Արվեստագետներն արժանացան մեդալների

Արվեստագետներն արժանացան մեդալների

Փետրվարի 29-ին Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի նախագահությամբ տեղի ունեցավ նկարչական մրցույթի արդյունքների ամփոփումը։  

 

Միջոցառմանը մասնակցում էին Արարատյան  Հայրապետական թեմի առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցու հոգեւոր հովիվ արժանապատիվ Տեր Պետրոս ավագ քահանա Մալյանը, նույն եկեղեցու խաչքավոր Հակոբ Մանուկյանը, Համաշխարհային հայ նկարիչների միության համանախագահներ Անահիտ Մխիթարյանն ու Ղազար Միրզոյանը, միության բարեկամ, բարերար Գևորգ Ղազարյանը, միության անդամներ, վաստակավոր նկարիչներ, մրցույթի մասնակիցները։ 

 

Սա Ս. Սարգսի տոնի առթիվ իրականացվող  արդեն 10-րդ` հոբելյանական մրցույթն էր։ Այն կազմակերպվում է Աշխարհի հայ նկարիչների միության նախաձեռնությամբ և Արարատյան Հայրապետական թեմի աջակցությամբ ու հովանավորությամբ։ 

 

Առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցու խաչքավոր Հակոբ Մանուկյանը մրցույթի առաջին տեղը զբաղեցնողների համար սահմանել էր դրամական մրցանակ, որը շնորհակալագրերի հետ հանձնվեց հաղթողներին։

 

Նկարիչ Կամսար Կարապետյանն իր աշխատանքն անվանել է «Վերացական պատկեր»: 

 

«Գործը ծնվել է կորոնավիրուսի ժամանակ: Պատկերել եմ Քրիստոսին՝ աբստրակտ, վերացական ոճի մեջ: Նկարելիս պատկերացրել եմ Քրիստոսի գալուստը»,- նշում է հեղինակը: 

 

Այս ստեղծագործությամբ հեղինակը Երիտասարդ ստեղծագործողների հանրապետական մրցույթին Գրաֆիկա անվանակարգում արժանացավ առաջին մրցանակի: 

 

-Տարիներ առաջ Աշխարհի հայ նկարիչների միության համանախագահների հետ նախաձեռնեցինք այս մրցույթը, որպեսզի զորացնենք այն ներշնչանքը, որ բխում  է Ս. Սարգիս զորավարի օրինակից, որպեսզի երիտասարդ ստեղծագործողների համար ներկայանալու նոր հնարավորություն ստեղծվի։ Սա  հնարավորություն է, որ հայակենտրոն լինեն մեր ստեղծագործողները և հավատքի մեջ զորացած՝ ստեղծագործելով Ս. Սարգիս զորավարի բարեխոսությամբ»,-  ներկաներին ասաց Նավասարդ Սրբազանը։ 

 

Սուրբ Սարգսի տոնի առթիվ Հայաստանի նկարիչների միությունում հունվարի 27-ին բացվել էր  ցուցահանդես, որտեղ ներկայացվել էին գեղանկար, գրաֆիկա, դեկորատիվ կիրառական արվեստի ու քանդակի աշխատանքներ, որոնց թեման սերն էր։ Մրցույթին մասնակցում էին չորս տասնյակից ավելի ստեղծագործողներ։ 

 

Աշխարհի հայ նկարիչների միության համանախագահ Ղազար Միրզոյանը ուրախությամբ նշեց, որ մրցույթն արդեն 10 տարի իրականացվում է Արարատյան թեմի ու անձամբ Նավասարդ Սրբազանի աջակցությամբ։ Ու այդ առթիվ անակնկալ էր պատրաստել։ Նա «Ս. Սարգիս» մեդալ հանձնեց նաև ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանին և Աշխարհի հայ նկարիչների միության համանախագահ Անահիտ Մխիթարյանին ծրագրի մտահաղացման համար:

 

Արման Համբարձումյանը 3-րդ անգամ արժանացավ առաջին մրցանակի՝ Քանդակ անվանակարգում՝ «Լեոնիդասը, Քունը և Մահը» ստեղծագործության համար:

 

«Հունական դիցաբանությունից մահը և քունը թևավոր աստվածներ էին, որ գալիս էին, քաջ հերոսներին ռազմի դաշտից տանում երկինք: Խորհրդանշական գործ է. մահ չիմացյալ մահ է, մահ իմացյալ անմահություն»,- նշում է քանդակագործը:

 

Գեղանկար անվանակարգում հաղթեց Արմեն Զաքարյանը և իր ստեղծագործությունը, որտեղ պատկերել է ՍՍարգսին՝ իր որդի Մարտիրոսի հետ, նվիրեց  Նավասարդ Սրբազանին։ 

 

Դեկորատիվ կիրառական արվեստ անվանակարգում 1-ին մրցանակի արժանացավ Սիրարփի Միրզոյանը:

 

Հոբելյանական ցուցադրությունը առանձնանում էր նրանով, որ դրա առթիվ տպագրվել է պատկերագիրք` մասնակից աշխատանքների նկարներով, Սուրբ Սարգսի պատմության ու ժողովրդական սովորությունների մասին  տեղեկատվությամբ։ 

 

Պատկերագիրքը տպագրվել է Գևորգ Ղազարյանի մեկենասությամբ։ Որպես գնահատանքի դրսեւորում` Աշխարհի հայ նկարիչների միության կողմից նա արժանացավ բարերարի` «Մոմիկի» անվան մեդալի։ 

 

Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին

  • 2024-02-29
×