Խոկում Սուրբ Ծննդյան. Գեվորգ Զ Չորեքչյան

Խոկում Սուրբ Ծննդյան. Գեվորգ Զ Չորեքչյան

(հատվածաբար)

 

«Յերկիր խաղաղութիւն եւ ի մարդիկ հաճութիւնե (Ղուկաս Բ 14):

 

…Մեր առաջ մեծ գործ կա, մեզ պետք է սարն ի վեր մագլցել, լեռան գագաթը ելնել, իսկ մենք դեռ նրա ստորոտումն ենք միայն: Տոկուն ես դու, հա՛յ ժողովուրդ, տանջական պատմությունդ մարզել ու դիմացկուն է դարձրել քեզ, ես հավատում եմ, որ դու լուծդ կտանես համբերությամբ և սիրով, ես հավատում եմ, որ քեզ մի օր կտեսնեմ սարի գագաթին նոր արևի արշալույսի շողքը երեսիդ:

 

Հազարավոր տարիներ առաջ երկրին մութ գիշեր էր պատել, մարդկությունը քնի և անհանգիստ երազների մեջ էր. նիրհող մարդկության վրա մղձավանջ էր ծանրացել: Եվ ահա երկինքը բացում է իր խաղաղության դռները, և հրեշտակները երկիր են իջեցնում Հիսուս մանկանը, որի ճակատին գրված էր. «Խաղաղութեան Իշխանե:

 

Այսպես, երկնային ձեռքերով խաղաղության առաջին սաղմն իջնում է երկիր, քնքուշ և թույլ կորիզը հողի մեջ թաղվում, որ պիտի աճեր, բողբոջեր ու դառնար խաղաղության ծառ, որի ոստերի տակ աշխարհի բոլոր վաստակյալներն ու բեռնավորվածները հոգու հանգիստ և խաղաղություն պիտի գտնեին:

 

Սակայն ո՞ւր է հրեշտակների ավետած խաղաղությունը. նայեցե՛ք մարտնչող քրիստոնյա ազգերին, որոնք անխնա հոշոտում են միմյանց. նայեցե՛ք մարդկային հասարակությանը, ուր իբր թշնամի բանակներ՝ կանգնած են դեմ առ դեմ հարուստն ու աղքատը, գիտունն ու տգետը, տերն ու ստրուկը. նայեցե՛ք ընտանիքներին, ուր կինը նույն արժեքն ունի, ինչ որ ստրուկը, և կանգնած է իր ամուսնու դեմ որպես թշնամու:

 

Ո՞ւր է այն խաղաղությունը, որ Աստված ծրագրել էր աշխարհի համար, Իր Որդու ձեռքով. ո՞ւր է խաղաղության թագավորությունը, որ Բեթղեհեմի բարի Հովիվը երկրի վրա հաստատելու եկավ:
 

Այո՛, Բեթղեհեմի այրից ծնունդ առած խաղաղությունը հազարավոր քաղցր վտակներով և կարկաչուն առվակներով մուտք գործեց մարդկային կյանքի բոլոր խավերում. թշնամի ազգեր միմյանց ձեռք մեկնեցին, ստրուկների շղթաներն ընկան, օրենքները մեղմացան, բանտերը տանելի դարձան, խաղաղության հյուղեր ծնունդ առան` մանկանց և ծերերի պատսպարաններ, հիվանդանոցներ, անկելանոցներ, որոնք բոլորը հրեշտակների գեղեցիկ արձագանքն էին` «յերկիր խաղաղութիւն եւ ի մարդիկ հաճութիւնե: Բայց այսօր դեռ շատ վեճեր ու կռիվներ կան երկրի վրա, արտասուքներ են հոսում հեղեղներով, արյան ծովերն են ողողել երկիրը. այսօր ցավով նայում ենք պատերազմում թափված ու թափվող արյան վրա, որ բոլորի սիրտը խոցել է սրով:

 

Այսօր հազարավոր մարդիկ իրենց վերջին շունչն են փչում աղքատության մեջ. հազարավոր երեխաներ` մերկ, բոկոտն և քաղցած, իրենց վշտոտ ու մարած հայացքը աշխարհի բախտավորներին են ուղղել. քանի՛-քանի՛ երկրներ տառապում են նյութական և հոգևոր աղքատության ու գերության մեջ. նրանց թվում և մեր` դարերի արհավիրքներից ճողոպրած հայ ազգը արյունաքամ ընկած է Երիքովի ճանապարհին և իր որդիների ու օտարների օգնությանն է սպասում, որ սամարացու նման խնամեն նրա վերքերը:

 

Տեսնո՞ւմ է աշխարհը այս բոլորը, լսո՞ւմ է նրանց հառաչանքի ձայնը: Ո՛չ, պետք է վերածնություն և ներքին վերածնություն, որ առաջ բերի նաև արտաքին վերածնություն. այն ժամանակ միայն հրեշտակների ավետիսը` «յերկիր խաղաղութիւնե, հիրավի կթագավորի աշխարհի մեջ:

 

Եկե՛ք, եղբայրնե՛ր և քույրե՛ր, միանանք և միասին հնչեցնենք մեր ձայնը. անհատի ձայնը մարում է խռովարար և աղմկահույզ աշխարհի մեջ. խաղաղություն սիրող բոլոր սրտերից պետք է խաղաղության աղոթք վերառաքել Բարձրյալին. և այն ժամանակ Աստված կնայի մարդկանց վրա հաճությամբ և Հիսուս մանկան ծննդյան տոնը կլինի հիրավի նաև վերածնության տոն աշխարհի խեղճերի ու տառապյալների համար:

 

Սակայն աղոթքը միայն բավական չէ, նա արտաքին օգնություն է. պետք է նաև ներքին աշխատանք: Եկե՛ք ուրեմն, եղբայրնե՛ր, զորացնենք մեր կամքը և աշխատենք, որ Հիսուս ծնվի ոչ միայն մեզ համար, այլ մեր մեջ, որ մեր սրտերը մսուր դառնան, ուր ծնվի աստվածային կյանք, և նորածին կյանքն իր սիրո ջերմությամբ հալեցնի մեր սրտերի եսականության սառույցը, որ բազմատեսակ թշվառությունները գոյություն չունենան:

 

«Ահաւասիկ աւետարանեմ ձեզ ուրախութիւն մեծ … զի ծնաւ ձեզ այսօր Փրկիչ, որ է Օծեալ Տէրե (Ղուկաս Բ 10-11). ուրախ ողջույնի ձայն է, որ երբեմն հնչել է երկնքից. Փրկչի Ծննդյան ավետիսն է, որ բերել է հրեշտակը մարդուն:

 

Այսօր էլ նույն ուրախ ողջույնի արձագանքն է, որ հրճվանքով լցնում է մեր սիրտը` հրավիրելով մեզ աշխարհի Մեծ Բարերարի Ծնունդը տոնելու: Մեծ մարդկանց ծննդյան տարեդարձի օրը սովորություն է խոսել նրանց հոգու բարձր թռիչքների, լավագույն իղձերի ու ձգտումների և կատարած մեծ գործերի մասին, որով անմահացել են` իրենց փայլուն դեմքը` հավետ դրոշմելով սերունդների հիշողության մեջ:

 

Սակայն ով կարող է Նրա նկարագիրը տալ. մի՞թե հնարավոր է արևը մրով և արշալույսը մատիտով նկարել: Ների՛ր, ուրեմն, ի՛մ Փրկիչ, որ հանդգնում եմ թույլ ձեռքովս լուսավոր դեմքդ պատկերել և թոթով լեզվովս անհատ հոգուդ նկարագիրը տալ: Թափիր վրաս օրհնությունդ, հուզիր հոգիս, բոցավառիր լեզուս, որ կարողանամ փառաբանել անբավ մեծությունդ ու անչափ բարությունդ:

 

«Ծնաւ ձեզ այսօր Փրկիչ, որ է Օծեալ Տէրե,- ձայնում է հրեշտակը: Մարգարեների գուշակած և հրեից ակնկալած Փրկիչը, այո՛, ծնվեց, բայց ոչ իբրև, ինչպես երազում էին հրեաները, թագավոր` շքեղ պալատում, ծիրանիով պարուրված, այլ որպես աշխարհի աղքատիկ զավակ` մսուրի մեջ, հարդե անկողնում, խոտից վերմակի տակ: Սակայն այդ արտաքին աղքատությունը և այդ թույլ մարմինը գիտե՞ք թե ինչ ներքին հարստություն և զորություն էր պարունակում: Դանդաղ բացվող կոկոնի նման, որ ի վերջո դառնում է աննման փարթամ ծաղիկ, զարգացավ Նա և երեսնամյա հասակում հասավ մի կատարելության, որ մարդու համար միշտ կմնա անբացատրելի գաղտնիք և կհամարվի աստվածային հրաշք: Նա այն դեմքերից չէ, որոնք ծնվում են երկրի ծոցից և կամ մարդկային ուժերից, այլ երկնքի ու երկրի գրկախառնման արգասիք, հավիտենականի և մարդկային հոգու միացման ծնունդ է Հիսուս` մարդկային կատարյալ կյանքի տիպարը: Սակայն ինչումն է Նրա կատարելությունը: Գաղտնիքը իմանա՞լ կուզեք` լսեցե՛ք: Նա տեսավ, որ աշխարհը չի ճանաչում սիրո Աստծուն, որ Իր կյանքի աղբյուրն էր, Իր սրտի սիրո կրակը: Նա գտավ աշխարհը խիստ ցամաք, խիստ եսական և փորձեց այն դարձնել սիրո Աստծո բնակարան, որպեսզի ժամանակակից եսական աշխարհը սիրո և եղբայրության թագավորություն դառնար և կրեր իր հաղթական դրոշի խաղաղության մշտադալար ձիթենին:

