Մեկ վայրում` Երևանի Սուրբ Երրորդություն եկեղեցու դահլիճում էին հավաքվել մի քանի տասնյակ արցախցի փոքրիկներ` իրարից կարոտն առնելու։ Արցախի թեմի կիրակնօրյա դպրոցների սաներն էին` Վաղուհաս, Քոլատակ, Շահմասուր գյուղերից։ Հանդիպման նպատակը համախմբվածությունը պահելն է։ Միջոցառումն առանց ամանորյա անակնկալների չանցավ․ 60 երեխայի սպասում էին տոնածառի տակ դրված նվերները։
Հանդիպմանը ներկա էին Արցախի թեմի առաջնորդ Վրթանես Եպիսկոպոս Աբրահամյանը, Եռաբլուրի Սրբոց Վարդանանց Նահատակաց եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյանը։ Միջոցառումը մեկնարկեցին աղոթքով։
Սրբազան Հայրը շեշտեց՝ պիտի արժևորենք այն կարևորը, որ մեզ տվեց Աստված՝ կյանքը․ «Պետք է հաստատուն պահենք մեր վերադարձը Արցախ և այն ամրագրենք որպես հաղթական վերադարձ։ 2024 թվականի մեր կարգախոսը պիտի այդպիսին լինի՝ վերադարձ Արցախ։ Այդ գաղափարը պիտի դառնա ապրելակերպ»։
Սրբազան Հայրը հավելեց՝ այդ գործում մեծ դեր ունեն նաև երեխաները։ Հորդորեց բոլոր արցախահայերին՝ չարտագաղթել Մայր Հայաստանից, այստեղ կարող են համախմբված, միասնական լինել մինչև տուն վերադառնալը։
«Մենք կորցրինք մեր չքնաղ Արցախը՝ մեր հայրենիքը, բայց չկորցրինք հույսը, որ պիտի վերադառնանք»,- ընդգծեց Տեր Հովհաննեսը, որ Դադիվանքի նախկին վանահայրն էր։
Տեր Հովհաննեսը կոչ արեց երեխաներին՝ հաճախել իրենց համայնքներում գործող եկեղեցիների կիրակնօրյա դպրոցներ։ Միևնույն ժամանակ ներկաներն ընդգծեցին Արցախի թեմի կիրակնօրյա դպրոցները պահպանելու անհրաժեշտության մասին, որը նաև համախմբող դեր ունի։
Հանդիպմանը դրամական օգնություն ցուցաբերվեց պատերազմի ժամանակ զոհվածների ընտանիքներին։
Նվերները ու դրամական աջակցությունը տրամադրվեց բարերարներ Վարդան Մանուկյանի և Գրիգորի Հայրապետյանի հովանավորությամբ։