Ս. Ծննդյան տոնի նախօրեին Տեր Աստված երկնքից նայում էր Իր զավակներին: Իր Որդու Ծննդից ի վեր ավելի քան 2000 տարի էր անցել: Դառնալով հրեշտակներից մեկին՝ Տեր Աստված ասաց.
- Գնա աշխարհ և բեր ինձ մի բան, որը լավագույնս ներկայացնի հանուն Ս. Ծննդյան տոնի կատարված բարին:
Հեշտակը խոնարհվեց և իսկույն իջավ աշխարհ: Աշխարհում այնքան շատ բան էր տեղի ունեցել ի պատիվ Հիսուս Քրիստոսի Ս. Ծննդյան: Տոնական այդ առիթով պատերազմող երկրները հրադադար էին հայտարարել, եկեղեցիներ և տաճարներ էին կառուցվել, հրաշալի երկեր էին գրվել, բազմաթիվ բարեգործական ծրագրեր իրականացվել: Ուրիշ էլ ի՞նչ կարող էր ավելի լավ ներկայացնել բոլոր իրագործումները:
Աշխարհի վրայով թռչելիս հրեշտակը լսեց եկեղեցու զանգերի ղողանջ, որն այնքան սքանչելի էր, որ հիշեցնում էր Տեր Աստծո ձայնը: Զանգերի ղողանջին հաջորդեց հրաշալի և ներդաշնակ երգեցողությունը, որ լսվում էր ամբողջ գիշեր մեծ ու փոքր քաղաքների և գյուղերի բոլոր եկեղեցիներում, որտեղ մարդկանց սրտերը լի էին հույսով:
Հրեշտակը մտածեց, որ այդ երգեցողությունը միգուցե լավագույն կերպով էր արտահայտում Ս. Ծննդյան տոնի խորհուրդը, որովհետև պարգևում էր ուրախության և հույս:
Այնուամենայնիվ, հրեշտակը շարունակեց իր երկրային ճամփորդությունը և հանկարծ լսեց ծեր հոր աղոթքն իր դստեր համար, ումից նա երկար ժամանակ լուր չուներ, և հազիվ թե Ս. Ծննդյան տոնին նա տուն վերադառնար: Լսելով հայրական աղոթքը, հրեշտակն իսկույն հետևեց և գտավ նրա դստերը:
Նա մի մեծ քաղաքում էր, միայնակ ու տխուր կանգնած մի բարի մոտ: Թե բարմենը, և թե հաճախորդները չէին նկատում երիտասարդ կնոջը: Բարմենն աշխատում էր բարում շատ վաղուց: Նա երբեք չէր ամուսնացել, արձակուրդ չէր վերցրել և հանգստացել, իր աշխատանքից բացի ոչինչ չէր հետաքրքրում նրան: Նա մարդամոտ չէր, միշտ լուռ կատարում էր իր աշխատանքը՝ երբեք չհյուրասիրելով հաճախորդներին, չշփվելով և չզրուցելով նրանց հետ:
Հանկարծ բարի դուռը բացվեց, և ներս մտավ մի փոքրիկ երեխա: Բարմենը չէր հիշում, թե երբ էր վերջին անգամ երեխա մտել բար: Նախքան նա կմոտենար երեխային՝ հարցնելու, թե ի՞նչ էր պետք նրան, փոքրիկը նրան հարցրեց, թե արդյո՞ք նա գիտեր, որ դռան մոտ կա մի երիտասարդ կին, ով չի կարողանում հասնել իր տուն: Պատուհանից դուրս նայելով՝ բարմենը տեսավ երիտասարդ կնոջը: Ապա շրջվելով՝ փոքրիկին հարցրեց, թե նա ինչպես էր իմացել այդ կնոջ մասին: Փոքրիկը պատասխանեց.
- Եթե տոնական ու խորհրդավոր այս գիշերը որևէ մեկն իր տանը պիտի լինի, ապա նա արդեն պիտի այնտեղ լիներ:
Բարմենը նայեց երիտասարդ կնոջն ու մտածեց, թե ինչ էր ասում այն երեխան: Փոքր-ինչ մտորելուց հետո նա նա մոտեցավ դրամարկղին, վերցրեց գրեթե ամբողջ գումարը և դուրս գնաց: Մի քանի րոպե զրուցեց երիտասարդ կնոջ հետ, ապա տաքսի կանչեց և նստեցնելով երիտասարդ կնոջը՝ վարորդին պատվիրեց նրան հասցնել օդանավակայան: Երբ տաքսին գնաց, նա փնտրեց այն երեխային, բայց նա հեռացել էր, և սակայն տարօրինակ էր այն, որ իր ոտնահետքերը ձյան վրա կային, իսկ երխայինը՝ ոչ: Ներս մտնելով՝ նա հարցրեց երեխայի մասին, սակայն ոչ ոք չէր տեսել, թե նա երբ, ինչպես և ուր էր գնացել, որովհետև բոլորն էլ զարմանքով հետևելիս էին եղել, թե նա ինչպես էր մոտեցել երիտասարդ կնոջը, զրուցել նրա հետ և ճանապարհել: Իսկ ավելի զարմանալի էր այն, որ այդ գիշեր ոչ ոք չվճարեց խմիչքի համար, քանի որ բարմենը բոլորին հյուրասիրում էր:
Երբ հրեշտակը վերադարձավ Տեր Աստծո մոտ՝ երկինք, և Տիրոջը պատմեց մերձավորին երջանկություն պարգևելու մարդկային ցանկության և պատրաստակամության մասին, Տեր Աստված գոհունակությամբ ժպտաց:
Անգլերենից թարգմանեց Լարիսա Նավասարդյանը