Տիրոջն ընդառաջ գնալու ժամանակն է. Հայ Առաքելական Եկեղեցին նշում է Տեառընդառաջը:
«Աստծո Որդուն ընդառաջ գնալով` գործադրենք Տիրոջ պատգամները: Ապրենք ոչ միայն Տիրոջ խոսքը լսելով, այլև Նրա պատգամները կատարելով». Ներքին Չարբախի Ս. Խաչ եկեղեցու հոգևոր հովիվ տեր Հրաչյա քահանա Գյոզալյանի խոսքով՝ հենց սա է Տեառընդառաջի պատգամը:
Տեառընդառաջը անշարժ տոն է: Նշվում է փետրվարի 14-ին, սակայն տոնական արարողությունները սկսվում են տոնի նախորդ երեկոյից:
Փետրվարի 13-ին՝ երեկոյան ժամերգությունից հետո, երբ ըստ եկեղեցական կարգի, փոխվում է օրը, կատարվում է նախատոնակ: Մարդիկ եկեղեցու կանթեղներից վերցրած կրակով վառում են խարույկներ՝ որպես Քրիստոսի լույսի խորհրդանիշ:
Փետրվարի 14-ին առավոտյան մատուցվում է Ս. Պատարագ, կատարվում է Նորապսակների օրհնության կարգ:
Իր աչքերը տեսան աշխարհի փրկությունը
Ամեն տարի Տեառընդառաջի նախօրեին սկսվում են թեժ բանավեճերը՝ տոնը քրիստոնեակա՞ն, թե՞ հեթանոսական է:
Քահանան ևս մեկ անգամ ընդգծում է՝ տոնը չի կարող լինել հեթանոսական: Այն խորհրդանշում է 40-օրական Հիսուսի ընծայումը տաճարին:
«Ավետարանում ընթերցում ենք, որ երբ լրացավ մանուկ Հիսուսի 40 օրերը, Հովսեփը և Մարիամը Նրան տաճար տարան: Սա պահանջում էր հրեական օրենքը. նորածնի մայրն իր երեխայի հետ այցելում էր տաճար, զոհ մատուցում ու իր զավակի համար օրհնություն ստանում»,- նշում է քահանան:
«Ամեն արու զավակ, որ արգանդ է բացում, Տիրոջ համար սուրբ պիտի կոչվի» (Ելք 13.2, 12)։ Եվ Տիրոջ օրենքում ասվածի համաձայն՝ ընծա պետք է տալ մի զույգ տատրակ կամ աղավնու երկու ձագ (Ղևտ. 12.8)»։
Սիմեոն մարգարեն Տիրոջ կողմից ընտրված այն անձն էր, որը պետք է իր գիրկն առներ աշխարհի Փրկչին:
«Սրբազան ավանդությունը փոխանցում է, որ տաճարի արևելյան դուռը փակ էր, իսկ երբ մանուկ Հիսուսին տաճար են տանում, բացվում է դուռը: Սիմոնը, տեսնելով Տիրոջը, նշում է, որ իր աչքերը տեսան աշխարհի փրկությունը: Տերը եղավ հայտնության Լույս»,- նշում է քահանան:
Ավետարանիչը պատմում է, որ Սիմեոն ծերունուն Սուրբ Հոգուց հրամայված էր մահ չտեսնել, մինչև Տիրոջ Օծյալին տեսնելը:
«Ինչպես Սիմեոն ծերունին ընդառաջ գնաց Տիրոջը, այսօր նաև մենք պետք է օրվա խորհրդով լցված ընդառաջ գնանք, որ Տիրոջ հայտնության Աստվածային լույսը լուսավորի մեր հավատավոր զավակների հոգիները: Ինչպես Սիմեոն ծերունին փառք տվեց Տիրոջը, այդ հոգով մենք էլ կարողանանք ի սրտե փառավորել Տիրոջը»:
Կրակը նմանեցվում է Սուրբ Հոգու զորությանը
Կասկածները, թե տոնը հեթանոսական է, մարդկանց մոտ հիմնականում առաջանում են տոնի նախօրեին վաղվող խարույկների պատճառով, սակայն, ըստ քահանայի՝ կրակ վառելը դեռ չի նշանակում հեթանոս լինել:
«Ո՛չ կրակապաշտ ենք, ո՛չ զոհաբերություններ ենք կատարում, ո՛չ երկրպագում ենք: Բորբոքված կրակը Աստծո հուրն է, Տիրոջ ջերմությունն է, լույսի խորհուրդն է»:
Ի տարբերություն կռապաշտության՝ քրիստոնեության մեջ կրակը նմանեցվում է Սուրբ Հոգու զորությանը: Խարույկը վառվում է եկեղեցու կանթեղներից վերցված կրակով՝ դառնալով Քրիստոսի լույսի խորհրդանիշ:
Խարույկի վրայով ցատկելը ժողովրդական ավանդություն է, խաղ, իսկ գուշակություններին հավատալ պետք չէ: Ավանդույթն ազգային մշակույթի մաս է: