Պետք է մաքրվենք հոգեպես

Պետք է մաքրվենք հոգեպես

Քրիստոսի Անվանակոչության տոն 

 

Փրկչի Ծննդից 8 օր հետո՝ հունվարի 13-ին, Եկեղեցիներում առավոտյան կմատուցվի Սուրբ Պատարագ. Այսօր Հայ Առաքելական եկեղեցին նշում է Հիսուս Քրիստոսի Անվանակոչության տոնը: Այն անշարժ տոն է:

 

Կատարելության պիտի հասնենք ոչ միայն մարմնով, նաև հոգով

 

Տիրոջ անունը բնորոշում է նրա առաքելությունը, նշում է ԱՀԹ Արաբկիրի Սուրբ Խաչ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Պարթև քահանա Մուրադյանը. «Քրիստոս» նշանակում է «օծյալ», «Հիսուս» անունը թարգմանվում է՝ «փրկիչ»: 

 

Սուրբ Ղուկաս Ավետարանիչը վկայում է՝ Սուրբ Գաբրիել հրեշտակն է Աստծո Որդու Ծննդյան մասին ավետում Սուրբ Աստվածամորը:

 

«Եվ ահա կհղիանաս ու կծնես մի որդի և անունն էլ Հիսուս կդնես։» (Ղուկ. 1:31):

 

Ծննդյան 8-րդ օրը Հովսեփն ու Մարիամը, որպես բարեպաշտ հրեաներ, մանկանը տանում են տաճար: Նա մյուս արու զավակների նման թլփատվում է ու անուն ստանում: Դա էր պահանջում հրեական օրենքը: 

 

Տեր Պարթևն ընդգծում է՝ Տերը ցույց տվեց, թե որքան կարևոր է հոգևոր մաքրությունը, ֆիզիկական էությունից փոխադրում կատարեց դեպի հոգևոր էություն:

 

«Նա ապացուցեց, որ ծնվել է կատարյալ Աստված ու կատարյալ մարդ: Թլփատվեց, ինչպես օրենքն էր պահանջում, սակայն ոչ թե ջնջեց օրենքը, այլ այն լրացրեց. հաստատեց մկրտության խորհուրդը»: 

 

Հոգևորականը կոչ է անում հունվարի 13-ին մասնակցել Սուրբ Պատարագի: Օրը ևս մեկ առիթ է՝ ընդգծելու, թե ինչպես պետք է մարդ մաքրվի: Միայն ֆիզիկականը բավական չէ, կարծում է հոգևորականը:

 

«Թլփատությունը սրտի թլփատությունն է՝ հոգով և ոչ թե գրով։ Նրա գովքը մարդկանցից չէ, այլ Աստծուց։» (Հռոմիացիներ 2:29):

 

Տեր Պարթևն ընդգծում է,-«Պետք է մաքրվենք հոգեպես: Մաքրության, կատարելության պիտի հասնենք ոչ միայն մարմնով, այլ նաև հոգով»:

 

Անի Ավագյան

 
  • 2024-01-13
×