Ոտքի կանգնել մեղավոր վիճակից. Ս. Դավիթ մարգարեի և Հակոբոս Տյառնեղբոր հիշատակության օր

Ոտքի կանգնել մեղավոր վիճակից. Ս. Դավիթ մարգարեի և Հակոբոս Տյառնեղբոր հիշատակության օր

Սուրբ Ծննդից առաջ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է ավագ տոների շարքը` նվիրված նշանավոր սրբերին: Առաջինը՝ դեկտեմբերի 23-ին, Սուրբ Դավիթ մարգարեի և Հակոբոս Տյառնեղբայր առաքյալի հիշատակության օրն է: Երկու սրբերին նվիրված օրը տոնվում է միասին` խորհրդանշելու Հին ու Նոր Ուխտերի միաձուլումը քրիստոնեության մեջ: Դավիթը Քրիստոսի «նախահայրն» է, Հակոբոսը՝ «եղբայրը» և ազգականը: 
 

Երևանի Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Աշոտ քահանա Սաֆարյանը հորդորում է՝ տոնելով հիշատակության օրը խնդրել Ս. Դավիթ մարգարեի ու Հակոբոս Տյառնեղբոր բարեխոսությունը, նրանց օրինակով ապրել հավատի կյանք.


«Մեր հավատը արտացոլվի առաքինի ու քրիստոնեական գործերով, որով կարող ենք մեզ համարել արժանի հետնորդներ և Հակոբոս Տյառնեղբոր, Դավիթ մարգարեի առաքելության շարունակողներ»:


Ս. Դավիթ. Մեծ զղջացող ու ապաշխարող


Հին Կտակարանի մեծ դեմքերից Դավիթ մարգարեն հիշատակված է աստվածաշնչյան թագավորաց գրքերում: Նա Աստվածաշունչ մատյանի Սաղմոսաց գրքի հեղինակն է:

 

Մանուկ հասակից աստվածավախ Դավիթը հայտնի էր քաջությամբ, խոնարհությամբ: Եղել է հովիվ: Փղշտացիների հարձակման ժամանակ հաղթել է հսկա Գողիաթին: Հետագայում դարձել է Իսրայելի թագավոր:

 

«Դավիթը ընդարձակել է երկրի սահմանները, նպաստել աստվածպաշտության տարածմանը: Երուսաղեմ է տեղափոխել ուխտի տապանակը, որ Իսրայելի գլխավոր սրբությունների արկղն էր, որտեղ պահվում էին մանանայով լի սափորը, Ահարոնի ծաղկած գավազանն ու Տասնաբանյա պատվիրանների տախտակները»,-նշում է Տեր Աշոտը:

 

Քահանան ընդգծում է` Քրիստոսը Դավթի սերնդից է: Թագավորի զարմից է աստվածահայր Հովսեփը. 

 

«Մեր Տեր Հիսուս Քրիստոս երկրավոր իր կյանքում առավել կոչվեց` Դավթի որդի. Դավիթը նշանավոր էր թագավորների մեջ, ժողովուրդը Հիսուսին ճանաչեց թագավոր»:

 

Ըստ Տեր Աշոտի՝ Դավիթը զերծ չի մնացել մեղքերից: Մեղանչել է՝ իր զորավարներից մեկի կնոջ հետ շնանալով, սակայն զղջացել է ու ամբողջ կյանքում ապաշխարել.

 

«Աստծուց շնորհ էր ստացել՝ սաղմոսներ երգելու, որոնք հետագայում գրի են առնվում: Իր սաղմոսներով փառաբանում է Աստծուն, արտահայտում իր զղջումը՝ գործած մեղքերի համար, գոհություն է հայտնում Աստծուն՝ մեծագործությունների համար»: 

 

Ս. Դավիթը մարգարեանում է, որ գալու է Աստծո որդին: Ըստ քահանայի` հայտնի է՝ որպես սաղմոսերգու. իր աղոթքներով, սաղմոսներով մնացել է եկեղեցու կյանքում մինչև այսօր: 

 

«Հայտնի է՝ որպես մեզ զղջացող և ապաշխարող։ Ցույց է տալիս, որ պետք է վախենալ ոչ թե մեղքից, այլ մեղքի մեջ մնալուց: Յուրաքանչյուր մարդ կարող է մեղքի մեջ ընկնել, բայց միայն քաջերին է հաջողվում դիմել Աստծո ողորմությանն ու ոտքի կանգնել մեղավոր վիճակից, արժանանալ սրբի պատվին»:

 

Ըստ վկայությունների՝ Աստված օրհնում է Ս. Դավթին՝ նրան տալով խաղաղ մահ: 

 

Հակոբոս Տյառնեղբայր. Տիրոջ եղբայրը, որ նույնպես հալածվեց

 

Տյառնեղբայր նշանակում է՝ Տիրոջ եղբայր: Հակոբոսը Հիսուս Քրիստոսի «եղբայրը» ու ազգականն է՝ Հովսեփի նախորդ ամուսնությունից ունեցած զավակներից մեկը: Հիշատակվում է ավետարաններում` իր եղբայրների հետ միասին: Նրան նաև անվանում են Կրտսեր կամ փոքր Հակոբ՝ Տիրոջ Հակոբ առաքյալից տարբերելու համար: 


Հակոբոս Տյառնեղբայրը փորձել է տարածել Տիրոջ Հարության ավետիսը: Ըստ Տեր Աշոտի՝ դարձել է Երուսաղեմի առաջին եպիսկոպոսը.


«Եկեղեցում աստվածաշնչյան ընթերցումները կարգեց՝ ըստ տոների, սահմանեց տերունական տոները, սահմանեց, որ Սուրբ Ծնունդը տոնվի հունվարի 6-ին»: 


Հրեա պատմիչ Հովսեփիոսը նշում է, որ Հակոբոսին անվանում էին՝ «արդար». ճշմարտախոս էր:


«Հայսմավուրք գիրքը պատմում է, որ Հակոբոսը աղոթասեր էր, մարդիկ հիշում էին, որ նա ժամերով ծնրադիր աղոթում էր: Նրա ծնկները կարծես դարձել էին ուխտի կաշվի նման կարծր»:


Հրեաների հալածանքներից անմասն չի մնում Հակոբոսը: Վարքագրական աղբյուրների համաձայն՝ նրան բարձրացնում են Սողոմոնի տաճարի վերնահարկ ու ստիպում, որ չարախոսի Հիսուսի դեմ: Նա, հակառակը, նշում է Հիսուս Մեսիայի մասին, Ով Աստծո որդին է, նստած է Աստծո Աջ կողմում ու գալու է՝ աշխարհն արդարությամբ դատելու: Հակոբոսին վայր են նետում, նահատակվում է: Ըստ ավանդության՝ նա թաղված է Երուսաղեմի Հայոց Պատրիարքության Ս. Հակոբյանց Մայր Տաճարում:


Նրա անունով հասել է ընդհանրական նամակ: Ըստ քահանայի՝ այդ թղթում կոչ է արվում՝ հավատի ու գործի հավասարակշռության.


«Ինչպես որ մարմինն է մեռած առանց հոգու, այնպես էլ հավատն է մեռած առանց գործերի»։ (ՀԱԿ. 2:26)


Անի Ավագյան

 
  • 2023-12-23
×