Նա եկել էր՝ Լույսի մասին վկայելու. Ս. Հովհաննես Մկրտիչը

Նա եկել էր՝ Լույսի մասին վկայելու. Ս. Հովհաննես Մկրտիչը

«Նա Լույսը չէր, այլ եկել էր, որ վկայի Լույսի մասին». (Հովհ. 1:8) 

 

Սուրբ Գրքի այս տողերը Հովհաննես Մկրտչի մասին են: Նա ավետեց Հիսուս Քրիստոսի գալուստն ու մկրտեց համայն մարդկության Փրկչին: 

 

Ս․ Հովհաննես Մկրտչի ծննդյան օրը Հայ Առաքելական Եկեղեցին տոնում է հունվարի 15-ին։ Սրբի անունը կրող եկեղեցիներում առավոտյան ժամը 10:30 կմատուցվի Ս. Պատարագ: 

 

Անապատում կանչողի ձայնը

 

Մարգարե, առաքյալ, ճգնավոր, վարդապետ, Մկրտիչ. թվարկածները բնութագրում են Ս. Հովհաննեսին ու վկայում իր առաքելության մասին: Կոնդի Ս. Հովհաննես Մկրտիչ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Տիրայր ավագ քահանա Սահրադյանի խոսքով՝ Հովհաննես Կարապետը մեր ժողովրդի ամենասիրելի սրբերից է.

 

«Նրա ծնունդով աշխարհ եկավ ամենամեծ մարգարեներից մեկը: Մարգարեները Աստծո խոսնակներ էին երկրի վրա: Նրանք էին Տիրոջ ավետիսը կամ գույժը տալիս մարդկությանը»

 

Ս. Հովհաննեսի ծննդյան լուրը ավետում է հրեշտակը:

 

Ղուկաս Ավետարանիչը վկայում է, որ Եղիսաբեթը և Զաքարիա քահանան զավակ չունեին: Հովհաննեսի ծնվելու լուրը Զաքարիան ստանում է Գաբրիել հրեշտակապետից, չի հավատում ու համր  է դառնում մինչև զավակի ծնունդը:

 

Հոգևորականի խոսքով՝ մեկ այլ հրաշք է տեղի ունենում, երբ Եղիսաբեթի մոտ է գնում Ս․ Մարիամ Աստվածածինը: Եղիսաբեթը, Սուրբ Հոգով լցվելով, բացականչում է. «Երբ քո ողջույնի ձայնը հասավ իմ ականջին, մանուկը ցնծալով խաղաց իմ որովայնում»: 

 

Ըստ Ավետարանի՝ երբ Եղիսաբեթը զավակ  է ունենում, շատերին է զարմացնում, որ նրան հոր անունը չեն տալիս։ Զաքարիան դեռ համր էր, խնդրում է իրեն մի տախտակ տան ու վրան գրում է զավակի անունը` Հովհաննես, որից հետո սկսում է խոսել:

 

Ավելին, քան մարգարե

 

Ս. Հովհաննես Մկրտչին անվանում են նաև Հովհաննես Կարապետ (նախակարապետ), այսինքն՝ առջևից գնացող՝ հաշվի առնելով Քրիստոսի նախորդը լինելու հանգամանքը։

 

Իր անձով ու գործունեությամբ  նախապատրաստում է Քրիստոսի գալուստը աշխարհ: Ըստ Սուրբ Գրքի՝ նա բնակվում էր անապատում, սնվում էր վայրի մեղրով, մորեխներով ու դառնում է անապատում կանչող ձայնը, որն ասում է. 

 

«Ապաշխարեցե՛ք, որովհետև երկնքի արքայությունը մոտեցել է» (Մատթ. Գ 2)։ 

 

Ս. Հովհաննես Կարապետն ասում էր.

 

«Ես ձեզ ջրով եմ մկրտում ապաշխարության համար, բայց ով գալիս է ինձնից հետո, ինձնից ավելի հզոր է, և ես արժանի չեմ հանելու նրա կոշիկները. Նա կմկրտի ձեզ Սուրբ Հոգով և հրով» (Մատթ. 3:11): 

 

Նրան անվանում են Մկրտիչ, քանի որ Հորդանան գետում մկրտել է Քրիստոսին: Հիսուս նրան անվանել է՝ ավելի՛ն, քան մարգարե:

 

«Հովհաննեսը միշտ խոսում էր շիտակ, չէր կեղծում: Երբ Հերովդես թագավորը կենակցում է եղբոր կնոջ հետ, Հովհանեսը նրան հանդիմանում է: Հերովդեսը ոխ է պահում: Երբ պարահանդեսի ժամանակ աղջկան հարցնում է՝ ի՞նչ կցանկանա, աղջիկը պատասխանում է՝ Հովհաննեսի գլուխը։ Մայրն էր այդպես թելադրել։ Հովհաննեսի գլուխը կտրում, մատուցում են աղջկան»,-նշում է Տեր Տիրայրը։

 

Ս. Հովհաննեսը օրինակ է խոնարհության, նվիրվածության։ Նա կասկածի տակ չդրեց Աստծո գործերը և առաջնորդվեց Տիրոջ կամքով: Ըստ քահանայի՝ Ս. Հովհաննես Մկրտիչ եկեղեցի շատ երիտասարդներ են գնում, խնդրում սրբի բարեխոսությունը: Պատասխանը ստանում են, եթե ի սրտե հավատում ու աղոթում են:

 

«Մեր մտքի պսակը հավատքն է, եթե չունենք հավատք, ուրեմն՝ չունենք մտքի պսակ, չենք կարող հաղթել: Ես աղոթում եմ, խնդրում Ս․ Հովհաննեսի բարեխոսությունը: Թող Աստված մեր ազգին խաղաղ օրեր պարգևի, սեր ու միություն տա, որպեսզի այդ սիրով շաղախված կարողանանք հասնել մեր նպատակին»:

 

Անի Ավագյան

 
  • 2024-01-15
×