Տերը մեզ տալիս է պատվիրան՝ չդատել մարդկանց, որովհետև մենք նույնպես մեղավոր ենք
Տերը մեզ տալիս է պատվիրան՝ չդատել մարդկանց, որովհետև մենք նույնպես մեղավոր ենք
Եթե հետևենք սոցիալական ցանցերում ամեն օր գրվող հազարավոր մեկնաբանություններին, պարզ կդառնա. մենք շարունակ դատում ենք, քարկոծում դիմացինին՝ ծանոթ, թե անծանոթ: Հարց է առաջանում՝ կարո՞ղ ենք դատապարտել, երբ մենք անմեղ չենք:
Մի՛ դատեք, որ չդատվեք
Սուրբ Գրքում նշվում է.
«Մի՛ դատեք, որ չդատվեք, որովհետև կդատվեք այն դատաստանով, որով դատում եք, և կչափվի ձեզ համար այն չափով, որով չափում եք»։ (Մատթեոս 7: 1-2)
Մարդիկ սիրում են ուրիշների մեղքերը հանրայնացնել, քննարկել, մինչև կյանքի վերջ հիշել, որ նա գող կամ ավազակ է եղել: Նույնիսկ հավատացյալ մարդիկ միմյանց դատում են, օրինակ՝ պահք պահողը՝ չպահողին, նշում է Երևանի Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու խորհրդակատար քահանա Տեր Վահան քահանա Առաքելյանը.
«Տերը մեզ տալիս է պատվիրան՝ չդատել մարդկանց, որովհետև մենք ինքներս մեղավոր ենք, նույն մեղքերն ենք գործում, ինչ ուրիշները, երբեմն ավելի վատ մեղքեր, բայց այդ ամենը թողած դատապարտում ենք ուրիշին»:
Քահանան հիշեցնում է աստվածաշնյան դրվագը, երբ դպիրները, քահանայապետներն ու փարիսեցիները բերում են մի կնոջ ու ասում Հիսուսին.
««Հանցանքի մեջ բռնված այս կինը հաստատ շնացել է, իսկ Օրենքում Մովսեսը մեզ պատվիրել է այսպիսիներին քարկոծել. հիմա դու դրա մասին ի՞նչ ես ասում»։ Հիսուս վեր նայեց ու նրանց ասաց. «Ձեր միջից անմեղը նախ թող քար գցի դրա վրա»։ Այս լսելով՝ մեկ առ մեկ՝ մեծից փոքր, ելան գնացին։ Մնացին միայն Հիսուսն ու նրա առաջ կանգնած կինը։ Հիսուսը նրան ասաց. «Ո՛վ կին, ո՞ւր են. քեզ ոչ ոք չդատապարտե՞ց»։ Եվ սա ասաց. «Ո՛չ, Տե՛ր»։ Հիսուսն ասաց. «Ես էլ քեզ չեմ դատապարտում. գնա՛, այսուհետև մի՛ մեղանչիր»»: (Հովհաննես 8:3-11)
Երբ մարդիկ դատապարտում են մյուսներին, ընկնում են այլ մեղքերի մեջ ևս, Տեր Վահանը թվարկում է՝ դրանք են բամբասանքը, չարախոսությունը, հպարտությունը, ցուցամոլությունը, երբ ջանում են՝ երևալու համար.
«Մենք չէինք կամենա, որ մեր անցյալի մեղքերը տարածվեն մարդկանց մեջ: Ուրեմն՝ պիտի լուռ լինենք ուրիշների սխալների, մեղքերի, անկումների մասին խոսելիս: Կյանքի ոսկե կանոնն ասում է՝ ինչ-որ կկամենաք, որ մարդիկ ձեզ անեն, նույնը և դուք արեք նրանց»:
Չպետք է դատել մարդկանց, հատկապես, երբ նրանք մեղք են գործել մեր հանդեպ՝ մեզ ցավեցրել, վիրավորել, նեղացրել են, նշում է քահանան, հավելում է՝ այն Աստծո համար առաջին պայմանն է, որ մեզ ների:
«Հիսուս Քրիստոս Տերունական աղոթքը սովորեցնելիս կանգ առավ և բացատրեց հենց «և թող մեզ զպարտիս մեր, որպէս և մենք թողումք մերոնց պարտապանաց» խոսքերը. «Եթե դուք մարդկանց ներեք իրենց հանցանքները, ձեր երկնավոր Հայրն էլ ձեզ կների. Իսկ եթե դուք մարդկանց չներեք իրենց հանցանքները, ձեր Հայրն էլ ձե՛զ չի ների ձեր հանցանքները»: (Մատթեոս 6:14-15)
Խրատել, սովորեցնել
Կարող է հարց առաջանալ.եթե չենք կարող քննադատել, ուրեմն՝ չի՞ կարելի նաև խրատել, սովորեցնել: Տեր Վահանի խոսքով՝ պետք չէ դրանք խառնել:
Օրինակ՝ քահանան կարող է հորդորել, բարձրաձայնել մեղքերի մասին, որ մարդիկ դրանցից հեռու մնան.
«Դա հոգևորականների կոչումն է: Այլապես մարդիկ մեղքերի թմբիրի մեջ կմնան և չեն արթնանա: Երբ մարդիկ գալիս են անհատական խոստովանության, քահանային խոստովանում են տարբեր մեղքեր, դրանց համար նա չի դատապարտում, այլ տեսնելով նրանց զղջացող սիրտը՝ թողություն է տալիս»:
Լսե՛նք իրար
Միմյանց անընդհատ չքննադատելու համար՝ պիտի կարողանանք իրար լսել, կարծում է քահանան.
«Երբ մարդիկ դիմացինին լսում են, ավելի քիչ են դատապարտում: Այդ ժամանակ մարդը փորձում է բացատրել իր քայլերի պատճառները:
Հավելում է՝ Աստծո ու քահանայի առաջ մեղքերը խոստովանելիս դրանք արդարացնել չի կարելի, այն հպարտության դրսևորում է: Երբ խոնարհաբար խոստովանում ես մեղքերը, արժանանում ես թողության: