Մենք նոր տարվանից նոր կյանք ենք ուզում` հեռու անցյալի հիշողություններից, բայց փոխվել չենք ուզում:
Երկիրն արել է իր տարեկան պտույտը Արեգակի շուրջ, Ամանորին հնչել են բազմաթիվ կենացներ, որ 2024 թվականն իր հետ բերի դրական փոփոխություններ, լսենք միայն լավ նորություններ, անգամ ականատես լինենք հրաշքների: Հուզված ճանապարհել ենք հինն ու անհամբեր դիմավորել նորը՝ հավատալով, որ այսքանը բավական է, որ մեր կյանքում շտկվեն սխալները, լուծվեն խնդիրները, անցյալում մնան նախորդ տարվա բոլոր ցավերը:
Կամաց-կամաց վերադառնում ենք մեր առօրյային՝ հրաժեշտ տալով ամանորյա օրերին ու մոռանում անգամ ինքներս մեզ տված խոստումները:
Ցավերը թողեցի՞նք անցյալում, դժվար թե: 2024 թվականը օրեր անց հիշեցնում է՝ ոչինչ չի փոխվել: Հին պատմությունը կրկնվում է նոր տարում, որ սկսել ենք մահվան, անհանդուրժողականության, իրար ատելու մասին լուրեր կարդալով։
Նոր տարին նորովի չենք սկսել, որովհետև մենք չենք փոխվել, մեր շուրջը ոչինչ չի փոխվել:
Ո՞րն է մեր նպատակը, մեր բոլորինը` ազգայինը, ո՞ւր ենք շարժվում: Այդ ճանապարհը մեզ հեռացնո՞ւմ, թե՞ մոտեցնում է չարին:
Հինը, բացասականը, սխալը ճանապարհելու ժամանակն է: Նոր տարի մեր կյանքում չի լինի, մինչև չփոխվենք: Եթե կա հնարավորություն՝ մեր սխալները շտկելու, ինչո՞ւ չենք ոտքի կանգնում:
Սուրբ գրքում նշվում է՝ պետք է ապրել՝ որպես լույսի որդիներ, շարժվել սիրով.
«Արթնացի՛ր դու, որ քնած ես, վե՛ր կաց մեռելների միջից, և Քրիստոսը կլուսավորի քեզ» (ԵՓԵՍԱՑԻՆԵՐԻՆ 5:14):
Մենք շարունակ բողոքում ենք մեզ բաժին հասած ծանր փորձություններից, բայց միգուցե անցած տարվա ցավերը խթան լինեն, որ կարողանանք ոտքի կանգնել, պատվով, միասին հաղթահարենք մեզ հասած դժվարությունները:
«Մենք պետք է մեր կոչմանն ու ծագմանը հավատարիմ լինենք: Մեր առանցքից ու արմատից շեղումը պատիժ է մեզ»,-Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի խոսքերն են: Նշում է՝ մեր կյանքում երբեմն լինում են պահեր, երբ ցավն է մղում մեզ շրջվել դեպի Նա.
«Ցավն է օգնում մեզ մաքրագործվել, հասկանալ հոգևոր և մարդկային ճշմարիտ արժեքները, ցավն է բացահայտում կյանքի իրական և խորը իմաստը և միաժամանակ փաստում Աստծո ամենազորությունը»:
Նորը բացահայտելու համար՝ պետք է փոխենք մեր հայացքը, ընթացքը, կարծում է Տեր Եսայի քահանա Արթենյանը.
«Հունվարի 1-ին ոչ մի հրաշք չի լինի, եթե մենք պատրաստ չենք հրաշք գործելու»: