Հունվարի 25-ին Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանն այցելեց Հայաստանի ազգային Պատկերասրահ, որտեղ ցուցադրության էր հանվել անհայտ հեղինակի Սուրբ Սարգսի 18-րդ դարի սրբապատկերը։
Մինչեւ 1930-ականները սրբապատկերը եղել է Աշտարակի Կարմրավոր եկեղեցում։ Հետագայում այն հայտնվել է Պատկերասրահում։ Հին եւ միջնադարյան սրահներում այն ցուցադրվել է մինչեւ 2018թ․: Սրահի վերանորոգման աշխատանքների ժամանակ այլ նկարների հետ այն տեղափոխվել է պահոց։
Սրբազան հայրն իր գնահատանքը հայտնեց նախաձեռնության համար, որ Սուրբ Սարգսի տոնի առթիվ ցուցադրության են ներկայացրել Սուրբ Սարգսի սրբապատկերը։
Հայ հին եւ միջնադարյան արվեստի սրահներում ցուցադրված աշխատանքներն ու որմնանկարները դիտելուց հետո՝ Սրբազան հայրը շրջեց նաեւ Հովհաննես Այվազովսկու եւ Հակոբ Հակոբյանի աշխատանքների ցուցասրահներում։
Այս սրբապատկերը տեսնելու համար՝ բազմաթիվ մարդիկ են գալիս Պատկերասրահ։ Աշխատակիցների խոսքով՝ այդ այցերն ավելի շատ նման էին ուխտագնացությունների։ Մարդիկ գալիս, խոնարհվում, խաչակնքվում էին պատկերի առաջ։ Անգամ ընդհանրական աղոթք էին անում՝ խնդրելով սրբի բարեխոսությունը։ Այսկերպ նրանք նաեւ ցույց են տալիս, որ ուշադիր ու հոգատար են Հայ Եկեղեցու գանձերի նկատմամբ, որոնք պահվում են Եկեղեցուց դուրս, բայց հոգատար ու պատշաճ միջավայրում։