիր պատմություն կա մեծահասակ կնոջ մասին, որը Բարձրյալի հետ զրուցում էր իր բառերով: Մի անգամ նրան տեսնում է տեղի քահանան ու սաստում, թե սխալ է աղոթում: Մի քանի օր անց հոգևորականը երազում տեսնում է Տիրոջը: Նա նրան հարցնում է. «Իմ սոխակին ինչո՞ւ լռեցրիր»: Քահանան գտնում է կնոջն ու փոխանցում, որ աղոթի այնպես, ինչպես նախկինում էր աղոթում: Տերը գիտի մեր ցանկությունները. «Երբ աղոթես, մտի՛ր քո սենյակը, փակի՛ր քո դռները և ծածո՛ւկ աղոթիր քո Հորը, և քո Հայրը, որ տեսնում է ծածուկը, քեզ կհատուցի հայտնապես» (Մատթեոս 6:6):

 

Լինե՛նք զգոն, երբ խոսում ենք Արարչի հետ

 

Աշխարհն արարվեց խոսքով: Բարձրյալի սերը դրսևորվեց, երբ ասաց. ««Թող լույս լինի»։ Եվ լույս եղավ» (Ծննդոց 1:3): Խոսքն ուժ ունի, պետք է զգոն, անկեղծ լինենք, երբ խոսում ենք Արարչի հետ: Կարևոր է, որ մեր սրտում ունենանք բարի ցանկություններ, մեր միջից հանենք չարությունը, աղոթենք նաև մյուսների համար: Պատահել է, որ մարդիկ դիմացինին ցանկացել են միայն վատն ու անգամ աղոթքի ժամանակ խնդրել միայն բացասականը, օրինակ, որ պատժվեն իրեն վատություն անողները, բայց կյանքի ընթացքում կորցրել են հենց իրենք: Պետք է բարին խնդրել, ու բարին կլինի: Աստված լսում է մեր ցանկությունները, բայց դրանց իրականացման համար պետք է լինի Նրա կամքը: Տերունական աղոթքում մենք ասում ենք. «Եղիցին կամք քո»:

 

«Ի սկզբանե էր Բանը, և Բանն Աստծո մոտ էր, և Բանը Աստված էր» (Հովհաննես Ա 1)։

 

Պետք է ճիշտ հասկանալ խոսքը

 

Ամեն մարդու վերապահված չէ մեկնաբանել Աստվածաշունչը: Տարածված սխալ կարծիք կա, թե յուրաքանչյուրը կարող է կարդալ Սուրբ Գիրքն ու իրեն հռչակել քարոզիչ, մարդկանց պատգամներ տալ: Երբ ընթերցում ենք Աստվածաշունչը, նշված է. «Եվ եթե աչքդ գայթակղեցնում է քեզ, հանի՛ր այն և դե՛ն նետիր քեզնից. քեզ համար ավելի լավ է մեկ աչքով հավիտենական կյանք մտնել, քան թե երկու աչք ունենալ և գեհենի կրակն ընկնել» (Մատթեոս 18:9): Տիրոջ խոսքը փոխանցելը վերապահված է եղել առաքյալներին ու փոխանցվել մեր առաքելահաստատ եկեղեցիներին: Հոգևորականները նույնպես առանց եկեղեցու հայրերի մեկնություններն ուսումնասիրելու՝ մարդկանց պատգամներ չեն տալիս: Պետք է կարդալ Աստվածաշունչն ու զրուցել հոգևորականների հետ՝ նրանցից ստանալով մեզ հետաքրքրող հարցերի պատասխանները, քանի որ նրանք լծված են աստվածային խոսքը տարածելուն:

 

«Կենդանի է Աստծու խոսքը, ազդու և ավելի հատու, քան ամեն մի երկսայրի սուր, և կտրում անցնում է մինչև ոգու և հոգու, հոդերի և ողնածուծի բաժանման սահմանը. նա քննում է խոկումները և սրտի մտադրությունները» (Եբրայեցիներին 4: 12):

 

Սխալ է Տիրոջ անունը շարունակ տալը

 

Մարդկանց մեջ տարածվել է հպարտությունը. տեղի, անտեղի  իրենց ամենօրյա խոսակցություններում գործածում են Տիրոջ անունը: Օրինակ վերցնենք սուրբ հայրերի գրվածքները, նրանց վարքը: Անգամ սրբերն իրենց իրավունք չեն վերապահել անընդհատ գործածել Նրա անունը: Նարեկացին ասում է՝ Բարձրյալ, Երկնավոր, իսկ «Տերունական աղոթք»-ում նշվում է՝ «Հայր մեր»: Ժամանակին հրեական սովորության մեջ արգելված էր Տիրոջ անունը գործածելը: Մարդիկ իրենց թույլ չեն տվել ասելու՝ Աստված, չեն ունեցել այդքան համարձակություն: Սա ցույց է տալիս, որ մարդը մեծագույն երկյուղ է ունեցել Նրա նկատմամբ:

 

«Տերը չի արդարացնի նրան, ով իր անունը զուր տեղն է օգտագործում» (Ելք 20:7):

 

Պատրաստեց Անի ԱՎԱԳՅԱՆԸ

  • 2024-03-11
×