Ամբողջ օրվա ու գիշերվա ընթացքում անցկացվելու են Հայ Եկեղեցու 9 ժամերգությունները
Ամբողջ օրվա ու գիշերվա ընթացքում անցկացվելու են Հայ Եկեղեցու 9 ժամերգությունները
Հունվարի 22-ից 26-ը՝ Առաջավորաց պահքի ընթացքում, շուրջօրյա բաց են Կաթողիկե Սուրբ Աստվածածին և Սուրբ Աննա եկեղեցիները: Ամբողջ օրվա ու գիշերվա ընթացքում անցկացվելու են Հայ Եկեղեցու 9 ժամերգությունները:
Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ կատարվելու են ապաշխարության կոչելու և ապաշխարողների արձակման կարգերը:
Ժամերգությունները սկսվում են առավոտյան ժամը 09:00-ից, իրականացվում մինչև հաջորդ օրն առավոտյան ժամը 05:00:
Առաջավորաց պահքը Հայ Առաքելական Եկեղեցու առաջին պահքն է: Կաթողիկե Սուրբ Աստվածածին և Սուրբ Աննա եկեղեցիների հոգևոր հովիվ Տեր Զենոն քահանա Բարսեղյանի խոսքով՝ այն կարծես հայոց ազգի համար դարձի պահք լինի: Այս շաբաթապահքը հաստատվել է Սուրբ Գրիգոր Լուսավորչի կողմից, որից հետո նա Արածանի գետում մկրտեց արքայական ընտանիքն ու դարձի եկած ժողովրդին։ Քահանայի խոսքով՝ կարևոր է այս պահքի խուրհուրդը հասկանալ և հոգեպես մաքրվել.
«Ցանկանում ենք, որ հայ ժողովուրդն ապաշխարի: Զարթոնք ապրենք, գնանք դեպի Քրիստոս, Աստված: Կարողանանք մաքրվել մեր մեղքերից»,- նշում է հոգևոր հովիվը:
Հոգևորականը հիշեցնում է անառակ որդու մասին: Նա գիտակցեց իր սխալը, մեղա եկավ, գնաց դարձի ճանապարհով: Հայրն ընդունեց նրան: Կարծում է, որ այս պատմությունը կարող է լավ դաս ու օրինակ լինել մեր ժողովրդի համար:
«Մեր ցանկությունն է, որ հայ ժողովուրդը վերականգնվի իր նույն կարգավիճակում՝ որպես ընտրյալ ժողովուրդ, մաքրվի մեղքերից՝ գիտակցելով և զղջում ապրելով իր սխալների համար»,- նշում է Տեր Զենոնը:
Հունվարի 26-ին` ժամը 17.00-ի երեկոյան ժամերգության ավարտին, կկատարվի Ապաշխարողների արձակման կարգ։