Սուրբ Պետրոս և Սուրբ Պողոս առաքյալների հիշատակության օր

Սուրբ Պետրոս և Սուրբ Պողոս առաքյալների հիշատակության օր

Սուրբ Պետրոս և Սուրբ Պողոս առաքյալները Քրիստոսին ճանաչեցին տարբեր հանգամանքներում՝ մեկը Նրան տեսավ անձամբ, մյուսը՝ տեսիլքի միջոցով:  

 

«Նրանք կարևոր դեր ունեցան քրիստոնեության տարածման մեջ: Իրենց կյանքը չխնայեցին՝ Աստծո խոսքը տարածելու համար»,- նշում է Երևանի Սրբոց Նահատակաց եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Բարդուղիմեոս քահանա Հակոբյանը

 

Ըստ հոգևորականի՝ պատահական չէ, որ Հայ Առաքելական Եկեղեցին այս առաքյալների հիշատակի օրը նշում է Սուրբ Ծննդին նախորդող ավագ տոների ժամանակ. Եկեղեցու սյուներից են:

 

Ս. Պետրոս. տասներկուսից մեկը

 

Ս. Պետրոս առաքյալը Ավետարանում բազմիցս հիշատակվում է: Քրիստոսի 12 առաքյալներից էր, ականատեսը, խոսող վկան մի շարք կարևոր դեպքերի, օրինակ՝ Տիրոջ Պայծառակերպության: Պետրոսը ձկնորս էր, Բեթսայիդա գյուղից էր, սակայն փոխադրվել էր Կափառնայում քաղաք, ուր Հիսուս բժշկեց նրա զոքանչին:

 

Հիշատակվում է նաև որպես Շմավոն, հունարեն` Սիմոն: 

 

Ավետարանում կարդում ենք, որ Ս. Պետրոսը Հիսուսին տրամադրեց իր նավակը, ուռկանները ծովը գցեց ու հրաշք որսը տեսնելով՝ զգաց դիմացինի մեծությունը.

 

«Ինձնից հեռո՛ւ գնա, Տե՛ր, որովհետև ես մեղավոր մարդ եմ». (Ղուկաս 5:8)

 

Պետրոսի հոգևոր վերելքի գագաթնակետը նրա խոստովանությունն էր: Առաջինն էր առաքյալներից, որ վկայեց.

 

«Դու Քրիստոսն ես, կենդանի Աստծու Որդին»։ (Մատթեոս 16:16)

 

Առաքյալի հավատքի այս խոստովանությունն էլ եղավ Քրիստոսի Եկեղեցու վեմը, հիմքը.

 

«Ես էլ քեզ ասում եմ, որ դու ժայռ ես, և այդ ժայռի վրա եմ շինելու իմ եկեղեցին, և դժոխքի ուժերը նրան չեն կարողանա հաղթել։ Քեզ եմ տալու երկնքի արքայության բանալիները. ինչ որ կապես երկրի վրա, կապված կլինի երկնքում, և ինչ որ արձակես երկրի վրա, արձակված կլինի երկնքում»։ (Մատթեոս 16:18-19)

 

Հայտնի է, որ Հիսուսի ձերբակալման գիշերը Պետրոսը երեք անգամ ուրացել է Նրան, ինչպես կանխորոշվել էր: Ըստ Տեր Բարդուղիմեոսի՝ իր կերպարը ցույց է տալիս, թե մեղք գործելուց հետո՝ ինչպես պետք է վարվել:

 

«Մեղքին հաջորդող գործողությունը պիտի լինի զղջումը, ապաշխարումը, դեպի Աստված վերադարձը: Երբ Ս. Պետրոսը ուրացավ, լաց եղավ, զղջաց ու ապաշխարեց, վերադարձավ Քրիստոսի մոտ, փորձեց ուղղել սխալը»:

 

Ըստ քահանայի՝ եռակի ուրացողը զղջալուց հետո դարձել է քրիստոնեական հավատի մեծագույն ջատագով.

 

«Նույնիսկ նա, ով ընտրվել էր Աստծո կողմից, մեղք գործեց: Յուրաքանչյուր մարդ հնարավոր է սխալվի, բայց կարևոր է, որ զղջա ու գնա դեպի Աստված»

 

Քահանան մեկ այլ օրինակ է բերում. Հուդան ևս զղջաց, բայց…

 

«Նա չդարձավ դեպի Քրիստոս, գնաց իր կյանքին վերջ տվեց, դրա համար չընդունվեց»: 

 

Հոգեգալստից հետո Պետրոսը խոսել է հարուցյալ Հիսուսի մասին: Նրա կարևոր գործերից էր հեթանոսների ներգրավումը եկեղեցի: Հերովդես թագավորը ձերբակալել է նրան, բայց հրաշքով ազատվել է բանտից: Ըստ ավանդության՝ նահատակվել է Հռոմում` գլխիվայր խաչվելով: Մահվանից առաջ խնդրել է իրեն խաչել գլխիվայր. կարծում էր՝ Քրիստոսի նման խաչվելուն արժանի չէր: Մեզ հասել են նրա երկու ընդհանրական նամակները: 

 

Ս. Պողոս. Ավետարանի ամենաեռանդուն քարոզիչը

 

Ս. Պողոսը Քրիստոսի 12 աշակերտներից չէր, սակայն ըստ քահանայի՝ համարվում է 13-րդը: Նա անձամբ չճանաչելով Հիսուսին՝ կատարել է մեծ առաքելություն:

 

Ծնվել է Կիլիկիայի Տարսոն քաղաքում՝ առաջին դարի սկզբներին, հռոմեական քաղաքացիություն ունեցող հրեա ծնողներից, որոնք, ըստ Հերոնիմոսի, եկել էին Գալիլիայից: Ս. Պողոսը վրանագործ էր: Եղել է փարիսեցի, հալածել է քրիստոնյաներին: Տեր Բարդուղիմեոսը նշում է՝ ամեն բան փոխվել է, երբ Հիսուս տեսիլքի միջոցով երևացել է նրան.

 

«Քրիստոսի հայտնությամբ Պողոսի կյանքը գլխիվայր շուռ եկավ: Նա մկրտվեց, դարձավ քրիստոնյա ու Ավետարանի ամենաեռանդուն քարոզիչը: Հետագայում մահապատժի ենթարկվեց՝ Քրիստոսին դավանելու համար»:

 

Ս. Պողոսը ճանապարհորդել է` քարոզելով Աստծո խոսքը: Մեզ են հասել նրա 14 թղթերը: Ըստ ավանդության՝ սուրբը նահատակվել է Հռոմում՝ 67 թվականին՝ Ներոնի հալածանքների ժամանակ ու գլխատվել:

 

Անի Ավագյան

 
  • 2023-12-26
×