Ընտրում եմ կյանքը. հավատում եմ, կարող եմ

Ընտրում եմ կյանքը. հավատում եմ, կարող եմ

13 տարի Նարինե Մանուկյանն ու իր ընտանիքը ապրում են պայքարելով, դժվարությունները միասին հաղթահարելով, իրար գնահատելով, շնորհակալ լինելով, սիրելով: Ամեն ինչ սկսվեց, կամ կյանքը փոխվեց, երբ իրենց երկրորդ տղայի մոտ ախտորոշվեց գլխուղեղային կաթված:

 

Այսօր Նարինեն Հանրապետական վերականգնողական կենտրոնի տնօրենն է, հիմնադրել է «Երազի տուն» մանկական վերականգնողական կենտրոնը, «Հայ մայրեր» բարեգործական հասարակական կազմակերպությունը: Պայքարում է, որ կարողանա օգնել հնարավորինս շատ երեխաների:

 

Ես ընտրում եմ կյանքը 

 

25, 26 տարեկան էր, երբ տեղի ունեցան իր համար երկու ճակատագրական դեպքեր. ծնվեց տղան, որի մոտ ախտորոշվեց խնդիր ու հանկարծակի մահացավ մայրը: Սկզբում չգիտեր՝ ի՞նչ պետք է անել, բայց կարողացավ գտնել ապրելու ուղին: Նարինեն կարծում է, որ հենց այդ փուլում է տեղի ունեցել իր անձի փոխակերպումը.


«Օրերի ընթացքում ես հասկացա, որ այնքան եմ սիրում կյանքը, որ ինչքան էլ դժվար լինի, պիտի ընտրեմ ապրելը, ոչ թե հուսահատվելը: Հասկացա, որ կյանքի հանդեպ սերն ավելի շատ է, քան հուսալքությունը: Երբ ընտրության հարց է լինում, ես միշտ ընտրում եմ կյանքը»: 


Այսօր նույն խորհուրդը տալիս է բոլոր նրանց, ովքեր հանդիպում են նման փորձությունների: 


«Երբ ընտրում ես երջանիկ ապրելու ուղին, քո առաջ բացվում են դռներ: Դու գնում ես դեպի լույս, խավարը կամաց-կամաց սկսում է ցրվել»:


Կարծում է, որ եթե ժամանակին չընտրես այդ ուղին, հնարավոր է ստեղծվի ավելի բարդ իրավիճակ, ընկնես ճահճի մեջ, սկսես խորտակվել, կործանվել: 


Նարինեն սեփական փորձով է զգացել վերականգնողական բուժման դրական ազդեցությունը ու ցանկացել, որ այն, ինչ օգնել է իր երեխային, օգնի նաև մյուսներին։ Հիմնադրել  է հասարակական կազմակերպություն, մանկական վերականգնողական կենտրոն՝ փորձելով ստեղծել հնարավորություն, որ  երեխաները բացի պետական ֆինանսավորմամբ հատկացվածից, ստանան վերականգնողական բուժում։ 


Փորձությունը բացահայտում է իրական էությունը


Մարդ կարող է լինել չար, բայց դա չարտահայտել, եթե կյանքի ընթացքում հանգամանքները հարմար են դասավորվել, կարծում է Նարինեն.


«Մեծ հաջողությունը կամ փորձությունը բացահայտում են մարդու իրական էությունը»:


13 տարի առաջ չէր էլ մտածի այսքան փորձությունների, դրանց հաղթահարման մասին: Հետագայում հասկացել է իր ընտանիքի իրական արժեքը, թե որքան ճիշտ ընտրություն է կատարել, քանի որ նման դժվարություններին ոչ բոլորն են դիմանում, որոշ մարդիկ թողնում, հեռանում են, հրաժարվում երեխայից: 


«Երբ քեզ տրվում է հնարավորություն, դու այն պիտի դիտարկես գործիք՝ ծառայեցնելու լուսավոր նպատակների՝ քո ընտանիքի նաև հանրության համար: Եթե փորձություն է տրվում, դու այն կարող ես վերածել հնարավորության: Ես, կարծում եմ, իմ օրինակով դա ցույց եմ տվել»:


Ինձ թույլ եմ տալիս երազել


Պայքարելու ընթացքում իրենց ընտանիքը հասկացել է՝ անհույս, չիրականացող երազանքներով չպիտի տարվեն, բայց միևնույն ժամանակ հույսը չպիտի կորցնեն, սպասում են հրաշքի, առանց դրա բարդ է:
 

Զրուցակիցս երազում է, որ գտնվի լուծում ծանր հաշմանդամություն ունեցող երեխաների համար: Հանրապետական վերականգնողական կենտրոնի տնօրենի խոսքով՝ հետազոտություններ անել ու մարդկանց ավելի ինքնուրույն դարձնելը ևս պետության շահերից է բխում: 


«Երազանքներն անիմաստ են, եթե դու ոչինչ չես անում, որ դրանք իրականություն դառնան»,- նշում է Նարինեն: Որոշել է՝ ջանք չի խնայելու, շարունակելու է խոսել, ուշադրություն հրավիրել խոցելի խնդրի վրա։ 


Ժամանակին շատերը լուրջ չեն ընդունել իր որոշումը՝ վերականգնողական կենտրոններ ստեղծելու: Եղել են խանգարողներ, ավելի շատ օգնողներ ու ստացվել է: Կարծում է՝ իր պատմությունը հաջողության մասին է: Ցանկանում է ստեղծել կենտրոններ նաև մտավոր, հոգեկան խնդիրներ ունեցող երեխաների համար: 


«Այդ երեխաները կարծես լուսանքից մի փոքր դուրս լինեն: Իրենց համար ծառայությունները քիչ են, ոչ շատ որակով: Ես տեսել եմ կենտրոններ դրսում, որոնց նախադեպը Հայաստանում չկա: Ինձ թույլ եմ տալիս երազել»:


Այս ամենից զատ երազում է, որ Հայաստանը դառնա հաշմանդամություն ունեցող մարդկանց համար հարմար երկիր, ոչ թե պայքարի, այլ կյանքի համար երկիր: 


Անի Ավագյան

 
  • 2023-12-13
×