«Հիմա էլ պատրաստ եմ գնալ, վախենում եմ «Կարոտ» ֆիլմի հերոսի բախտին արժանանամ։ Ամեն օր մտքով այնտեղ եմ, դեռ ծաղկուն է իմ այգին, ծաղիկներս չեն չորացել»։
Տաթև Սողոմոնյանը այնքան ամուր է կառչած իր հող ու ջրին, որ հիմա էլ պատրաստակամություն է հայտնում գնալ Արցախ։ Նա Արցախի պետական համալսարանի բանասիրության և ժուռնալիստիկայի ամբիոնի ավագ դասախոս է, բանասիրական գիտությունների թեկնածու և բանաստեղծուհի։ Ծնունդով Արցախի Մարտունու շրջանի Բերդաշեն գյուղից է։ Ամուսնանալուց հետո տեղափոխվել է Ստեփանակերտ։ Հիմա այնտեղ թողել է ամեն ինչ՝ իր տունը, այդքան մեծ սիրով ու աշխատասիրությամբ մշակած այգին:
«Թողել եմ մի ողջ կյանք, պատերազմի բովում կոփված մանկություն և պատանեկություն, գեղեցիկ ու համերաշխ ընտանիքի ստեղծած էմոցիաներն ու ընթացքը, հարմարավետ և ինքնաբավ կենցաղ, սիրելի աշխատանք, երազանքներ, շատ բան։ Բերել եմ միայն հուշեր և պատկերներ, աղոթում եմ, որ չխունանան։ Անգամ ձեռագրերս ու գրքերս եմ թողել, ուժ չունեի որևէ բան անել»։
Այն հարցին, թե հույս ունի, որ մի օր հետ կգնա Արցախ, այսպես պատասխանեց.
«Այո, միայն դա է ինձ մխիթարում։ Ամենավերջին հեռացողներից էի, համոզված էի, պետք է մնանք, որովհետև Արցախը երբևէ առանց հայ չի եղել, պատմության ամենաօրհասական պահերին հայերը դիմադրել են՝ անտեսելով անգամ ազգային արժեհամակարգի ոտնահարումը։ Այս անգամ մեկ այլ ողբերգություն էր. իննամսյա փորձություն, վերջին ամիսներին սովի ու ֆիզիկական բնաջնջման վտանգ, գազալցակայանի անսպասելի պայթյուն, արյամբ ծանրացած հողն այլևս չդիմադրեց։ Ես հրաժեշտ չտվեցի, բայց ճանապարհին արդեն հասկացա, որ երկինքը, լուսինն ու օդն այլևս իմը չեն։ Գնալուց ինձ հետ կտանեմ ավելի ամուր կամք, ավելի դիմացկուն սիրտ, նոր ծանոթություններ ու պատմություններ»։
Նա ասում է, որ այնտեղ զբաղվելու շատ բան ունի.
«Իմ զբաղմունքներն այնքան շատ էին, կմշակեմ իմ հողը, կկարդամ իմ գրքերը, կշենացնեմ տունս և կգրեմ այդ ամենի մասին»։
Տաթև Սողոմոնյանը ասում է, որ զգացողությունները դեռևս սահմանային վիճակում են։ Առավոտները հաճախ արթնանում է այն զգացողությամբ, որ իր տանն է, «բայց վայրկյաններ անց պատերը, միջավայրը, սրտիս ծանրացած ցավը հուշում են, որ անդառնալի կորսված է մի ողջ կյանք։ Ինքս ինձ համոզում եմ, որ պետք է պայքարել»։
Նա ասում է, որ միակ մխիթարությունն այն է, որ հարազատները ողջ առողջ են, իրար օգնելով փորձում են հարմարվել նոր միջավայրին ու կենցաղին։
Տաթևը ասում է, որ սա հաղթահարելի ցավ չէ։
«Չեմ փորձում հաղթահարել թող մնա ինձ հետ։ Ինչքան թարմ մնա տառապանքը, այնքան բանուկ է լինելու վերադարձի ճանապարհը»։
Մանե Կարապետյան
Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարանի Հանրային հաղորդակցության և լրագրության ԳՈՒԿ ուսանող