Նկարում Ս․ Սարգիսն է՝ իր որդի Մարտիրոսի հետ։ Հեղինակը՝ Արմեն Զաքարյանը, աշխատանքը ստեղծել է մեկ ամսում։ Գործը ցուցադրվում է Հայաստանի նկարիչների միությունում բացված ցուցահանդես-մրցույթում՝ նվիրված Ս․ Սարգսի տոնին։
«Երկար ժամանակ գեղարվեստական փնտրտուքների մեջ էի և պատկերեցի սիրո բարեխոսին։ Գործը ներկայացնում եմ առաջին անգամ։ Արդեն մոտ տասը տարի է՝ մասնակցում եմ այս մրցույթին։ Նախորդ տարիներին արժանացել եմ 3-րդ, 2-րդ տեղերին»,- նշում է Արմեն Զաքարյանը։
Նկարի կողքին ցուցադրվում են տարբեր ժանրերի մի քանի տասնյակ գործեր։ Սերը բազմաթիվ գույներ ու դրսևորումներ է ստացել տարբեր ժանրերով ստեղծագործողների վրձնով։ Ցուցահանդեսը կազմակերպվել է Աշխարհի հայ նկարիչների միության և Արարատյան Հայրապետական թեմի նախաձեռնությամբ։
Ցուցահանդես-մրցույթն անցկացվում է 10-րդ անգամ։
«Ցուցահանդեսին ներկայացված են մինչև 35 տարեկան մասնակիցների աշխատանքները, բայց քանի որ այս տարին հոբելյանական է ծրագրի համար, ունենք նաև պատվավոր հյուրեր, հրավիրյալ ավագ սերնդի ստեղծագործողների աշխատանքներ»,- տեղեկացրեց Աշխարհի հայ նկարիչների միության համանախագահ Ղազար Միրզոյանը:
Ցուցահանդեսի բացմանը ներկա էր ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը։ Սրբազան Հայրը զրուցեց ստեղծագործությունների հեղինակների հետ, նշեց․ «Այս մշակութային ձեռնարկը իրականացվում է Ս․ Սարգիս զորավարի՝ արագահաս բարեխոսի հովանու ներքո։ Բոլորին հաղորդում է մի ազդակ, որ Աստծուց բխող սերը պետք է փոխանցվի տարբեր հասցեներով՝ հայրենիքին, ընտանիքին, մերձավորին։ Դուք ինքներդ արարչագործության մասնակից եք, ձեր ոգու պատկերը, հոգեմտավոր ապրումները ներարակում եք նյութի մեջ, և մենք բոլորս արվեստի մեջ հաղորդակից ենք դառնում մեկս մյուսի ներքին աշխարհին, հույզերին, մտքերին։ Ս․ Սարգիսը լավագույն ներշնչանքն է, որ ստեղծագործական ընթացքը հետզհետե դառնա ավելի տարածական, հասնի նոր բարձունքների»։
Այս տարի մրցույթի մասնակիցները չորս տասնյակից ավելի են։ Գործերը ներկայացված են գեղանկար, գրաֆիկա, քանդակ, դեկորատիվ կիրառական արվեստ անվանակարգերում։
«Թող մեր բոլորի սրտերում միշտ վառ լինի Աստծո սերը: Այդ դեպքում շատ հարցեր, խնդիրներ կկարողանանք հեշտությամբ լուծել ու առաջ գնալ»,- նշեց Հայաստանի նկարիչների միության նախագահ Սուրեն Սաֆարյանը:
Ցուցահանդես-մրցույցի լավագույն աշխատանքների հեղինակները կպարգևատրվեն Արարատյան Հայրապետական թեմի կողմից: