Բոլոր չարիքները մեր սխալներից, սիրելու, պայքարելու անկարողությունից են

Բոլոր չարիքները մեր սխալներից, սիրելու, պայքարելու անկարողությունից են

Եթե Աստված սեր է, կարո՞ղ է պատժել. հաճախ մտածում ենք մենք: Շատերս մեր կյանքում տեղի ունեցած դժբախտությունների պատճառը վերագրում ենք Տիրոջ քայլերին: Հատկապես, երբ բարդ դրության մեջ է հայտնվել Հայաստանը, այս հարցն արդիական է. Աստվա՞ծ է մեզ պատժում, թե՞…:

 

«Շողակն Արարատյան» ամսաթերթի զրուցակիցը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Եսայի քահանա Արթենյանն է:

 

Սե՞ր, թե՞ պատիժ
 

-Միանշանակ Աստված սեր է և որևէ դեպքում, որևէ մեկին չի պատժում: Այն փորձությունները, դժվարությունները, որոնք մենք դիտարկում ենք իբրև պատիժ, մեր սխալների հետևանքն են: Մեզ սովորաբար պատժում են մեր գործած այն մեղքերը, սխալները, որոնք չենք խոստովանում, շտկում: Մեր կյանքում պատահած բոլոր չարիքները, փորձությունները, դժվարությունները գալիս են մեր սխալներից, մեղքերից, սիրելու, պայքարելու մեր անկարողությունից:

 

Պատիժը՝ Հին ու Նոր Կտակարաններում. օրենքի ու սիրո իշխանություն
 

-Հին Կտակարանի և Նոր Կտակարանի սկզբունքներն այս առումով տարբեր են: Հին Կտակարանում ժողովուրդն առաջնորդվում էր Մովսիսական օրենքներով, Տասնաբանյա պատվիրաններով: Հրեա ժողովուրդն էր դրանք պահանջել Աստծուց, որպեսզի իմանա՝ ի՞նչ է կարելի և ինչ՝ ոչ: Այն ժամանակ ժողովրդին նաև զգուշացվել էր, որ եթե կա օրենք, առաջնորդվում եք դրանով, այն խախտելու դեպքում՝ պետք է պատժվեք:
 

Մեր իրականության մեջ էլ այդպես է, եթե խախտվի որևէ երկրի օրենք, պետք է պատիժ կրել:
 

Հին Կտակարանում օրենք էր խախտվել, օրինախախտները պետք է պատժվեին: Եթե Աստված նրանց պատժեր օրենքի ողջ խստությամբ, պիտի կործաներ նրանց. չկար փրկություն: Այդ դեպքում Աստված կլիներ արդար, բայց ոչ ողորմած: Այդ պատճառով Տերը մարդացավ, եկավ աշխարհ: Իր վրա վերցնելով մարդկային օրինազանցության, մեղսագործության ամբողջ պատիժը՝ խաչվեց և Իր կյանքը զոհաբերեց մեր փրկության համար: Եթե օրենքը խախտվել էր, ենթադրվում էր պատիժ, այն եղավ ի դեմս Քրիստոսի զոհաբերության: Նա տվեց մեզ հնարավորություն, որ ապրենք Իր հետ աստվածային սիրո, ողորմության մեջ:
 

Նոր Կտակարանի իրականության մեջ մենք ազատվեցինք օրենքի իշխանությունից և առաջնորդվում ենք սիրո օրենքով: Աստված օրենքից առավել կարևորեց սերը: Ասաց, որ Իր և ժողովրդի, հավատացյալ մարդկանց միջև հարաբերությունները կարգավորվում են սիրով: Այն ենթադրում է ողորմություն, ներողամտություն, գթասրտություն:

 

Պատիժ նաև դիմացինի մեղքերի համար
 

-Յուրաքանչյուր արարք ունի հետևանք, որը կարող է անդրադառնալ նաև մեր շրջապատի վրա: Հնարավոր է, որ մեր սխալների պատճառով տուժեն մեր հարազատները: Այդ պատճառով քրիստոնեության մեջ ընդգծվում է, որ պիտի լինենք շատ ուշադիր մեր գործած մեղքերի, սխալների նկատմամբ, որովհետև դրանք անդրադառնալու են ոչ միայն մեր, նաև մեր շրջապատի վրա: Հետևաբար մենք պատասխանատվություն ենք վերցնում մեր կողքին գտնվող մարդկանց համար: Շատ կարևոր է, որ ավելի զգոն, ուշադիր, խելամիտ գտնվենք:

 

Ով ներում խնդրի, կստանա
 

-Աստված միշտ պատրաստ է մեզ ներել, եթե անկեղծ է մեր զղջումը, ապաշխարությունը: Անթույլատրելի է մտածել, որ կարելի է մեղք գործել, հետո ներում խնդրել, միևնույն է Աստված ներելու է: Դա ոչ մի կապ չունի քրիստոնեության հետ:
 

Երբ ասում ենք ապաշխարություն, մեղքերի թողություն, հասկանում ենք, որ մարդ անկեղծորեն հասկանում է իր մեղքերի ծանրությունը, տեսնում է իր սխալները, խոստովանում է հստակ որոշումով, որ պետք է դրանք չկրկնի կամ շտկի:
 

Ցանկացած սխալ արարքի դեպքում մարդ պետք է ոչ միայն ներողություն խնդրի, նաև պատասխանատվություն վերցնի իր գործած սխալի ու դրա հետևանքների համար:

 

Ապաշխարությունը և պատիժը երկնային կյանքում
 

-Մենք ապաշխարում ենք այս կյանքում: Երկնային կյանքում ապաշխարության խորհուրդն իր ուժը, այսպես ասած, կորցնում է, դրա իմաստն արդեն չկա: Երկնային Արքայության մեջ մենք արդեն սպասում ենք Քրիստոսի Երկրորդ գալստյանը՝ հույսով, որ Աստված մեզ կնայի Իր սիրով և ողորմությամբ:

 

Պատրաստեց

 Անի ԱՎԱԳՅԱՆԸ

Աղբյուրը՝ Շողակն Արարատյան

Արարատյան Հայրապետական թեմի պաշտոնաթերթ

  • 2023-12-11
×