 

Հիշո՞ւմ եք Փրկչին` նավի մեջ հանգիստ քնած, կարծես ալեկոծ ծովի կատաղի ալիքները Իր Հոր հավատարիմ բազուկները լինեին, որոնք նավակը օրորելով, քուն էին բերում Նրա հոգնած աչքերին: Հիշո՞ւմ եք Նրա արձակած տիրական հրամանը կատաղած բնությանը, թե` «Դադարի՛ր, խաղաղվի՛ր, և դադարեց հողմը, ու խաղաղվեց ծովըե:

 

Ինչպիսի՛ խոր հավատ կար այդ խոսքերի մեջ. ա՛խ, եթե մենք էլ ունենայինք Փրկչի հավատը, եթե մեր սրտի մեջ էլ նա խորը թաղված լիներ, մենք էլ կտեսնեինք աշխարհի մեջ աստվածային անհուն սերը. և որքա՛ն երջանիկ ու կենսուրախ կապրեինք այստեղ, մարդու համար այսօր դժոխք դարձած այս վայրում:

 

Խոր հավատի հետ խորունկ էլ սեր ուներ Հիսուս …

 

Այսպես, ուրեմն, հավատ և սեր, ահա Փրկչի կատարելության աղբյուրը, որ պիտի լինի նաև մեր կատարելության պատվանդանը:

 

Տարիները գլորվում են, և մենք անտարբեր տոնում ենք Փրկչի Ծնունդը, առանց հոգ տանելու, որ Նա իրապես ծնվի մեր հոգու մեջ` հավատ ու սեր սերմելով այնտեղ:

 

Եվ սակայն ո՞վ ավելի, քան թե մենք այսօր կարոտ է կատարյալ հավատի և ճշմարիտ սիրո:

 

Գրկենք, ուրեմն, նորածին Հիսուս մանկանը, առնենք մեր ներսը Նրա հավատն ու սերը, որ աշխարհի մեջ հավիտենական ճշմարտություններ և աստվածային սիրո անթիվ, անհամար պատկերներ տեսնենք և լինենք Նրա կատարյալ երկրպագուն, որպեսզի իրավունք ունենանք հրեշտակների հետ Փրկչի Ծնունդը միմյանց ավետելու. «Ահաւասիկ աւետարանեմ ձեզ ուրախութիւն մեծ… զի Ծնաւ ձեզ այսօր Փրկիչ, որ է Օծեալ Տէրե: Ամեն:

 

Սույն հատվածի ամբողջական տարբերակը զետեղված է Քարոզներ և ելույթներե ժողովածուի մեջ` տպագրված Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, 2013 թվականին:

 

Տարիներ առաջ Սուրբ Ծննդյան մտորումներից բխած հայրապետական այս խոսքը` պարուրված հայ ազգի տառապանքների հողմերի կատաղի ալիքներում հայի ստեղծող, մարտնչող և համբերող ոգին կենդանի պահելու, ինչպես նաև նրա ցրտից սառած, քաղցից մարած, հիվանդությունից հյուծված և սրով հոշոտվող մարմինն ազատելու, փրկելու համար բարձրաձայնված կոչերով ու աղոթքներով, իր արդիականությամբ կոչված է վկայելու պատմության կրկնությունը, որ լի էր պարտություններով ու կորուստներով, բայց և մշտավառ ու անկոտրուն հավատքից բխող հաղթանակներով և նորանոր ձեռքբերումներով:

 

Արդ, հավատանք, որ պարտություն ու տառապանք պարունակող վերստին բացված էջերը Բեթղեհեմյան աստղից ճառագող լույսով և Սուրբ Ծննդյան հրեշտակաբարբառ ավետիսից բխող օրհնությամբ կփակվեն փառահեղ հաղթանակների և Հայրապետի պատգամած վերածննդի էջերով` ի նպաստ Հայոց Աշխարհի հաղթանակած խաղաղության և անսասանության հաստատման:

 

Պատրաստեց

Լաուրա ԱՂԱՋԱՆՅԱՆԸ

  • 2023-12-30
×