Ինձ ուժ է տալիս նորաստեղծ ընտանիքս. վերջին հարսանիքն Արցախում

Ինձ ուժ է տալիս նորաստեղծ ընտանիքս. վերջին հարսանիքն Արցախում

-Ինձ ուժ է տալիս նորաստեղծ ընտանիքս, ամուսինս։ Մենք շրջափակման դժվարություններն էլ միասին կարողացանք հաղթահարել, վստահ եմ`սա էլ կկարողանանք,- ասում է արցախցի Մարիամ Քարամյանը, որը սեպտեմբերի 25-ին`իր հարսանիքից ուղիղ մեկ ամիս անց, ստիպված եղավ լքել Արցախը։

 

Մարիամի ու Արսենի հարսանիքը տեղի է ունեցել շրջափակման պայմաններում, երբ Արցախում վառելիք գրեթե չկար, մարդիկ հիմնականում ոտքով էին տեղաշարժվում, իսկ հաց ձեռք բերելու համար՝ պետք էր ժամերով հերթ կանգնել։ Մարիամը պատմում է, որ միայն հարսանիքի օրը`առավոտյան է նրանց հաջողվել մեքենա գտնել`պսակադրությանը գնալու համար:

 

-Երբ արդեն  հարսանյաց սրահում էինք և պետք է ծաղկեփունջը նետեի, լույսերն անջատվեցին՝ գեներատորի վառելիքը վերջանալու պատճառով։ Չհուսահատվեցինք, մթության մեջ էլ ծաղկեփունջը նետեցի, և տարոսիկները բաժանեցինք։ Չնայած բոլոր դժվարություններին`չեմ ափսոսում, որ հարսանիքս նման պայմաններում է անցել. կարևորը մեր Արցախում էինք,- պատմում է Մարիամը։

 

Թելի պես ձգվում է Մարիամի պատմությունը, թելի մի ծայրը Արցախում է, մյուսը` Հայաստանում։ Մարիամը կրկնակի տեղահանված է, ծնվել և մեծացել է Մարտունու շրջանի Թաղավարդ գյուղում։ 44-օրյա պատերազմից հետո գյուղն անցել է Ադրբեջանի տիրապետության տակ։ Հարազատ տունը թշնամուն թողնելով՝ Մարիամը իր ընտանիքի հետ տեղափոխվել է Ստեփանակերտ, հետո` Նորագյուղ, որպեսզի ծնողները կարողանային այնտեղ գյուղատնտեսությամբ զբաղվել։

 

Սեպտեմբերի 19-ին, երբ Ադրբեջանը հերթական ագրեսիան իրականացրեց Արցախի բնակիչների նկատմամբ` ռմբակոծելով Ստեփանակերտը, քաղաքում քաոս սկսվեց։ Մարիամը մեծ ցավով է պատմում այդ օրվա իրադարձությունների և իր ապրումների մասին:

 

-Երբ հարձակումը սկսվեց, քրոջս տանն էի։ Վերցրի նրա մանկահասակ երեխային և գնացինք ապաստարան։ Այդ ընթացքում իմացանք, որ Արսենը՝ եղբայրս և քրոջս ամուսինը, շրջափակման մեջ են մնացել։ Կյանքիս ամենավատ և դժոխային օրերն էին։ 5 օր կապի դուրս չէին գալիս, արդեն հույսս կորցրել էի, բայց ի վերջո սեպտեմբերի 24-ին նրանք կարողացան տուն վերադառնալ,- պատմում է Մարիամը։

 

Հարցին, թե կա մի բան, որը Մարիամը չի հասցրել վերցնել տանից, բայց շատ կուզենար, նա պատասխանում է` մեր մկրտության խաչերն ու գրքերս, որոնք տարիներ շարունակ խնամքով պահում էի։

 

Տնից շորեր, փաստաթղթեր և նկարներ վերցնելուց հետո՝ սեպտեմբերի 25-ին ճանապարհ են ընկել դեպի Հայաստան։

 

-Բակից քար ու հող վերցրի, որ տան կարոտը դրանցից առնեմ,- հավելում է նա։

 

Մարիամն իր ամուսնու ընտանիքի հետ այժմ բնակվում է Հրազդանի Սոլակ գյուղում` վարձակալությանբ։ Մասնագիտությամբ թարգմանչուհի Մարիամը նեղսրտում է` իրեն էլ, ընտանիքի 7 անդամներին էլ չի հաջողվում այստեղ աշխատանք գտնել, չեն էլ կարող այդքան ծախս անել և ամեն օր Երևան հասնել։

 

Չնայած Արցախից Հայաստան տեղափոխվելու ընթացքում ունեցած դժվարություններին՝ Մարիամը նաև կարևորում է այդ ճանապարհին հանդիպած մարդկանց, որոնք բարեկամաբար և սիրով են իրենց դիմավորել, ճանապարհել, օգնություն տրամադրել։

 

-Գորիսից հետո մինչ Հրազդանի տունը գտնելը, որոշ ժամանակ մնացինք Մեծամորում` բարեկամներիս տանը, ջերմության ու հոգատարության պակաս չենք ունեցել,- ասում է նա։

Հարցին, թե հույս ունե՞ն՝ մի օր նորից Արցախ վերադառնալու, Մարիամը պատասխանում է

 

-Սա վերջն էր, հետդարձի ճանապարհ չկա։ Ընդմիշտ ամեն ինչ կորցրինք։ Թերևս ամեն գիշեր երազում գյուղի մեր տունն եմ տեսնում,  ու թվում է` հետ եմ գնացել։ Թաքուն եմ մտնում տուն, մոտակայքում թուրք կա, հանկարծ չտեսնի ինձ,- վերադարձի հույս Մարիամը ունի միայն երազում։

 

Անահիտ Սարգսյան

 
  • 2023-11-24
×