Հավատարիմ իրենց բուն առաքելությանը. Ս. Սուքիասյանց վկաներ
Հավատարիմ իրենց բուն առաքելությանը. Ս. Սուքիասյանց վկաներ
Ս. Սուքիասյանց վկաների վարքը պատմում է ամուր հավատքի, նվիրումի ու քաջության մասին: Նրանք փորձել են հաղթահարել դժվարություններն ու նեղությունները, չեն հանձնվել ու ի վերջո նահատակվել են՝ հավատարիմ մնալով իրենց հավատքին, արժեքներին:
Այսօր՝ հունվարի 30-ին, նշվում է Ս. Սուքիասյանց վկաների հիշատակության օրը: Այս սրբերի նվիրումն ու քաջությունը օրինակ է քրիստոնյաների համար՝ քաջությամբ հաղթահարելու բոլոր դժվարությունները:
«Հույս ունեմ, որ այս սրբերի հիշատակը տոնելով՝ մի օր անպայման կվերադառնանք մեր սրբություններին»,- նշում է Երևանի Ս. Սարգիս առաջնորդանիստ եկեղեցու խորհրդակատար Տեր Շահե քահանա Հայրապետյանը:
Ըստ վկայաբանության՝ Սուքիասյաք ալանաց իշխաններ էին, Սաթենիկ թագուհու ազգակիցները: Նրանք ապրում էին պալատական կյանքով, սակայն ի վերջո թողնելով ճոխ ապրելակերպը՝ նախընտրում են ճգնավորի կյանքը: Տեր Շահեի խոսքով՝ նրանք դավանափոխ են լինում ու մկրտվում Ոսկյանց սրբերի քարոզչության միջոցով: Ոսկյանց սրբերը եկել էին Հռոմից:
«Թադեոս առաքյալը, երբ եկավ հայոց աշխարհ, շրջեց ամբողջ Հայաստանով: Այս ճանապարհին հանդիպում է Ոսկյանների հետ: Նրանք լսում են Թադեոս առաքյալին և մկրտվում՝ դառնալով քրիստոնյա»,- նշում է Տեր Շահեն:
Իշխանները կոչվում են իրենց գլխավորի՝ Սուքիասի անունով: Նա այդ անունը ստացել է մկրտվելուց հետո: Սուքիասյանք, տեսնելով պալատում տիրող վերաբերմունքը քրիստոնյաների նկատմամբ, հեռացել են:
Ըստ քահանայի՝ իշխաններին հետագայում խնդրել են վերադառնալ, պալատական կյանքով ապրել, սակայն նրանք չեն համաձայնվել:
Արտավազդ արքայորդին իր երկու եղբայրների հետ ի վերջո գտել է նրանց լեռներում Ս. Ոսկյանց հետ, խնդրել, որ թողնեն այդ ամայությունը և ուրանան նոր կրոնը: Ս. Սուքիասյանք չեն ցանկացել լույսից վերադառնալ դեպի հեթանոսական խավարը: Չհաջողելով համոզել և ետ վերադարձնել նախկին պալատականներին` հայոց արքայորդիները վրեժխնդիր են եղել նրանց քարոզիչներից, Ոսկյաններին սրախողխող են արել:
Ոսկյանց նահատակությունից հետո արքունիքը լքած Սուքիասյանք առանձնացել են Բագրեվանդ գավառի Ջրաբաշխ լեռան ստորոտում: Ըստ ավանդության՝ տասնամյակներ շարունակ ճգնել են, փառաբանել Աստծուն: 44 տարի անց Սուքիասյանք նահատակվել են Ալանաց թագավոր Գիգիանոսի մարդկանց ձեռքով:
«Նրանք մնացին հավատարիմ իրենց բուն առաքելությանը: Նրանց հոգին ճանաչել էր Քրիստոսին: Ս. Սուքիասյանք նահատակվեցին: Հետագայում Ս. Գրիգոր Լուսավորիչը հայտնաբերեց նրանց մասունքներն ու կառուցեց եկեղեցի: Սրբերի նահատակության վայրում գտնվող լեռը նրանց պատվին կոչվել է Սուկավետ: Այն գտնվում է Տարոն աշխարհում: