Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Ս. Հակոբոս ու Ս. Հովհաննես եղբայրների հիշատակության օրը: Նրանք Քրիստոսի 12 առաքյալներից էին: Այս առաքյալների անունները կրող եկեղեցիներում կմատուցվի Սուրբ Պատարագ:
Պետք է խնդրենք Ս. Հակոբոսի և Ս. Հովհաննեսի բարեխոսությունը, նշում է Երևանի Սուրբ Սարգիս առաջնորդանիստ եկեղեցու քահանա Տեր Շահե քահանա Հայրապետյանը.
«Այս առաքյալների բարեխոսությունը շատ կարևոր է ամբողջ աշխարհում խաղաղության համար, որ մարդիկ ապրեն սիրով, նվիրվեն, ինչպես երկու եղբայրները նվիրվեցին Քրիստոսին»:
Քահանայի խոսքով՝ Հակոբոսն ու Հովհաննեսը ականատես եղան մարդկության համար շրջադարձային դեպքերի: Այս առաքյալների հախուռն բնավորությունն էր պատճառը, որ Քրիստոս նրանց տվեց «Բաներեգես» անունը, նշանակում է «Որոտման որդիներ» (Մարկ. 3:17):
Ըստ Ավետարանի՝ Երբ սամարացիները մերժում են հյուրընկալել Երկնավոր Վարդապետին, Ս. Հակոբոսն ու իր եղբայրը խնդրում են Հիսուսին, որ երկնքից կրակ թափի մարդկանց վրա: Քրիստոս հանդիմանում է նրանց իրենց հախուռն պահվածքի համար:
Ս. Հակոբոս. Քրիստոսի վստահելի աշակերտներից մեկը
Սուրբ Հակոբոսը՝ Հովհաննես Ավետարանչի ավագ եղբայրը, Հիսուսի մտերիմ ու վստահելի աշակերտներից էր:
Տեր Շահեի խոսքով՝ հայտնի է, որ Ս. Հակոբոսը միշտ ասում էր ճշմարտությունը, ոչինչ չէր թաքցնում ու առաջիններից էր, որ նահատակվեց:
Նա միակ առաքյալն է, որի մահվան մասին գրված է «Գործք Առաքելոց»-ում:
Ս. Հակոբոսը ձերբակալվում է Հերովդեսի կողմից ու սրով սպանվում:
«Առաքյալի գլուխն այժմ գտնվում է Երուսաղեմի Սրբոց Հակոբյանց տաճարում: Այն խորանը, որտեղ դրված է գլուխը, կոչվում է՝ գլխադիր»,-նշում է Տեր Շահենը:
Ըստ ավանդության՝ Ս. Հակոբոսի գլուխը բերում են Հակոբոս Տյառնեղբորը: Նա այն թաղում է իր տան պարտեզում: Հետագայում այդտեղ կառուցվում է Ս. Հակոբյանց մայր տաճարը:
Ըստ քահանայի՝ Ս. Հակոբոս առաքյալի կատարած գործն ու նահատակությունը կարևոր խորհուրդ ունեն.
«Ապավինե՛նք մեր տիրոջ կամքին: Ինչպես նշվում է՝ «Եղիցին կամք քո»: Թող Աստծո կամքը լինի ամենուրեք»:
Ս. Հովհաննես. «սիրելի աշակերտ»-ը
Ս. Հովհաննեսը 12 աշակերտներից կրտսերն էր: Լեոնարդո դա Վինչիի հայտնի «Խորհրդավոր ընթրիք» կտավում հենց նա է պատկերված Քրիստոսի կողքին: Նշվում է, որ Ս. Հովհաննեսը Քրիստոսի սիրելի աշակերտն էր: Հիսուսի ձերբակալման գիշերը նա հավատարմորեն հետևեց իր Վարդապետի չարչարանքներին` ուղեկցելով նրան մինչև Գողգոթա:
Հիսուս այնքան էր սիրում ու վստահում նրան, որ խաչելության պահին Աստվածամորը հանձնեց նրա խնամքին.
«Մորն ասաց. «Ո՛վ կին, ահա քո որդին»։ Ապա աշակերտին ասաց. «Ահա քո մայրը»»: (ՀՈՎՀԱՆՆԵՍ 19:26-27)
Ս. Հովհաննեսն էր, որ երբ կիրակի առավոտյան լսեց Հիսուսի հարության լուրը, Պետրոսի հետ շտապեց գերեզման ու հավատաց հարությանը` առանց Հարուցյալին տեսնելու:
Առաքյալը 4-րդ Ավետարանի, երեք ընդհանրական նամակների ու «Հայտնության» գրքի հեղինակն է: Մահացել է 100 թվականին, Եփեսոսում 95 տարեկանում:
Հայ Առաքելական Եկեղեցին Ս. Որոտման որդիների հիշատակության օրը նշում է Սուրբ Ծննդին նախորդող ավագ տոների ժամանակ:
Անի Ավագյան