Իրավունք չունենք հիասթափվելու, պետք է պայքարենք մեր արժեքների համար
Իրավունք չունենք հիասթափվելու, պետք է պայքարենք մեր արժեքների համար
Յուրաքանչյուր օր պայքարի մասին է
Հուսալքվել, կորցնել ապրելու ցանկությունը, լավատեսությունը, հավատը. թվարկածներն այսօր հաճախ են հանդիպում, քանի որ շարունակ բախվում ենք ծանր փորձությունների:
Որքան էլ ծանր լինի իրավիճակը, չենք կարող հանձնվել, պայքարն անդադար է, քրիստոնյան իրավունք չունի հիասթափվելու, նշում է Արաբկիրի Սուրբ Խաչ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Պարթև քահանա Մուրադյանը.
«Հիասթափությունը չարի ամենամեծ զենքն է, որով պարտության է մատնում մարդուն, քրիստոնյային»:
Կյանքը պայքար է: Եթե չսովորենք ձգտել, հաղթահարել փորձություններ, մեզ ոչինչ հենց այնպես չի տրվի: Հոգևորականի խոսքով՝ չարը ցանկանում է արժեզրկել այն, ինչ կարևոր է մեզ համար: Մենք էլ հապաղելու, հուսալքվելու իրավունք չունենք, պետք է պայքարենք մեր արժեքների համար: Նշում է.
«Այդ արժեքներով է պայմանավորված մեր տեսակը: Այդ արժեքներն են մեր հավատքը, ընտանիքը, եկեղեցին, վանքերը, այնտեղ պահվող սրբությունները: Չարը ցանկանում է արժեզրկել դրանք: Քրիստոնյաները, մենք հարատև պայքարի մեջ ենք»:
Ստացվում է՝ քրիստոնյայի յուրաքանչյուր օր պայքարի մասին է: Սուրբ Գրքում նշվում է. «Մի՛ ակնածիր հզորից, մինչև մահ պայքարի՛ր հանուն ճշմարտության, և Տերը՝ Աստված, կպայքարի քեզ հետ»: (ԻՄԱՍՏՈՒԹՅՈՒՆ ՍԻՐԱՔԻ 4:33)
Եթե չարը կարողանում է հաջողել, ու արժեզրկվում են սրբությունները: Մարդն առանց արժեքների նմանվում է մի արարածի, որ ապրում է միայն ուտելու և քնելու համար, նկատում է Տեր Պարթևը:
Հակառակ պնդումներին, թե քրիստոնեությունը թույլերի կրոն է, ընդգծում է՝ այն առավել ուժեղ մարդ տեսակի կրոն է՝ պայքարող, քաջ մարդկանց.
«Քրիստոնեության ճանապարհն ամբողջությամբ պայքար է: Թույլ մարդը չի կարող պայքարել, ճանապարհի մի որևէ հատվածում կարող է զիջել չարին, հիասթափվել ու ուրանալ: Այն մարդը, որ ուժեղ է, պայքարում է մինչև վերջ, համարվում է իրական քրիստոնյա»:
Այդ խոսքի վառ ապացույցն են նահատակները, նվիրյալները: Նրանք անգամ մահվան սպառնալիքի ներքո չուրացան Քրիստոսին:
Տեր Պարթևը հիշեցնում է հավատացյալներին, որ քրիստոնյան պետք է պայքարի նաև իր աղոթքով, սիրով դեպի Աստված ու մարդ.
«Քրիստոնյան ունի մեծագույն շնորհ Աստծո կողմից տրված՝ Աստծո պատկերը և նմանությունը: Աստվածաշունչն ասում է՝ մարդը ստեղծվեց Աստծո կերպով և նմանությամբ»:
Մենք Աստծուն կարող ենք նմանվել, երբ ներողամիտ ենք, ունենք բարի հոգի, սիրող սիրտ: