Հաճախ առաջ շարժվելու համար՝ խանգարում է վախը: Մարդիկ վախենում են քայլ կատարելուց, կորցնելուց, սխալվելուց, իրենց մեղքերի համար պատժվելուց: Մեր զրուցակիցը՝ ԱՀԹ ՍուրբԵրրորդությունեկեղեցու հոգևոր հովիվ Տեր Արարատ քահանա Օրդոյանը, նշում է՝ վախը մեզնից խլում է մեր իրական հնարավորությունները, մինչդեռ հավատքը, գիտելիքը օգնում են ազատվել այդ հոգեվիճակից, զգացողությունից:
Վախի պատճառները
-Սուրբ Գիրքը սովորեցնում է՝ չվախենալ: Տերն ասում է. «Մի՛վախեցիր, միայնհավատա՛» (Ղուկ․ 8։50)։
Վախը կարող է շատ վնասել: Այն կանգնեցնում է մարդու առաջընթացը՝ հոգևոր ու աշխարհիկ կյանքում։
Վախը մարդու թերահավատության արդյունքն է, գիտելիքի պակասի արդյունքը: Մի անգամ մի մարդ ինձ ասաց, թե վախենում է եկեղեցի մտնել, որովհետև չգիտի՝ ի՞նչ է կատարվում ներսում, այնտեղ գտնվողներն ինչպե՞ս կընդունեն իրեն: Այսինքն՝ եթե չունես գիտելիք, առաջանում է վախ՝ առաջ շարժվելու, հոգևոր կյանքի մեջ աճելու:
Վախ՝ սխալների համար պատժվելուց
-Քրիստոնյան ո՞վ է, Աստծո զավակն է, Տերը անշուշտ ճանաչում է իր զավակին, իսկ մարդիկ ճանաչո՞ւմ են իրենց հորը, այստեղ խնդիր կա: Հաճախ Աստծուն դիտում են՝ որպես միայն պատժիչ ուժ, շարունակ վախենում են՝ պատժվելուց: Եթե կա վախ, ուրեմն՝ չկա սեր: Աստված սիրեց և արարեց: Բարության, սիրո արդյունքում՝ ստեղծվեցին երկինքն ու երկիրը, տիեզերքը: Նա ստեղծեց ու սիրեց մարդուն: Անգամ, երբ Ադամն ու Եվան, ճաշակելով արգելված պտուղը, դուրս եկան դրախտից, Տերը չդադարեց սիրել ու օգնել:
Հիսուս Քրիստոս ինչո՞ւ աշխարհ եկավ: Եկավ՝ ոչ թե պատժելու, քանդելու հինը, այլ կատարելագործելու, ամբողջական դարձնելու: Նա սիրեց մարդկությանը, խաչվեց բոլորի համար՝ նույնիսկ իրեն խաչը բարձրացնողների: Սա է իրական սերը: Այս հարթության մեջ վախը պիտի դնել մի կողմ:
Մենք կարողանում ենք ճանաչել Տիրոջը, երբ տիրապետում ենք Նրա հայտնած խոսքին, այդ գիտելիքին, որն անհրաժեշտ է փրկության համար: Այն մեզ սովորեցնում է՝ մի՛ վախեցիր առաջ գնալուց։
Վա՞խ, թե՞ զգուշավորություն
-Պետք է տարբերենք վախն ու զգուշավորությունը: Ամեն քայլափոխի բոլորը պետք է զգուշավոր լինեն։ Եկեք չշփոթենք նաև համարձակ ու հիմար քայլերը: Համարձակ քայլերը պիտի լինեն գիտակցված, հաշվարկված, տրամաբանված, օրհնված Աստծո կողմից:
Անշուշտ մեր մեղքերի համար պիտի պատասխանատու լինենք, բայց երբ մեղք ենք գործել, չի նշանակում վերջ, անդունդից գլորվել ենք, փրկություն չունենք: Հիշենք անառակ որդու առակը: Զավակը հեռացավ հայրական տնից, բայց հասկացավ՝ ինչ հանցանք է գործել, ապաշխարած վերադարձավ: Հայրը գրկախառնվեց ու ուրախացավ, որ զավակը մեռած էր, կենդանացավ: Աստված միշտ հնարավորություն է տալիս:
Քրիստոնեությունը՝ թույլերի կրո՞ն
Համարձակ քայլերը տանում են դեպի հաջողություն: Որպես քաղաքացի, քրիստոնյա, պիտի լինենք քաջ, հավատով, որ Աստված մեզ օրհնում, օգնում է ու գիտելիքներ տալիս՝ ճիշտ քայլեր անելու: Այդ ամենի համար կարևոր է դաստիարակությունը: Ճիշտ գիտելիք ամբարելու դեպքում՝ դառնում ենք հոգեպես ուժեղ ու այդ ուժը ծառայեցնում մեր ընտանիքներին ու մեր պետությանը։
Քրիստոնեությունը ուժեղների կրոն է: Այն սովորեցնում է ներել, ո՞վ կարող է ներել, ներողամիտ են ուժեղ մարդիկ: Երբեմն ասում են՝ քիստոնեական պատվիրանները ծանր բեռ են, հնարավոր չէ ամբողջովին հետևել։ Պետք է հիշել, որ կյանքում ոչինչ հեշտ չի տրվում: Ցանկացած բան, որին հասնում ենք հեշտությամբ, հեշտությամբ էլ զրկվում ենք: Պետք չէ վախենալ։
«Ով երկնչում է, կատարյալ չէ սիրո մեջ» (Ա Հովհ․ 4։18)։