Ամանորը մեր ժողովրդի կարևորագույն տոնն է: Ամենքը սիրով և հանդիսավորությամբ են պատրաստվում այդ օրվան: Ըստ ավանդության՝ ամանորյա տոնը Հայաստանում սկզբնավորվել է Ք.Ա. 2492 թ. օգոստոսի 11-ին, երբ Հայկ Նահապետը սպանել է աշշուրաբաբելական բռնակալ Բելին և սկիզբ դրել քաղաքական անկախության: Ի նշանավորումն այդ հաղթանակի՝ այդ օրը համարվել է տարվա առաջին օրը՝ տարեգլուխը, որ կոչվել է Նավասարդ: Ըստ հին հայկական տոմարի՝ ամանոր, տարեգլուխ, կաղանդ են անվանել տարվա առաջին ամսի՝ նավասարդի առաջին և տոնական օրը, որն առնչվում է աշնան բերքահավաքի հետ:
Որպես բնության պտղաբերության տոն՝ Բագավանում (Դիցավան) տեղի են ունեցել համաժողովրդական հանդիսություններ՝ խնջույքներ, զոհաբերություններ, երգ ու պար, շնորհավորանքներ ու բարեմաղթանքներ: Հնում Ամանորը կապվել է նաև գարնան՝ բնության զարթոնքը նշանավորող Բարեկենդանի հետ: Քրիստոնեության ընդունումով Ամանորը ներառում է նաև Քրիստոսի Ծննդյան տոնակատարությունը: 18-րդ դ. Սիմեոն Երևանցու տոմարով հայերը, նաև ըստ հուլյան տոմարի, հունվարի 1-ն ընդունել են որպես տարվա սկիզբ՝ հիմնականում պահպանելով ազգային երբեմնի ամանորյա ծեսերը:
Հայկական ազգային օրացույցի առաջին՝ Նոր տարվա տոնը բարբառներում ունի տարբեր անվանումներ: Գրական հայերեններին բնորոշ են նոր տարի, ամանոր, կաղանդ, տարեմուտ, տարեգլուխ կազմությունները: Ժամանակակից գրական արևելահայերենում գործածական են Նոր տարի և Ամանոր ձևերը: Տոնի հնագույն՝ հին հնդկերեն նավա-սարատա, և իրանյան նավասարահտու բառերին համարժեք հայահունչ նավասարդ անվանումը ժամանակակից հայերենում այլևս գործածելի չէ, և դրան փոխարինում է հայերեն թարգմանությունը՝ ամ+ա+նոր=ամանոր: Նավասարդ բառի հասկացության ծավալն արդի հայերենում փոքրացել է, տեղի է ունեցել բառիմաստի նեղացում և մասնավորում: Նախկին՝ տարեսկիզբ իմաստը, քրիստոնեության հաստատման հետևանքով, դարերի ընթացքում սահմանափակվելով՝ ներկայումս վերագրվում է միայն հեթանոսական կրոնական ըմբռնմանը:
Բարբառային նյութի դիտարկումը ցույց է տալիս, որ տարբեր բարբառներ տոնական այդ օրը կոչում են տարբեր կերպ: Մեր ձեռքի տակ եղած նյութերում ընդամենը մեկ տարածքում՝ Արարատյան բարբառի Նորքի խոսվածքում է պահպանված նավասարդվա օր հնագույն ձևը: Բարբառների գերակշիռ մասում գրանցված է նոր տարի որոշիչ-որոշյալ կապակցությունը՝ բարբառային հնչյունական տարբերակներով: Այսպես՝ նոր//նօր տարի ձևը բնորոշ է Իգդիրին, Մանազկերտին, Ծալկային, Բասենին, Սպարկերտին, Բուլանուխին, Մակուից եկած հայերով բնակեցված վայրերին, Խոտրջուրին, Խութին, Խոյին և այլն. նուօր տարի՝ Բեժանո, նորը տարի՝ Բյուրական, Անտառուտ, նոր տաօրի՝ Բայազետ, նօր տարէ՝ Մուժումբար, ընօր տարէ՝ Ղարաբաղ, նօր դարի՝ Սասուն, Նիկոմեդիա, նօր//նոր դարը՝ Գելիեգուզան, Կոմք, նօյ դարի, Համշեն, նուր դարի, Ընգուզնակ, նէր//նէյ դարի, Բալլուղ, նՕյ դարի, Ճանիկ և այլն:
Մի քանի տարածքներում առկա են նոր ածականի թազա պարսկերեն հոմանիշի հնչյունական տարբերակները՝ թաժա տարի՝ Քասաղ, թզ տարի՝ Վերին Ճամբարակ, Ղափան, Նախիջևան, Շարուր, Շուլավեր, թազա տարի՝ Առինջ, Ներքին Բուլանուխ, Կարս, Կյաղ, թզ տարէ՝ Առաջաձոր, Շուշի և այլն:
Սակավ թվով տարածքների բնորոշ են տարեմուտ բառի հնչյունական տարբերակները՝ տարեմուդ՝ Բյուրականի Երևանի մայլա, տարէմուտ//տարէմուդ՝ Կարս և այլն: Մի շարք խոսվածքներում նոր տարի հասկացությունն ունի միայն քրիստոնեական ըմբռնում և կոչվում է ջըրօխնեկ՝ Ալաշկերտ, ճըրօրհնանք, Շինուհայր, ճի՝րՕխնք, Գորիսի շրջանի Քարահունջ, Խոտ, Վաղատուր և այլն: Ինչպես նկատելի է, բառիմաստի ընդլայնման հետևանքով հունվարի 6-ին կատարվող Ջրօրհնեքի քրիստոնեական ծիսական արարողության անվանումով կոչվում է տարեմուտ հասկացությունը: Բուլանուխում և Սասունի Հոսներ գյուղում համապատասխանաբար գրանցված են պըստի զտիկ և զադիգ արտահայտությունները՝ «ամանոր» իմաստով: Արևմտահայերենին, ինչպես և բարբառների մի ստվար խմբի բնորոշ է կաղանդ լատիներեն բառը՝ իր հնչյունական տարբերակներով: Բառի հիմնական իմաստով նշվում է յուրաքանչյուր ամսի առաջին օրը, ամսագլուխը, ամսամուտը, որը գրական արևմտահայերենում և հայերենի բարբառներում ստացել է նոր տարվա առաջին օրվա իմաստ:
Այսպես՝ կաղանդ՝ Վան, Երզնկա, Մոկս, Երևան, Սալմաստ, ոտրջուր, Քասաղ, Ուշի, Արտամետ, Արմտլու, Կարս, Արճակ, իզան, կաղանթ՝ Արաբկիր, կաղընդ՝ Երզնկա, գաղանդ՝ Ոզմ, Խարբերդ, Ռոդոսթո, Սեբաստիա, Քղի, գքաղանդթ՝ Ադաբազար, գաղաթ//գաղա՝ Ասլանբեգ, գաղանդ//գաղանդ՝ Մըշկեղ, Սուչավա, գաղընդ՝ Պոլիս, կաղընտ՝ Ախալցխա, Կարին, կաղինտ՝ Ղաբուռ…
Այսպիսով, Ամանորի տոնի հետ առնչվող բարբառային տարբեր բառանվանումները վառ կերպով արտահայտում են մեր ժողովրդի պատկերավոր մտածողությունը և հետաքրքիր տարբերակներով նշում տոնի հետ առնչվող իրողությունները:
Հայկանուշ ՄԵՍՐՈՊՅԱՆ
Բանասիրական գիտ. թեկնածու