Իրավունք չունենք հուսահատվելու

Իրավունք չունենք հուսահատվելու

«Սեպտեմբերի 19-ը երանի պոկվեր օրացույցից։ Ամեն ինչ քաոսի էր վերածվել, կատարյալ դժոխք էր…»։

 

21-րդ դարում, քաղաքակիրթ աշխարհի աչքի առջև նման պայմաններում շարունակել ապրել (ես կասեի անտրտունջ ապրել) առնվազն հերոսություն էր։ Դատարկ խանութներ, առանց գազի, էլեկտրականության, առանց տրանսպորտի, հացի հերթեր, անպատասխան հարցե՜ր, հարցե՜ր, հարցե՜ր…:

 

Արցախցի Նվարդ Բաղրյանը, որը ծնվել և շարունակել է ապրել և արարել Ավետարանոց գյուղում, ասում է, որ անասելի դժվար է հաշտվել դաժան իրականության հետ։ Հայրենիքի կորուստի, մարդկային խեղված ճակատագրերի ցավից մեր հոգիները փոթորկված օվկիանոսի են նման, ափ հասնելն անհնար է։

 

2020 թվականի պատերազմից հետո հայրենիքի, հայրենի տան կարոտը ստիպել էր հետ գնալ Արցախ։

 

«Ես ինձ չէի պատկերացնում առանց Արցախի, նույնը խորհուրդ տվի իմ բազմանդամ ընտանիքին, որի համար չեմ զղջում կամ ափսոսում, քանզի երեք տարի ավել ենք շնչել հայրենիքի կենարար օդը, խմել սառնորակ ջուրը, ապրել ու «չապրել» հայրենիքի գրկում»։

 

Նվարդ Բաղրյանը ուղիղ 40 տարի դասավանդել է հայրենի գյուղի միջնակարգ դպրոցում, 2005-2006 ուսումնական տարում ճանաչվել է Ասկերանի շրջանի լավագույն ուսուցչուհի, իսկ 2021թ.-ին ճանաչվել է ԱՀ վաստակավոր ուսուցչուհի։

 

Նա Արցախից իր հետ բերել է երեք տարիների ընթացքում ստացած մի քանի հուշանվեր, գրքեր, փաստաթղթեր։

 

«Այնտեղ թողել եմ հայրենի գյուղս՝ չքնաղ Ավետարանոցը՝ բազմած Քիրս սարի ստորոտին։ Թողել եմ այնտեղ 65 տարիների արած-թողածս, տունս, մանկության արահետներս, հայրենի կրթօջախս, իսկ ամենացավալին՝ մեր պապական գերեզմանները՝ հին ու նոր, չսպիացած մեր վերքերով»։

 

Նա ասում է, որ իր միակ մխիթարությունը ընտանիքի անդամների, հարազատների, արցախահայության փրկությունն էր։

 

«Ցավոք, շատ կորուստներ ունեցանք, անդառնալի կորուստներ և՛ բարեկամների, և՛ ծանոթների շրջապատում»։

 

Նվարդ Բաղրյանը հավատացած է, որ վերադառնալու է Արցախ:

 

«Իրավունք չունենք հուսահատվելու։ Մեր երիտասարդ սերունդը պարտավոր է մեզ վերադարձնել մեր գողտրիկ Արցախը։ Պատրաստ եմ կրկին ստեղծելու, արարելու, վերակերտելու տունս, օջախս, իմ շուրջը հավաքելու որդիներիս, թոռներիս»։

 

Մանե Կարապետյան,

Վ Բրյուսովի անվան պետական համալսարանի Հանրային հաղորդակցության և լրագրության ԳՈՒԿ ուսանող

 
  • 2023-12-14
×