Այսօր կատարվող ժամերգություններին հնչում են շարականներ՝ նվիրված Սուրբ Աբգար թագավորին. արքայի հիշատակության օրն այս տարի դեկտեմբերի 5-ին է: Նա առաջին արքան էր, որ հավատաց Քրիստոսին, մկրտվեց ու դարձավ քրիստոնյա:
Տիրոջն ուղղված նամակն ու Աստծո որդու պատկերը
Եկեղեցական ավանդույթը պատմում է, որ առաջին դարում, երբ Քրիստոսի մասին լուրերը հասել էին Եդեսիա (Ուրֆա), դրանց հավատացել է Աբգար արքան ու նամակ գրել Աստծո Որդուն: Գրության մեջ նշել է, որ հավատում է Նրան ու աղաչում գալ` բժշկելու իր ցավը, բորոտությունը:
Աբգարը, նամակը տեղ հասցնելու համար, ուղարկել է իր նախարարին՝ Անանիային:
Անանիան հասել է Երուսաղեմ Ծաղկազարդի օրը, երբ Հիսուս իջել է Ձիթենյաց լեռի զառիվայրերով Գեթսեմանի, այնտեղից ելել ավանակով Երուսաղեմ քաղաքն ու մտել Սողոմոնի տաճարը:
«Ավետարանում կարդում ենք, որ Քրիստոսին ուզում էին մոտենալ հեթանոսներ: Շատ մեկնիչներ ասում են, որ այդ հեթանոսները Աբգար թագավորի սուրհանդակներն էին, որ բերել էին նամակը»,- նշում է Տեր Շմավոնը:
Հիսուսը մերժել է հրավերը, քանի որ դեռ առաքելություն ուներ և պատասխանել, որ կուղարկի իր աշակերտին՝ կյանք տալու արքային ու բոլոր նրանց, ովքեր նրա մոտ են:
Ըստ քահանայի՝ Աբգար թագավորի շնորհիվ քրիստոնյաներն ունեցան բացառիկ սրբազան մասունք՝ Քրիստոսի կենդանագիր պատկերը.
«Ըստ ավանդության՝ Անանիան, կարողացավ պատկերել Քրիստոսին: Հիսուս, երբ տեսավ նկարը, օրհնեց այն, որն էլ բերեցին Աբգար թագավորին: Ասել է թե՝ Աբգարը տեսավ Քրիստոսին»: Այն Քրիստոսի միակ պատկերն է, որ նկարվել է Իր երկրային կյանքի ընթացքում։
Քրիստոսի համբարձումից ու Հոգեգալուստից հետո Սուրբ Թադեոս առաքյալը գնացել ու բժշկել է արքային:
Հետագայում Ս. Աբգարը խթանել է իր տարածքում եկեղեցի-ժողովատեղերի ստեղծմանը, դրանց անարգել գործունեությանը, փորձել օգնել քրիստոնեության տարածմանը:
Դեպքերն առանցքային գործոն՝ հայոց դարձի համար
Ս. Աբգարի հիշատակության օրը կարևոր է հայ քրիստոնյաների համար: Ըստ Տեր Շմավոնի՝ Եդեսիայում տեղի ունեցած դեպքերն առանցքային դեր ունեցան Հայաստանում քրիստոնեության ընդունման համար: Աբգար թագավորի շնորհիվ հայոց աշխարհը կամաց-կամաց լուսավորվեց Քրիստոսի լույսով, նախապատրաստվեց համազգային դարձը:
Անի Ավագյան