Բարի հրեշտակը

Բարի հրեշտակը

Ս. Ծննդյան տոնի նախօրեն էր: Քաղաքը փայլում էր տոնական լույսերի մեջ: Փողոցի աշխույժ եռուզեռի մեջ լսվում էր մի խղճալի ձայն. 
 

- Ողորմացեք հանուն Քրիստոսի, ինձ համար չէ, որ խնդրում եմ, այլ զավակներիս, - աղերսում էր մի քաղաքի աշխույժ և մարդաշատ փողոցներից մեկի անկյունում կանգնած մի կին:


Ոչ ոք ուշադրություն չէր դարձնում նրա աղերսանքին, արցունքներին: Անտարբեր անցորդները շտապում էին՝ չտեսնելով և չլսելով նրան: Կինը դադարեց գթություն աղերսել և սկսեց լաց լինել. ոչ ոք հաղորդ չէր նրա ցավին ու տառապանքին… Մոռացած իր հիվանդության մասին՝ նա մտածում էր ցուրտ ու մութ սենյակում գտնվող քաղցած, հյուծված զավակների մասին: Ի՞նչ էր տանելու նրանց, ի՞նչ էր ասելու: Մոտենում էր Հիսուսի Ս. Ծննդյան տոնը, բոլոր մանուկներն ուրախ ու երջանիկ էին, իսկ իր զավակները՝ քաղցած ու տխուր… Ի՞նչ անել: Վերջին շրջանում ծանր աշխատանքը հյուծել և ծանր հիվանդացրել էր կնոջը: Նա անկողին էր ընկել և ի վերջո կորցրել աշխատանքը:


Լսվեց եկեղեցու զանգերի ղողանջը: Կինը սթափվեց ծանր մտքերից, որոշեց գնալ եկեղեցի, աղոթել. միգուցե դա թեթևացներ հոգին: Մտնելով եկեղեցի, կինը երկար ջերմեռանդորեն աղոթում ու լալիս էր՝ չնկատելով, որ ժամերգությյունն արդեն ավարտվել էր, և շքեղ հագուստով մի գեղեցիկ փոքրիկ աղջնակ տարեց դայակի ուղեկցությամբ մոտեցել էր իրեն: Նա հարցրեց.


- Ինչո՞ւ եք լալիս, ի՞նչ է պատահել:
- Զավակներս քաղցած են, ուտելու ոչինչ չունենք:


Աղջնակը հուզվեց՝ լսելով քաղցած երեխաների մասին:
- Այդ ի՞նչ եք ասում, ինչ սարսափելի է: Մի՞թե ոչինչ չունեք, - նա ձեռնամուշտակից դուրս բերեց դրամ և մեկնեց կնոջը: - Չգիտեմ, թե այստեղ ինչքան գումար կա, երեխաներին ուտելիք գնեք: Իսկ դուք քանի՞ երեխա ունեք, որտե՞ղ եք ապրում:


- Նրանք երեքն են: Ամուսինս մահացավ մի քանի ամիս առաջ, ես էլ հիվանդացա և աշխատանքից զրկվեցի: Ահա և հայտնվեցինք ծանր վիճակում… Մենք մոտակայքում ենք ապրում, հայտնի վաճառականի տանը՝ փողոցի անկյունում:


- Դա մեր տան մոտ է, իսկ ես չգիտեի… Դե լավ, գնանք, ես արդեն գիտեմ, թե ինչ անենք, - ասաց աղջնակն իր դայակին, և նրանք շտապ հեռացան:
Կինն էլ դուրս եկավ եկեղեցուց և մտնելով խանութ՝ աղջկա տված դրամով գնեց հաց թեյ, շաքար: Տաշեղ դեռևս կար, կբավականացներ վառարանը վառելու և թեյ պատրաստելու համար: Ապա շտապեց տուն:


Մութ ու ցուրտ սենյակում պատսպարված մանուկներն իսկույն շրջապատեցին մորը՝ ցանկանալով իմանալ, թե արդյո՞ք նա ուտելիք բերել էր, թե ոչ:
Կինն արագ վառեց վառարանը, թեյ պատրաստեց: Երեխաները վայելեցին իրենց աղքատիկ ընթրիքը, տաքացան, ուրախացան և սկսեցին աշխույժ շատախոսել: Նայելով նրանց՝ մայրը մերթ ուրախանում էր, մերթ տխրում՝ մտաբերելով իրենց ծանր վիճակը: Ի՞նչ էր անելու վաղը, մյուս օրը… Սակայն իսկույն հուսադրում էր ինքնիրեն՝ ասելով.
- Տեր Աստված մեզ չի լքի, Նա մի դուռ բաց կանի…


Այս մտքերի մեջ էր, երբ մոտեցավ դստրիկն ու ասաց.


- Ասա, մայրիկ, ճի՞շտ է, որ Ս. Ծննդյան գիշերը բարի հրեշտակը երկնքից իջնում և աղքատ երեխաներին նվերներ է բերում:


Որդիները ևս մոր պատասխանին էին սպասում: Ցանկանալով մխիթարել և հույս տալ զավակներին, կինը սկսեց նրանց պատմել, որ Տեր Աստված հոգ է տանում աղքատ մանուկներին և ուղարկում է Իր հրեշտակին՝ նվերներ և քացրավենիք տանելու նրանց:


- Տոնածառ նույնպե՞ս, մայրիկ, - ոգևորված հարցրեցին զավակները:
- Այո, նաև գեղեցիկ ու փայլուն տոնածառ, - համոզված ասաց մայրը:


Այդ պահին անսպասելիորեն դուռը թակեցին, երեխաներն իսկույն վազեցին դուռը բացելու: Ներս մտավ մի մարդ՝ ձեռքին մի փոքրիկ տոնածառ: Նրան հետևեց այն աղջնակն, ում կինը տեսել էր եկեղեցում: Նրան ուղեկցում էր դայակը՝ ձեռքերում տարբեր տուփեր և փաթեթներ:


Երեխաներն իսկույն շրջապատեցին մորը՝ հարցնելով.


- Մայրիկ, նա՞ է հրեշտակը:


Չկարողանալով ուշքի գալ անակնկալից, նրանք անշարժ և լուռ հիանում էին «հրեշտակ»-ով, նրա գեղեցիկ, շքեղ հագուստով:


Մինչդեռ դայակը բացում էր փաթեթները՝ սեղանելով համեղ թխվածք, ուտելիք, միրգ, քաղցրավենիք… զարդարում տոնածառը, մոմերով, խաղալիքներով:


- Դե, շնորհավոր Ս. Ծնունդ, - ասաց աղջնակն ու սեղանին դնելով նվերներով լի զամբյուղը, արագ անհետացավ:
Երբ աղջնակը տուն վերադարձավ, մայրը գրկեց նրան և համբուրեց երջանկությունից փայլող դեմքը:


- Իմ բարի աղջիկ, ինքդ հրաժարվեցիր տոնածառից. նվերներից, քաղցրավենիքից և դրանք տարար այն խեղճ երեխաներին: Դու ոսկե սիրտ ունես:


Թեև աղջնակը մնացել էր առանց տոնածառի և նվերների, նա երջանկությունից փայլում էր:


Ռուսերենից թարգմանեց Լարիսա Նավասարդյանը

  • 2021-08-02
×