Սիրո խոստովանություն՝ գրքի միջոցով

Սիրո խոստովանություն՝ գրքի միջոցով

«Ես քեզ սիրում եմ» արտահայտության փոխարեն սիրո խոստովանություն՝ գրքի միջոցով։ Այս տարբերակը նախընտրողները «Իմ գաղտնի գրքաՍԵՐ» նախաձեռնությամբ իրենց սիրելիներին սեր ու ուշադրություն փոխանցեցին՝ գրքեր նվիրելով։ Շատերն էլ չիմացան, թե ո՞վ է իրենց գաղտնի երկրպագուն։

 

Էլեն Հարությունյանը չի էլ կասկածում, թե ո՞վ է ուղարկել «Անկեղծ չենք» վերնագրով գիրքը։ Ո՛չ գրքի ընտրությունն է հուշում, ո՛չ անուն կա գրված։ 

 

Ս․ Սարգսի տոնին Արարատյան Հայրապետական թեմի և «Բուկինիստ» գրախանութների ցանցի գործակցությամբ 8-րդ անգամ իրականացվեց «Իմ գաղտնի գրքասեր» ծրագիրը։ Ցանկացողները գնել էին գիրք ու գաղտնի բացիկի վրա թողել սիրելիի կոնտակտային տվյալները։ Չբացահայտելով նվիրողի անձը՝ միջոցառմանը հրավիրվել էին բոլոր նրանք, ովքեր նվերներ ունեին իրենց գաղտնի գրքասերներից:

 

Տրամադրությունը տոնական էր, սակայն հարցերը շատ էին, գիրք ստացողները չէին էլ կասկածում, թե ումի՞ց են ստացել նվերներ։


Շատերը ոչ միայն նվեր ստացողի, նաև՝ նվիրողի դերում էին։ Մերի Գևորգյանը մոտ ընկերուհու համար էր գիրք ընտրել, տեղում պարզեց որ նույն մարդն էլ իր համար ունի անակնկալ։ 


«Ցանկանում էի, որ ծանոթներիցս մեկն այս ծրագրին մասնակցի ու ինձ գիրք նվիրի, բայց երբ զանգեցին, անակնկալի եկա»,- նշեց Մերի Գևորգյանը։


Գիրք նվեր ստացողների համար իրականացվեց նաև խաղարկություն, որի ժամանակ յուրաքանչյուր մասնակից ստացավ տարբեր նվերներ՝ կազմակերպիչների ու ծրագրի գործընկերների կողմից։ Ծրագրի աջակիցներն էին՝ «Մոսկվա» կինոթատրոնը, «Կինոպարկը», Եղիշե Չարենցի տուն-թանգարանը, Ե․ Չարենցի անվան Գրականության և արվեստի թանգարանը, Հենրիկ Մալյանի անվան թատրոնը, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը, Հովհաննես Կարապետյանի անվան Երկրաբանական թանգարանը, Հայաստանի ազգային պատկերասրահը, «Time To Travel», «Mihr Voyage» տուրիստական գործակալությունները, «Friend's House anticafe», «Երևան Քուեսթ», «Yell Extreme Park» ժամանցի վայրերը, «Մամիկ» հյուրատունը, լուսանկարիչ Էդգար Հարությունյանը։ Միջոցառումն իր կատարումներով գեղեցկացրեց երգահան, երգչուհի Արմինե Հայրապետյանը։

 

Միջոցառման ընթացքում նվերներ հանձնեցին նաև Qahana.am խմբագրության կողմից կազմակերպված մրցույթի հաղթողներին։ Հարյուրավոր մասնակիցներ պատասխանել էին՝ «Ո՞րն է իսկական սերը» հարցին։ Մրցույթի հաղթողները ստացան մրցանակ, Տեր Հուսիկ քահանա Սարգսյանի կողմից իր` «Սերը երբեք չի անհետանում» գիրքը։

 
  • 2024-01-27
×