Շնորհակալ լինելը ճանապարհ է դեպի երջանկություն

Շնորհակալ լինելը ճանապարհ է դեպի երջանկություն

2022 թվականի աշնանային մի գեղեցիկ օր հնչում է տան զանգը, մայրս, որ ոչ մեկի չէր սպասում, իջնում և բացում է դուռը, անակնկալի գալով ու ուրախանալով՝ տեսնում է հարազատ դարձած Լուսինեին՝ իր ընտանիքով, եկել էին Արցախից։ Մեզ համար շատ անսպասելի էր, որ անցել է երկու տարի, բայց նրանք չեն մոռացել և իրենց շնորհակալությունն արտահայտում են ոչ միայն բառերով, այլև արարքներով ու ուշադրությամբ։ Նրանք գործերով Երևան էին գնում և հատուկ պատրաստված եկել էին՝ ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնելու մեզ։ Նրանք իրենց հետ բերել էին նվերներ բոլորիս համար։ Չէին մոռացել նաև իրենց այգու բերք ու բարիքները՝ նուռ, տանձ, սերկևիլ, խնձոր ինչպես նաև իրենց քաշած՝ կարալյոկի օղին։ Նրանք այն մարդիկ էին, որոնց 2020 թվականի 44-օրյա պատերազմի ժամանակ հյուրընկալել էինք։ Լուսինեն ու իր քույրը՝ Համեստը, իրենց երեխաների հետ մոտ 1 ամիս մնացին մեր տանը, արդեն այնքան էինք հարմարվել իրար, կարծես, թե մեկ ընտանիք լինեինք։  

 

Ամեն կերպ փորձում էինք այնպես անել, որ իրենք իրենց ազատ զգային, անգամ երբ նրանք մտնում էին խոհանոց, մայրիկը որևէ բան էր հորինում, որ դուրս գար։ Կատակին տալով ասում էր «Եփե՛ք, թափե՛ք, ես էլ կողքից կուտեմ, կխմեմ»։ Երեխաներից մեկի անունը Դավիթ էր, հայրիկիս անունն էլ է Դավիթ։ Իրենց մեջ ուրիշ տեսակ կապվածություն կար, որը դժվար է բառերով արտահայտել, այդ ամենը ես զգում և տեսնում էի։ Հայրիկս, որտեղ գնում էր, փոքրիկ Դավիթը իր ետևից գնում էր, չէր ուզում մեկ րոպե անգամ բաց թողնել իր տեսադաշտից։

 

Երեխաների հայրը պատերազմին էր մասնակցում, ուշ - ուշ էին կապի դուրս գալիս, ինչը հաճախ էր երեխաների տխրության պատճառը դառնում, բայց մենք ամեն ինչ անում էինք՝ նրանց մտածումները թեթևացնելու, մի քիչ ուրախացնելու համար։ Պատերազմից հետո մեր կապը չկտրվեց։ Հաճախ զանգում էին ու հնարավորության դեպքում հյուր էին գալիս, միշտ գտնում էին հնարավորություն՝ ևս մեկ անգամ իրենց երախտագիտությունը հայտնելու։

 

Շնորհակալ մարդն ունի զարմանալի ու խորհրդավոր զորություն։ Նա հասկանում ու գնահատում է իր ապրած ամեն օրն ու ժամը՝ այն համարելով պարգև, նույնիսկ դժվարությունների, նեղությունների շրջանում չի զլանում Աստծուն շնորհակալ լինել ամեն ինչի համար։

 

Ի՞նչ է նշանակում շնորհակալ լինել։ Դա ներքին մղու՞մ է, պարտավորությու՞ն, թե՞… Շարքը երկար կձգվեր, եթե չունենայինք, երախտագիտության մասին պատկերացումներ։

 

Անկեղծ շնորհակալությունն իր մեծ ազդեցությունն ունի մարդկանց վրա, որի մասին հիմա գիտեն քչերը։ Դրանք «կախարդական խոսքեր» են, որոնց կանոնավոր «դեղաքանակը» իսկապես կարող է վերափոխել մարդուն։

 

Շնորհակալության մասին շատ են խոսել դեռևս հնագույն ժամանակներից։ Հին փիլիսոփա Կիկերոնն (Ցիցերոն) այսպես է ասել «Ես չէի ցանկանա որևէ որակով օժտված լինել առավել, քան շնորհակալ լինելու ունակությամբ։ Քանի որ սա ոչ միայն մեծագույն առաքինությունն է, այլև բոլոր առաքինությունների մայրը»։

 

Հնագույն ժամանակներում երախտագիտությունը համարվում էր առաքինություններից մեկը։ Այդ առիթով Սենեկան ասել է «Երախտագիտության հոժարակամությունը դիտարկում է քեզ արված լավությանը ինքնակամ մեկ այլ լավությամբ պատասխանելով կամ գոհունակություն հայտնելով, ինչը հաճախ բարոյական բնույթ է կրում։ Առաքինությունները ոչ թե խրախուսանքի կամ ընծայի  համար են, այլ`ճիշտ կատարված արարքից օգուտ ստանալու»։ Այսինքն՝ ըստ Սենեկայի՝ երախտագիտության գիտակցումն ավելի արժեքավոր է, քան ստացած պարգևը, քանի որ երախտագիտությունը, լինելով առաքինություններից մեկը, վեհացնում է հոգին։

 

Այս թեմայով խոսել ենք Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան ՀԵՀԵՄ Կենտրոնական գրասենյակի գործավար-քարտուղար Արման սարկավագ Սարգսյանի հետ։

 

Ըստ նրա՝ շնորհակալություն բառը մեծ ազդեցություն է թողնում մարդկանց վրա, երբ մենք դիմացինի հետ սկսում ենք սերտ հաղորդակցման մեջ մտնել և կարողանում ենք փոխադարձ շփումով այն ավելի զարգացնել, և այդ ամեն ինչի հիմքը սերն ու հարգանքն են մերձավորների հանդեպ։

 

Արման սարկավագի կարծիքով՝ շնորհակալությունը բարի գործի, լավության դիմաց երախտապարտ լինելու զգացողությունն է։ Երախտագիտությունը մարդուն մղում է դեպի երջանկություն՝ միմյանց հետ սերտ կապով միավորելով։ Շնորհակալ մարդը կյանքից կքաղի հետևյալ պտուղները՝ կհարգի դիմացինի արժանիքները, գիտելիքները, մտավոր կարողությունները, կհասկանա նրա տրամադրությունը, բնավորությունը, կկարողանա ղեկավարել իր արարքները և միտումնավոր չի վնասի հասարակությանը։

 

-Շնորհակալ լինելու կարևորությունն այն է, երբ մենք երախտապարտ ենք լինում Աստծուն մեր կատարած արարքներով, առաքինի գործերով, մեր վարվելակերպով։ Աստծո տրված ամեն օր մենք պետք է շնորհակալ լինենք մեր ապրած ամեն օրվա, տարիների համար,-ասաց Արման սարկավագը։

 

Այն հարցին, թե ո՞րն է գոհ և դժգոհ մարդու տարբերությունը, նա պատասխանեց

 

-Գոհ մարդը միշտ կարողանում է շնորհակալ լինելու կարողությունն իր մեջ ամրապնդել, իսկ դժգոհ մարդը միշտ զբաղվում է քննադատությամբ նրան ոչինչ չի գոհացնում։ Բայց մենք գիտենք, որ գոհ մարդը միշտ կարողանում է առաջ շարժվել և ցանկացած նպատակի հասնել, իսկ դժգոհ մարդիկ միշտ մնում են դժգոհության մեջ։

 

Ըստ նրա՝ դժգոհ մարդու կյանքը միշտ վատն է, քանի որ դժգոհ լինելով հանդերձ նա իր էներգիան բացասական լիցքերով է կուտակում և չի կարողանում առաջ շարժվել, մնում է նույն տեղում, իսկ գոհ մարդը, Աստծուն փառաբանելով և ապավինելով, միշտ առաջ է նայում և օրհնություն գտնում ամենուր։

 

Ամեն ինչի հիմքը սերն է, որը նախևառաջ սնվում է գոհունակությունից։

 

Եթե սիրում ես, ապա գոհ ես թե՛ քո աշխատանքից, թե՛ քո ծառայությունից, թե՛ քո ունեցածից ու դրա շնորհիվ ավելիին ես արժանանում։ Գոհ ու շնորհակալ լինելը բարձրացնում են մարդուն՝ նրան դարձնելով էլ ավելի ուժեղ և երջանիկ։ Դժգոհության պարագայում մարդը չի տեսնում այն լուսավորը, որի վրա պետք է հենվել՝ առաջ գնալու համար, քանի որ դժգոհությունը միշտ իր մեջ բացասականն է կուտակում։

 

Այն  մարդիկ, որոնք իրենց կյանքը կառուցում են երախտագիտության վրա, ամենուր շնորհ ու երջանկություն են գտնում։

 

Մանե Կարապետյան

 

  • 2023-11-29
×