Ապրել՝ քրիստոնեական արժեքներով. համբերություն

Ապրել՝ քրիստոնեական արժեքներով. համբերություն

«Ձեր համբերությամբ պիտի շահեք ձեր հոգիները»: (Ղուկաս 21:19)
 

Մենք քրիստոնեությունն ընդունած առաջին ժողովուրդն ենք, բայց հեռացել ենք քրիստոնեական արժեքներից, կարծում է Տեր Հրաչյա քահանա Գյոզալյանը: Ներքին Չարբախի Սուրբ Խաչ եկեղեցու հոգևոր հովիվը հավելում է՝ երբ մենք հեռանում ենք Աստծուց, մեր հավատքից, ունենում ենք կորուստներ: Մինչդեռ մեզնից՝ առաջին քրիստոնյաներից, որ նման կոչում ունենք, առավել շատ բան է պահանջվում. «Ում շատ տրվեց, շատ էլ կպահանջվի»: (Ղուկ. 12:48)
 

Համբերություն՝ նեղությունների մեջ, վշտերի մեջ, չարչարանքների մեջ…
 

Պատմությունը վկայում է, որ մեր ազգն անցել է դժվար փորձությունների միջով, տեսել պատերազմ, հաղթանակներ, պարտություն: Հաղթահարել է դժվարությունները: 
 

Այսօր ունենք համախմբվածության կարիք, մինչդեռ համբերատար չենք մեկս մյուսի նկատմամբ, չունենք համբերություն առօրյայում՝ մեր գործն անելիս: Դա էլ խանգարում է, որ սառը դատենք, կարողանանք ճիշտ որոշումներ կայացնել, նկատում է Տեր Հրաչյան.
 

«Քրիստոնյան՝ Քրիստոսին իր մեջ կրողը, պետք է պատվով կրի իր անունը, ապրի քրիստոնեական արժեքներով՝ սիրով լցված լինի, հավատա, համբերատար, զիջող լինի դիմացինի նկատմամբ»:
 

Հոգևորականը կարծում է` եթե համբերատար լինենք մեկս մյուսի նկատմամբ, հավատանք ու մեր հավատքը դրսևորվի մեր գործերում, կունենանք նաև համբերություն ու ետ կկանգնենք բացասական գործողություններից։ Համբերության բացակայության դեպքում մարդը հաճախ չի կարողանում կառավարել էմոցիաները, կորցնում է սթափ դատելու կարողությունը: 
 

Աստծո Որդին համբերատար, խոնարհությամբ կատարեց իր առաքելությունը: 
 

«Քրիստոս համբերատար տարավ բոլոր հալածանքները, չարչարվեց, Գողգոթայի ճանապարհն անցավ մարդկության համար: Ավետարանում կա հստակ պատգամ՝ ով համբերի, նա կապրի»,-ասում է Տեր Հրաչյան :
 

Սուրբ Գրքում նշվում է.
 

«Դուք ձեզ ներկայացրեք որպես Աստծու պաշտոնյաներ՝ ցուցաբերելով մեծ համբերություն նեղությունների մեջ, վշտերի մեջ, չարչարանքների մեջ»: (Բ ԿՈՐՆԹԱՑԻՆԵՐԻՆ 6:4)
 

Անի Ավագյան

 
  • 2023-12-01
×